Ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ արդյոք վրանը պետք է հանվի, թե՞ չէ

  • 20:33 17.04.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակում տեղադրված վրանում շարունակում է հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել։ Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադրձավ հետագա անելիքներին։ Ինչպես հայտնի է, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին առաջարկել է եւս երկու ամսով երկարաձգել աջակցության ծրագիրը եւ յուրաքանչյուր տեղահանված արցախցու 40 հազար դրամ հատկացնել։ Բայց պայմանով, որ արցախցիները պետք է հրապարակից հանեն վրանը։

«Ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ արդյոք վրանը պետք է հանվի, թե՞ չէ, արդյոք ուզո՞ւմ են գնալ այդ տարբերակին, որ երկու ամիս էլ երկարաձգվի, եւ գնանք իրենց հետ փորձենք բնակարանային ծրագրի շուրջ քննարկումներ անել։ Բայց քանի որ մեր պահանջագրում կան 12 կետեր, որոնցից 11-ը չեն վերաբերում սոցիալական բնագավառին, իսկ այսօր քննարկումները գնում են սոցիալական ծրագրերի շուրջ, մենք պետք է շարունակենք քննարկումներն ու որոշում կայացնենք մեր հետագա անելիքների շուրջ»,- ասաց նա։

Արտակ Մկրտչյանը նաեւ նշեց, որ շուտով վրանում կսկսեն քննարկում մասնագիտական խմբեր ձեւավորելու հարցի շուրջ, որպեսզի կառավարության հետ աշխատանք իրականացնեն։ «Ինչ էլ որ լինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք, եւ իրենք պարտավոր են մեր պահանջագրի կետերի շուրջ մեզ հետ քննարկումներ անել։ Մեկ է, մենք մեր պայքարը շարունակելու ենք մյուս 11 կետերի շուրջ»,- հավելեց նա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե արցխացիները համաձայնել են 40 հազար դրամի դիմաց փոփոխություններ մտցնել իրենց պայքարում, Արտակ Մկրտչյանն ասաց, որ դեռ կոնկրետ հայտարարություն չեն տարածել՝ համաձայն են կառավարության առաջարկին, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ այս քննարուկումների նպատակն այն է, որպեսզի հասականալի լինի՝ ժողովուրդն ինչ է ցանկանում։ «Վրան հանել, հետքայլ անել, հանրահավաք չանել, քննարկումներ եղել են, այդ քննարկումները շարունակվում են, բայց մենք ասել ենք, որ մի քանի օր դեռ շփումներ են լինելու ժողովրդի հետ՝ հասկանալու իրենց կարծիքներն ու առաջարկները։ Հետո արդեն խորհուրդը որոշում կկայացնի, թե ինչ է անելու»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախի հարցը փակված է, եւ Մինսկի խումբը պետք է լուծարել, Արտակ Մկրտչյանն ասաց․ «Միանշանակ մենք չենք համարում, որ Արցախի հարցը փակված է, քանի որ մեր պահանջագրի հենց առաջին կետը Արցախ վերադարձն է՝ հավաքական, արժանապատիվ, անվտանգ»։