«Այս իշխանությունը մեզ ասում է՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ն ընդհանրապես խաղաղ կլինի։ Էս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են, Սյունիքը որ տաք, էդ կրակրոցները կդադարեն»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հավելեց․ «Իսկ գիտե՞ք՝ 2024-ը ինչ թվական է եղել, 2024-ը եղել է թվական, երբ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց վարչության նիստում նստել ու որոշել են՝ ինչն է Հայաստանը, ինչը չէ։ Եվ որոշել են, որ, օրինակ, Տավուշի գյուղերը Հայաստան չեն։ Եղբայր, ո՞վ է ասում՝ Հայաստան չեն, մեր վարչությունը։ Շուռնուխի կեսն էլ Հայաստան չէ, ո՞վ է ասում, ես եմ ասում։ Ու 2024-ը եղել է տարի, երբ դուք երկու երկրների հանձնաժողովների համաձայնագիրն առանց ԱԺ-ում հաստատելու Տավուշից զորքերը հետ եք քաշել։ Ասում ենք՝ միակողմանի զիջումներ եք անում, ասում է՝ ո՞վ է ասել, այդ փաստաթղթում ինչ գրված է, երկկողմանի է։ Էլի կոնստրուկտիվ առաջարկ ունեմ ձեզ՝ հաջորդ պայմանավորվածությունը ֆիքսեք, որ կողմերը պայմանավորվում են Իսկադեր չունենալ, ո՞վ Իսկադեր ունի, Հայաստանը։ Կողմերը պայմանավորվում են Սեւանը չօգտագործել։ Սա նույնն է, ինչ ձեր առաջ քաշած այն կետը, որ կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների ուժեր չտեղակայել սահմանին, ոչինչ, որ միայն Հայաստանը դրա կարիքն ունի»։
Քրսիտինե Վարդանյանն ասաց, որ տրամաբանական կլիներ, որ անվտանգային այս խնդիրների պայմաններում ռազմական բյուջեն էապես ավելացվեր։ Բայց, նրա խոսքով, այս կառավարության համար գլխավոր խնդիրը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ բողոքի ցույց իրականացնող քաղաքացին է։ Դրա համար ՆԳՆ բյուջեն աճել է 18 տոկոսով, իսկ պաշտպանության բյուջեն՝ ընդամնեը 7 տոկոսով, որովհետեւ բողոք իրականացնող քաղաքացին է սպառնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Ալիեւի պահանջով է Նիկոլ Փաշինյանը խոսում նոր Սահմանադրության մասին։ «Կրթվելու մասին եք խոսում, նեղանում եք, երբ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն այս ազգին չի կարող կրթել։ Եղբայրներ եւ քույրեր, կրթվելը լավ բան է, բայց այս ազգին կարող են կրթել Մաշտոցը, Կորյունը, Թումանյանը։ Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից ի՞նչ պիտի սովորենք։ Բայց մի հարցում ես ձեզ հետ համաձայն եմ՝ դուք մաստեր կլաս եք ցույց տալիս ռեբրենդինգի ոլորտում, որովհետեւ Ալիեւի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի «արեւմտյան Ադրբեջանն» է։ Հո չէիք գալու ասեիք՝ մենք «արեւմտյան Ադրբեջան» ենք այստեղ կառուցում, պիտի գայիք, դա փաթեթավորեիք եւ դրա փաթեթավորումը դուք «իրական Հայաստան» կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասին, այս պետությունը հայկական ինքության մասին միայն կարող է լինել, այդ ինքնության պաշտպանման ու զարգացման»,- հայտարարեց Վարդանյանը։