Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Կիևի հետ։ Զելենսկին միաժամանակ ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակով երկարացնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների մորատորիումը, հայտնում է Reuters-ը։
Երեկ ուշ երեկոյան Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում չպատասխանեց Պուտինի նախաձեռնությանը, բայց միևնույն ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է քննարկել քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու հարցը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հասկացրեց, որ եթե բանակցային գործընթացում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից։
Նախօրեին Պուտինը քարոզիչների հետ զրույցում հայտարարել էր, որ «Զատկի զինադադարն» ավարտվել է։ Սակայն Մոսկվան բաց է ցանկացած խաղաղ նախաձեռնության համար և Կիևից պատասխան է ակնկալում։ «Մենք հուսով ենք, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նույնը կզգան»,- ասել է Պուտինը քարոզիչ Զարուբինին։
Ավելի ուշ մամուլին տված հարցազրույցում Պեսկովը հաստատել է նաև Կիևի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամությունը։ «Երբ նախագահն ասաց, որ հնարավոր է քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը, այդ թվում՝ երկկողմանի, նախագահը նկատի ուներ բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։
2022 թվականից ի վեր Կիևի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցություններ չեն եղել։ Արդեն չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Լոնդոնում տեղի կունենա ամերիկյան պատվիրակության հանդիպումը ԵՄ-ի և Ուկրաինայի իր դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։