«Բացեք Ադրբեջանի պետական գերատեսչությունների պաշտոնական կայքերը, այնտեղ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը ներկայացված է որպես «հին ադրբեջանական» քաղաք։ Եվ բացեք մեր պաշտոնական կայքերը, եւ կտեսնեք, որ Արցախի մասին ամբողջ ինֆորմացիան ուղղակի ջնջվել է։ Եվ դրա փոխարեն մենք ստանում ենք «արեւմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը՝ դեռեւս խոսույթը, որին չտրվող ճիշտ գնահատականը հետո բերելու է շատ աղետալի հետեւանքների։ Իսկ եթե գնահատականները տրվեն ճիշտ ժամանակին, դրանք կարող են մեր ձեռքին դառնալ գործիք, դրանով կարող ենք ապահովել մեր անվտանգությունն ու հետագա խաղաղությունը»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
Նա նշեց, որ թյուր կարծիք կար, որ Ադրբեջանի զավթողական քաղաքականությունն Արցախի դեմ էր ուղղված։ 2022 թվականից, երբ ՀՀ իշխանություններն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, Ադրբեջանի զավթողական քաղաքականությունն ուղղվեց ՀՀ դեմ։
«Ցավով պետք է նշենք, որ 2020 թվականից հետո մեր հնարավորություններն ավելի են նվազել, այսօր արդեն Ադրբեջանի զավթողական ծրագրերը հստակ եւ աներկբա ուղղված են ՀՀ դեմ։ Ընդ որում, ոչ միայն, օրինակ, Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզերի դեմ, այլ ամբողջ Հայաաստանի դեմ, ներառյալ՝ մայրաքաղաք Երեւանը»,- ասաց նա։
Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները, ունենալով բավականին լուրջ ապացուցողական բազա, այսօր հայտարարում են, թե պատրաստ են հրաժարվել միջազգային հայցերից, բայց չեն կարողանում պահանջել, որպեսզի ազատ արձակեն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Իսկ Ադրբեջանը չունի լուրջ ապացուցողական բազա։ Սա փաստում է, որ ամբողջությամբ իրականացվում է ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականություն։
Հայաստանի իշխանությունները սեփական անճարությունն ու անկարողությունը թաքցնելու համար դա ներկայացնում են որպես «խաղաղության գործընթաց»։ «Բայց բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունն առանց արդարության չի կարող լինել։ Իսկ այս ամբողջ գործընթացն անարդարության ու զավթողական ծրագրերի մասին է։ Ադրբեջանը բավական վտանգավոր ծրագրեր ունի, որոնք ցավալիորեն մեզ մոտ ամբողջությամբ չեն գիտակցվում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի նոր պատմության դասագրքերում ամբողջ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական»։ Սրան պետական մակարդակով չհակազդելու դեպքում աղետալի հետեւանքներ կունենանք։