«ՄԱԿ-ի 4 բանաձեւերից ոչ մեկում արձանագրված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածք է»,- այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք նույն այդ բանաձեւերը մեկնաբանում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Արցախի անկախության ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին։ Ինչո՞ւ ենք այդպես մեկնաբանում․ մինչեւ 1990-ական թվականների այդ բանաձեւերի ընդունումը, տարբեր հակամարտություններ հայտնվել են ՄԱԿ-ի ԱԽ սեղանին, եւ այդ ընթացքում ՄԱԿ-ը փորձել է հասկանալ՝ արդյոք անկախության հռչակումը խախտե՞լ է միջազգային իրավունքը, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը։ Եվ երբ արձանագրել է, որ խախտում կա, օգտագործել է մի հզոր գործիք, որը կոչվում է կոլեկտիվ չճանաչման պահանջ։ Հիմա հարց՝ ինչո՞ւ Արցախի հարցը քննարկելիս, երբ այս գործիքը շատ հայտնի էր անվտանգության խորհրդին եւ բազմաթիվ դրվագներով կիրառություն ուներ, այդ մասին չգրվեց։ Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը չնշեց, որ Արցախի ինքնահռչակումը եղել է անվավեր, որն արգելում է որեւէ պետության՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն։ Մի պարզ պատճառով՝ աշխարհին ընկալելի ու հասկանալի էր, որ այս դեպքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ այդ հակամարտության լուծման նպատակով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լեգիտմացրեց արդեն իսկ ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն ակնկալիքով, որ հարցն ունենալու է իր խաղաղ լուծումը: