Գորիսում սոցիալական բնակարանները կտրամադրվեն ապրիլի 26-ին, այդ թվում արցախցիներին

  • 20:16 21.04.2025

Վերջերս արցախահայության մեջ ավելի շատ են քննարկվում սոցիալական խնդիրները, առանձնապես ցավոտ է բնակարանային ապահովման հարցը։ Արցախցիների զգալի մասը գտնում է, որ ՀՀ Կառավարության բնակապահովման ծրագիրը ձախողված է և բազմաթիվ ընտանքիների համար հասանելի չէ։

Սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային քննարկումների ժամանակ արցախցիները բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին և հարցի լուծումը տեսնում սոցիալական բնակարաններով ապահովվելու մեջ` օրինակ բերելով Գորիս քաղաքում կառուցված սոցիալական բնակարանները։

Գորիսում արդեն ավարտվել են 18 բնակարանանոց բնակելի շենքի վերակառուցման աշխատանքները։ 18 ընտանիք շուտով կունենա հարմարավետ և ժամանակակից բնակարաններ։

Գորիս համայնքում կատարվում է և՛ բնակֆոնդի բարելավում, և՛ սոցիալապես խոցելի ընտանիքների կենսապայմանների բարելավում։

Ապրիլի 26-ին բնակարանների բանալիները կհանձնվեն շահառուներին, որոնց թվում կան նաև Արցախից բռնատեղահանված ընտանիքներ։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ սոցիալական բնակարանները կառուցվել են համայնքային միջոցներով և ACTED կազմակերպության աջակցությամբ։ Բնակարանները կահավորվել են UNDP in Armenia միջազգային կազմակերպության շնորհիվ։

Շահառուների թվում են Արցախից բռնատեղահանված 3-4 ընտանիք։ Օրերս նրանց հետ հանդիպել են տարբեր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք արցախցի ընտանիքներին առաջարկել են կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ։

Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը Գորիս քաղաքում կլինի շարունակական։ Արցախցիները կարծում են, որ Գորիսում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագիրը կարող է օրինակ հանդիսանալ և իրագործվել նաև ՀՀ տարբեր մարզերում, որտեղ առկա են խորհրդային տարիներից ժառանգություն մնացած բազմաթիվ չօգտագործվող շենքեր ու շինություններ։

Սոցիալական նման բնակարաններն առավել անհրաժեշտ են 1-3 հոգանոց բռնատեղահանված արցախցի ընտանիքների համար, որոնք չեն կարող տրամադրվող հավաստագրերով տուն ձեռք բերել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ