Լարված գիշերներ Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերում: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է նախօրեին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակի ու դրա հետևանքով գյուղի տանիքներից մեկում տեղադրված արևային ջրատաքացուցիչի վնասման մասին՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցում արձակված պարկուճն է երևում:
«Կարող ա դրանից մի տասը մետր ներքև խփեին, լուսամուտով մտներ տուն, մեկին վնաս տար», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խոզնավարի բնակիչը՝ հավելելով. – «Թիրախային չի, պռոստը անկանոն կրակոցներ ա: Բայց էսօր, էս գիշեր ժամը 12-ն շատ ա էղել, մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոցը էղել ա էս գիշեր»:
Խնածախցիները նկատել են՝ ադրբեջանական ուժերը կրակում են նաև այն ժամանակ, երբ գիշերը գյուղում շարժ է լինում, օրինակ՝ երբ լույս է վառվում: Հիմա ստիպված երեկոյան 10-ից հետո տնից դուրս չեն գալիս: Բնակիչներն ահազանգում են՝ եթե այս ամենը շարունակվի, գյուղը կդատարկվի: Շարունակվող կրակոցներից տուժում է նաև բնակիչների ապրուստի հիմնական միջոցը՝ գյուղատնտեսությունը. փոքր ծավալով են աշխատում:
«Բոլորն էլ վախենում են, մարդ կա արդեն ուզում ա դուրս գա … », հայտնում է Ազատությունը։
Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: