Եվրոպան միանում է ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

  • 08:30 18.04.2025

Ուկրաինան և Միացյալ Նահանգները հուշագիր են ստորագրել, որը «նշանակում է հազվագյուտ հողային մետաղների և այլ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ավարտելու և կնքելու մտադրություն»: Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 17-ին, Facebook-ում գրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ: Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար, ինչի համար թիմերն աշխատում են փաստաթղթի վրա»,- նշել է նախարարը:

Սվիրիդենկոն հավելել է, որ առջեւում է համաձայնագրի տեքստի վերջնականացումը, ստորագրումն ու վավերացումը Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի խորհրդարանների կողմից։

Մինչդեռ ԱՄՆ նախագահը նույն օրը ասաց, որ Ուկրաինայի հետ ընդերքի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել «շուտով, հնարավոր է արդեն հաջորդ հինգշաբթի», այսինքն՝ ապրիլի 24-ին։ «Գործարք կա»,- ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ։

Ներկա գտնվող ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը պարզաբանել է, որ Ուկրաինայի հետ ընդերքի գործարքի մանրամասները դեռ քննարկվում են, և որպես դրա ստորագրման հավանական ժամկետ նշել է ապրիլի 26-ը, հայտնում է AFP-ն։

Երեքշաբթի՝ ապրիլի 17-ին, Փարիզում հավաքվել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Տարբեր ձևաչափերով բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները:

Փարիզում ԱՄՆ պատվիրակության կազմում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Բանակցություններին Կիևը ներկայացրել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն ասել է, որ Վաշինգտոնը բոլոր կողմերին ներկայացրել է «ուժեղ և տեւական խաղաղության ուրվագծերը»՝ չհայտնելով մանրամասներ: Նա ասել է, որ Փարիզում հանդիպումից հետո Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել «նույն ուղերձը, որը ԱՄՆ թիմը փոխանցել է Փարիզում ուկրաինական պատվիրակությանը և նրա եվրոպացի դաշնակիցներին. նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմը ավարտվի»։

Անդրեյ Երմակն իր Telegram ալիքում Փարիզում կայացած հանդիպումը անվանել է «կառուցողական և դրական»։ Նրա խոսքով՝ կողմերը «կարծիքներ են փոխանակել» խաղաղության հասնելու հաջորդ քայլերի շուրջ՝ «ներառյալ ամբողջական հրադադարի իրականացումը», խաղաղապահների մասնակցությունը և Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության ճարտարապետության մշակումը»։

Ելիսեյան պալատը ևս «կառուցողական» է որակել Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները։ «Կարևորն այն է, որ այսօր Փարիզում մենք դրական գործընթաց սկսեցինք, որին մասնակցում են եվրոպացիները»,- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի խոսքերն է մեջբերում Sky News-ը։

«E3-ը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա – Խմբ.) ներգրավված են բանակցություններում, և մենք դա անում ենք եվրոպական հավակնություններով»:

Ֆրանսիացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Լոնդոնում նախատեսվում է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երեք երկրների ներկայացուցիչների նոր հանդիպում։