44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին հաջորդող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դա նշանակում է, որ աշնանային նստաշրջանում կամ սեպտեմբերի 30-ին կամ դրան հաջորդող օրը լիագումար նիստում կներառվի հարցը։ Ես կարծում եմ, որ օրը շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի։ Ճիշտ սեպտեմբերի 27-ից հետո ներկայացնելն է՝ դա եւ սիմվոլիկ օր է, եւ ճիշտ օր է, եւ ընդհանրապես կրքերը շատ հանգստացած կլինեն»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչ բացահայտումներ են արվել, նա ասաց․ «Դուք սենսացիաներ ման մի եկեք, դուք ման եկեք հետեւանքների վերացման խնդիրների բացահատումը»։ Ըստ նրա՝ այս փաստաթղթի վերաբերյալ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, եւ այդ աշխատանքը չպետք է անհետեւանք մնա։