Շահրամանյան․ Արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի

  • 17:37 18.04.2025

Արցախցիներն իրենց համարում են Հայաստանի քաղաքացի, քանի որ իրենք ունեն համապատասխան անձնագրեր եւ ոչնչով չեն տարբերվում ՀՀ քաղաքացիներից։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ես ինձ վրա օրինակը կբերեմ՝ ես հանդիսանում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության թոշակառու, ես ունեմ ՀՀ քաղաքացուն տրամադրվող ԻԴ քարտ, ունեցել եմ դիվանագիտական անձնագիր։ Հիմա ասեք՝ ես ո՞նց կարող եմ լինել ոչ Հայաստանի քաղաքացի»,- նշեց նա։

Նա ասաց, որ բռնի տեղահանումից հետո մինչ օրս ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ որեւիցե առնչություն չունեն Արցախի իշախանությունները։ «Բայց ես գտնում եմ, որ մեզ հետ պետք է հաշվի նստել։ Բոլոր սոցիալական խնդիրներն ունեն իրենց լուծումները, եւ մենք պատրաստ ենք լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը։ Այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա անթույլատրելի է»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Նա նաեւ անդրադարձավ իր ունեցվածքի մասին տեղեկություններին։ «Ուզում եմ, որ ժողովուրդը ճշմարտությունն իմանա, տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բզինեսներ, տաքսի սերվիսներ, գազի զապրավկաներ է ձեռք բերել։ Այս ամենը ճշմարտությանը չի համապատասխանում, ես Երեւանում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քառակուսի մետրանոց երկու սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ»,- հավելեց Սամվել Շահրամանյանը։