Ինչու ՀՀ Կառավարությունը դոնոր կոնֆերանս չի հրավիրում և չի քննում Արցախում “թալանի” գործերը

  • 09:50 19.04.2025

Թալանածը հետ բերելու պահանջների թիվ մեկ հասցեատերը Հայաստանի իշխանություններն են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խմբի բողոքի ակցիային ընդդեմ Արցախի նախագահ Սմվել Շահրամանյանի՝ պահանջելով «Արցախից թալանված գումարները՝ Ներդրումային հիմնադրամի գումարները վերադարձնել և իրենց սոցիալական հարցերը լուծել»։

Բեգլարյանը նշեց, որ դատախազության դիմաց իրենց ակցիայի ժամանակ պահանջել են, որ դատախազությունը պատշաճ քայլեր կատարի բոլոր հաղորդումները, այդ թվում Սամվել Շահրամանյանի հաղորդումը, նմանատիպ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ. «Թող պատշաճ կերպով քննեն եւ եթե նմանատիպ դեպքեր եղել են, գումարները վերադարձնեն: Բայց ես տպավորություն ունեմ, որ ՀՀ իշխանություններին լավ էլ ձեռ է տալիս այս օրակարգը, իրենք անընդհատ արցախցիներին ու Արցախի իշխանություններին են մեղադրում կոռուպցիայի մեջ, ասում են՝ գնացեք ձերոնցից գումարները ուզեք:

Սա իրենց վրայից պատասխանատվությունը գցելու ձեւերից մեկն է, այն դեպքում, որ իրենք բոլոր տվյալների շտեմարանները ունեն: 1,5 տարի է մի քանի քրեական գործ են հարուցել, որոնց շրջանակներում Արցախի տարբեր պաշտոնյաների հարցաքննել են, նույնիսկ նախագահին են հարցաքննել, բայց առյսօր որեւէ դեպք բացահայտված չէ: Վստահաբար ասում եմ, որ քարոզչական դաշտում այնպիսի թվեր են հնչում, որոնք աստղաբաշխական են եւ Արցախում հնարավոր չէր, որ նմանատիպ ստվերային տնտեսություն լիներ:

Բոլոր դեպքերում, եւ Արցախում, եւ Հայաստանում, բոլոր գումարները պետք է վերադարձվեն ժողովրդին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունները պարտավորություն չունեն սոցիալական խնդիրներ լուծելու: Մենք մեր պահանջագրում նշել ենք, որ չենք ուզում մեր սոցիալական խնդիրները լուծվեն Հայաստանի ժողովրդի հաշվին, այլ պահանջում ենք միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպել: Սփյուռքյան մի քանի խոշոր կառույցների կողմից նման առաջարկներ եղել են իշխանություններին, իրենք մերժել են»,- հայտարարեց Բեգլարյանը: