Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

  • 19:58 21.04.2025

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը կրկին լավագույնն է ԵԱ-ում:

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային տղամարդ ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկեց 200 կգ ու 210 կգ: Այս վարժությունում նա առաջին տեղում է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 240 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի 450 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը ու Լիանա Գյուրջյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ: Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են: