Թուֆենկյան հիմնադրամի առաջարկը․ տներ Տաթևում սերտիֆիկատների շրջանակներում

  • 21:43 21.04.2025

Lianna Petrosyan-ը գրում է․ 

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել հանդիպում Թուֆենկյան հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Հիմնադրամի տնօրենի օգնական և ծրագրերի ղեկավար Մեդինա Հովհաննիսյանի, Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հակոբ Իփճեանի և «Եկ Սվարանց» ծրագրի կոորդինատոր Մարինե Հակոբյանի հետ։

Հանդիպմանը ներկայացվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացվող «Եկ Սվարանց» ծրագրի մանրամասները, ծրագրին դիմելու կարգը, առավելություններն ու հնարավորությունները։

Սվարանցը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև համայնքում, որտեղ դպրոցին հարակից տարածքում Հիմնադրամը կառուցում է ժամանակակից չափանիշներին համապատասխան 20 նոր առանձնատուն։

Յուրաքանչյուր տուն կունենա 1000 քմ ցանկապատված հողամաս, որը հարմար կլինի բանջարանոցներ մշակելու, պտղատու ծառեր տնկելու, ինչպես նաև թռչուններ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ և այլ ընտանի կենդանիներ պահելու համար։

Բնակելի տան հետ մեկտեղ յուրաքանչյուր ընտանիք հիմնադրամի կողմից անվճար կստանա գյուղատնտեսական մեկնարկային աջակցություն, տնային կահավորման համար՝ կահույք, արևային ջրատաքացուցիչներ, փայտայրիչ վառարաններ և վառելափայտ, ինչպես նաև հնարավորություն գյուղատնտեսական, ձեռնարկատիրական հմտություններ սովորելու համար և ստանալու փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով աջակցություն:

Տները պատրաստ կլինեն շահագործման 2025թ. հոկտեմբերին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Բնակապահովման աջակցության ծրագրի հավաստագրերի՝ սերտիֆիկատների շրջանակում, ընդ որում՝ նորակառույց տան ձեռքբերման համար շահառու ընտանիքը լրացուցիչ գումար ներդնելու և բանկային քաշքշուկի խնդիր չի ունենա. Տան արժեքի և սերտիֆիկատի տարբերությունը կհատուցի Թուֆենկյան հիմնադրամը։

Ծրագրի բոլոր մանրամասներին տեղեկանալու համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով արցախցիների աջակցության տեղեկատվական կենտրոնի 011-44-44-43 թեժ գծին կամ Թուֆենկյան հիմնադրամի 095-333-392 հեռախոսահամարին։