Արցախցիները վճարում են ինքնորոշմանը միամտաբար հավատալու գինը

  • 19:27 21.04.2025

Հայկական PR-տեղեկատվական տարածքում նոր նարատիվ է տարածվում. «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, Հայաստանը կլիներ Էստոնիայի պես երկիր», «Արցախի և ողջ հայ ժողովուրդը 1988-ին այնքան միամիտ էին, որ հավատացին ժողովրդավարությանը, ինքնորոշման իրավունքին, խորհրդային ինտերնացիոնալիզմին և արդարությանը, և այժմ Արցախի ժողովուրդը վճարում է իր հավատքի համար»։

Սա ասում են ոչ միայն իշխանության մոտ կանգնած լրատվամիջոցները, այլև օտարերկրացիները, ովքեր ընդունում են, որ 1988 թվականին համաշխարհային հանրությունը ողջունեց ղարաբաղյան շարժումը որպես ժողովրդավարական՝ դրանով իսկ ոգևորելով հայերին։ Ստեղծվեց նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կարգավորման սկզբունքներում ներառեց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Բայց հետո, երբ Խորհրդային Միությունը հաջողությամբ փլուզվեց, աշխարհը որոշեց, որ ղարաբաղյան շարժման հաղթանակը կարող է ոչնչացնել ողջ համաշխարհային համակարգը։ Այսպիսով, աշխարհում ոչ ոք չի ճանաչել ոչ 1989 թվականին Արցախի և Հայաստանի վերամիավորումը, ոչ էլ 1991 թվականին Արցախի անկախության հռչակումը։

Հիմա Հայաստանում ասում են՝ ինչ եղել, եղել է։ Այո, Օպերայի մոտ միլիոնանոց հանրահավաքներ եղան, եւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, այդ թվում՝ «Ղարաբաղ» կոմիտեն, լիովին աջակցում էր Արցախի ժողովրդին։ Նույնիսկ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրի ժամանած Գորբաչովին հարց տվեցին Ղարաբաղի մասին։ Այո, հայերի համար, ազգային արժանապատվության զարթոնքի համար դա այնքան կարևոր խնդիր էր, որ շատ հայեր ինքնակամ գնացին կռվելու Ղարաբաղ։

Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարությանը մեղադրում են “ռուսներին հաճոյանակու համար” / ?/ ղարաբաղյան շարժում սկսելու, թալանելու և բանակը չուժեղացնելու մեջ։ Նախորդ իշխանություններն էլ արձագանքում են, թե այնքան են հզորացրել բանակը, որ 7 տարի իշխանության ղեկին գտնվողները մինչև հիմա չեն կարողանում ոչնչացնել։

Այսպես թե այնպես, պատմությունը հետ չես կարող շրջել, և ակնհայտ է, որ ղարաբաղյան շարժման «սխալության» մասին կործանարար նարատիվը ներմուծվում է ոչ թե հետահայաց էքսկուրսի, այլ հաջորդ «հաքը» նախապատրաստելու համար։

Արցախի ժողովուրդը պետք է մնար Ղարաբաղում և ապրեր Ադրբեջանի կազմում, ասում են Հայաստանի պետական ​​պաշտոնյաները։ Լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով, եթե Բաքուն չխոսեր վերջնագրերի լեզվով, արցախցիները կգնային Սոֆիա և կհամաձայնվեին «վերադառնալ» Ադրբեջանի կազմ, և դա լավագույյն լուծումը կլիներ։ Նա գտնում է, որ եթե հնարավորություն կար այնտեղ մնալ նույնիսկ առանց կարգավիճակի, ապա արցախցիները դա պետք է անեին։

Այժմ գալիս է այս «բալետի» երրորդ գործողությունը։ Հենց «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, երկու կողմերն էլ հետ կկանչեն իրենց հայցերը միջազգային դատարաններից, կլուծարեն Մինսկի խումբը՝ որպես հայերի ինքնորոշման միամիտ համոզմունքին միջազգային աջակցության խորհրդանիշ, կկազմակերպեն միասնական տրիբունալ բոլոր նրանց համար, ովքեր սկսել և աջակցել են Շարժումը, և թույլ կտան իրենց տները վերադառնալ այն արցախցիներին, ովքեր պատրաստ են “ապաշխարել”․ որ հավատացել են դեմոկրատիային, Սահմանադրությանը, ինքնորոշման սուրբ իրավունքին և պայքարել են իրենց հայրենիքը ազատագրելու համար։