«Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարությունները քարոզչական թեզ է, ոչ թե իրական կյանքում իրագործվող քաղաքական քայլ»,- step1․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարեցին, որ պատրաստ են այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը զուգահեռ ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի ու Ադրբեջանի դիմումի հիման վրա հնարավո՞ր է լուծարել Մինսկի խումբը։
Ըստ Ղուկասյանի՝ Մինսկի խումբը լուծարելու համար անհրաժեշտ է բոլոր 57 անդամ պետությունների կոնսենսուսային որոշումը։ «1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայմանը եղել է այն, որ Արցախի հարցը պարտավոր են լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային արբիտրաժի միջոցով։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը այդ նախապայմանն ընդունեցին եւ դիմեցին ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ն որոշի Արցախի կարգավիճակի հարցը։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը նույնիսկ եթե դիմեն ԵԱՀԿ-ին, ես կարծում եմ` շատ փոքր է հավանականությունը, որ ԵԱՀԿ-ն կողմ կքվեարկի Մինսկի կոնֆերանսի լուծարմանը։ Ցանկացած պետություն, որը դրա հետ համաձայն չեղավ, օրինակ, Ֆրանսիան, բավական է, որպեսզի այդ հարցը լուծում չստանա»,- ասաց Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ նաեւ իրավական լուրջ խնդիր կա․ Արցախի հարցն առնչվում է մարդու իրավունքների հետ, ինքնորոշման իրավունքի հետ։ Իսկ ինքնորոշման իրավունքը մարդու գլխավոր իրավունքներից մեկին է՝ որպես կոլեկտիվ իրավունք։ Եվ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այն վերաբերում է առաջին հերթին Արցախի ժողովրդին։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի որոշումը բավարար չէ, նամանավանդ այն պայմաններում, երբ ակնհյատ է՝ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։
«Եթե նկատել եք, Եվրախորհրդարանն իր վերջին բանաձեւում հենց այդպես էլ գնահատում է Արցախում տեղի ունեցած ողբերգությունը՝ որպես էթնիկ զտում։ Այսինքն՝ նման պայմաններում Ադրբեջանը փորձում է խուսափել էթնիկ զտման համար պատասխանատվությունից՝ օգտագործելով Հայաստանի այսօրվա իշխանությունների դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի իշխանության դիրքորոշումը սա է՝ Ադրբեջանի հետ առանց նախապայմանների կնքել խաղաղության պայմանագիր։ Ավանդաբար 30 տարի Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել Արցախի կարգավիճակի հարցի լուծման դեպքում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նոու-հաուն այն է, որ ինքը պատրաստ է Հայաստանի անունից կնքել առանց նախապայմանների այդ խաղաղության պայմանագիրը։ Եվ այս գործողություններով ու քայլերով Ադրբեջանն ընդամենը ենթադրում է, որ դա կընդգծի, որ Հայաստանը եւս համարում է, որ Իլհամ Ալիեւին պետք չէ ենթարկել պատասխանատվության Ադրբեջանի գործողությունների համար՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար։ Շատ անլուրջ կլիներ ենթադրել, որ դա իրականություն կդառնա։ Անկախ նրանից՝ Հայաստանը կիմանա Ադրբեջանի այդ դիմումին, չի միանա, բնական է, որ այդ հարցն Արդբեջանի համար այդպես հեշտ չի կարող լուծվել»,- ասաց նա։
Անդրիաս Ղուկասյանը նաեւ նշեց, որ Փաշինյանի ու իր կառավարության պահվածքը խայտառակություն է։ Միջազգային հանրության տեսակետից Հայաստանը սեփական ժողովրդի շահերը դավաճանող դրսեւորում է ցուցաբերում, արցախցիների հարցով մարդու իրավունքներն է ոտնահարում։ «Այդ ամենը դրական չէ, եւ ես չեմ լսել, որ համանախագահող պետություններից, օրինակ, Ֆրանսիան կամ ԱՄՆ-ն արձագանքեն Մինսկի խումը լուծարելու հայտարարություններին, ասեն՝ ինչ լավ է, եկեք համարենք, որ Արցախում իրականացված էթնիկ զտումն Արցախի կարգավիճակի լուծման ձեւ էր, եւ հարցը համարենք փակված։ Դա անհավանական բան է։ Նման քայերով, բացի խայտառակ լինելուց, ուրիշ բանի չեն կարող հասնել Հայաստանի իշխանությունները»,- հավելեց նա։
Ռոզա Հովհաննիսյան