«Կա մտահոգություն, եւ մենք առաջիկա օրերին հանդիպումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ մարզերում, լսելու ենք իրենց տեսակետը կառավարության այս պայմանի վերաբերյալ։ Մտահոգությունը հետեւյալն է եղել՝ եթե իրենք ուժ կիրառեն, բնականաբար, սա եւս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել։ Մենք ուղիղ հայտարարել ենք եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ենք ասել, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ այս փուլում մենք լինելու ենք այստեղ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ իրենց համար միանշանակ անընդունելի է կառավարության այն դիրքոշումը, որ արցախցիների պահանջագրի մյուս 11 կետերը չեն քննարկվում։ «Վերջին օրերին տեղյակ եք ԱԳՆ արձագանքի մասին, այդ առնչությամբ եւս մեր մտահոգություն ենք հայտնել, եւ այդ առնչությամբ մեր պայքարը շարունակվելու է՝ անկախ ձեւաչափից»,- ասաց նա։
Նդժեհ Իսկանդարյանը միաժամանակ ասաց՝ դեռ հստակ չէ, որ կառավարությունը շարունակելու է 40 հազարական դրամ աջակցությունը եւս երկու ամսով։ Այդ առաջարկը որպես նախապայման է հնչել փոխվարչապետի կողմից։ «Եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակելու։ Հիմա մեր մտահոգությունն այն է, որ պետք է մեր հայրենակիցների հետ խոսենք, ժողովուրդը պետք է որոշի մեր հետագա անելիքները»,- նշեց նա։
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ կառավարությունում միայն սոցիալական հարցերի շուրջ են իրենց հետ խոսում, իրենց ներկայացրած քաղաքական հարցերի շուրջ ընդհանրապես խուսափում են խոսել։ «Իրենք մեզ ասել են՝ փորձում ենք բարելավել սոցիալական ծրագրերը։ Իրենք խոսքի մեջ ընդունում են, որ բոլոր ծրագրերը տապալված են, 20-25 հազար մարդ արդեն արտագաղթել են, եւ եթե առաջիկայում ծրագրերը չբարելավվեն, զբաղվածության խնդիրները չլուծվեն, արտագաղթը շարունակվելու է»,- ասաց նա։