Ատելության քաղաքական օրակարգը․ Արցախցիների թիրախավորումը Հայաստանում

  • 15:00 22.04.2025

2023 թվականի սեպտեմբերյան էթնիկ զտումից հետո, ավելի քան հարյուր հազար մարդ ապաստան գտավ Հայաստանում։ Սակայն նոր միջավայրում նրանք բախվեցին ոչ միայն սոցիալ-տնտեսական մարտահրավերների, այլև մի գործընթացի, որը սկսեց արմատավորվել դեռևս 2020 թվականից՝ Արցախի և արցախցիների դեմ նպատակային ատելության քարոզչություն։ Հատկապես 2024 թվականի ընթացքում նկատվել է ատելության խոսքի արագ աճ՝ ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ քաղաքական, մեդիա և անգամ պետական պաշտոնյաների խոսույթներում։ Տեղահանվածները ոչ միայն զրկված են տարրական սոցիալական երաշխիքներից, այլ դարձել են քաղաքական հաշվարկների և մանիպուլյատիվ քարոզչության զոհ։

Ատելության խոսքը՝ պաշտոնական հռետորաբանություն

Թեև արցախցիների հանդեպ կենցաղային ատելության դրսևորումները նոր երևույթ չէին, դրանք հիմնականում մարգինալ կամ աննշան ազդեցություն ունեցող աղբյուրներից էին։ Սակայն վերջին երկու տարում արձանագրվել է ատելության խոսքի արմատավորման և, այսպես ասած, ինստիտուցիոնալացման գործընթաց։ Հանրային խոսքում, լրատվամիջոցների ռեպորտաժներում և սոցիալական ցանցերում հաճախ են հնչում անեծքներ, սեռական բնույթի հայհոյանքներ ու լեգիտիմացվող կարծրատիպեր։

Քարոզչության խորքային պատճառները

Նախկինում ձևավորված կարծրատիպերը՝ արցախցու որպես իշխանության կամ կոռուպցիայի սիմվոլ, օգտագործվեցին իշխանությունների կողմից էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված արցախցիներին ներքաղաքական մանիպուլյացիայի գործիք դարձնելու համար։ Քանի որ բռնի տեղահանվածները պոտենցիալ կարող էին միանալ ընդդիմադիր շարժումներին, իշխանությունների վախերը վերածվեցին քարոզչական հարձակումների։

2024-25 թվականների ընթացքում իշխանամետ և պետական ռեսուրսներով սնվող լրատվամիջոցները սկսեցին բացահայտ քարոզել, թե արցախցիները «ռուսամետ», «խանգարող» և «վարձու բողոքողներ» են։

Սոցիալական ցանցերում ատելության ալիքները և իրավապահների անգործությունը

Սկզբում կարծիք կար, թե ատելության խոսքը տարածում են կեղծ օգտահաշիվները։ Սակայն մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ իրական օգտատերերը, հաճախ ընտանիքի լուսանկարներով և «Աստված պահապան» մեկնաբանություններով, ավելի ակտիվ են։ Ոմանք նույնիսկ բացահայտ կոչ են անում, որ արցախցիները «հեռանան» Հայաստանից։

Մինչդեռ իրավապահ մարմինները շարունակաբար անտեսում են նման հրապարակային կոչերը։ Օրինակ՝ իշխող կուսակցության նախկին անդամներից մեկը բաց հարցում է անցկացնում, թե արդյոք արցախցիները պետք է արտաքսվեն։ Այդուհանդերձ՝ իրավական հետևանքներ չեն լինում։ Սա հակադրվում է այլ դեպքերին, երբ իշխանություններին քննադատող խմբերի դեպքում նույնիսկ մարգինալ ատելության խոսքը պատժվում է։

Հակասական մոտեցում ու ժողովրդավարական հետևանքներ

Այս հակասական մոտեցումը բերում է մի իրողության, որտեղ պետությունը գործնականում լեգիտիմացնում է ատելությունը արցախցիների հանդեպ, ինչն ավելի է խարխլում հանրային համերաշխությունը։ Այդ լեզվամտածողությունը՝ «մենք» ընդդեմ «նրանց», պոպուլիստական ռեժիմների դասական մեթոդներից է, որը, ցավոք, անխափան աշխատում է մեր հանրության պարագայում։

Այսօր ակնհայտ է, որ ատելության խոսքը քաղաքական օրակարգ ունի՝ արցախցու կերպարը դառնում է քավության նոխազ՝ սոցիալական դժգոհության համար։ Սա ոչ միայն հարված է Արցախի բռնի տեղահանված բնակչությանը, այլ նաև սպառնալիք՝ Հայաստանի հասարակական կայունության և ժողովրդավարության համար։

Ո՞րն է լուծումը

Իրավիճակը շտկելու հնարավոր տարբերակներից ամենագործունը թերևս այն կլիներ, որ իրավապահ մարմինները պատշաճ արձագանքեին ատելության խոսքի հիմքով հանցագործությունների մասին հաղորդումներին, այլ ոչ թե օգտագործեն օրենքը որպես պատժիչ մահակ՝ անհամաչափ պատժի միջոցներ կիրառելով ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ և աչք փակեն յուրայինների վրա: Որ գոնե անկախ մեդիան խստորեն վերահսկի իր նյութերի տոնայնությունն ու ձևակերպումները, թեև շատ հաճախ քարոզչական նյութերն ավելի մեծ տարածշում են գտնում և ավելի ազդու են, քան լրագրողական էթիկական պահպանող անաչառ հոդվածները: Եվ ի վերջո՝ որ հանրությունը դառնա ավելի ինքնագիտակից՝ իմանալով, թե ում օրակարգն է ծառայում այս ատելությունը և ուր կարող է հասցնել մեզ։

Պետք է ճանաչել, դատապարտել և դադարեցնել արցախատյացության քարոզչությունը՝ որպես խտրականության ամենավտանգավոր ձևերից մեկը, որն ուղիղ սպառնում է հարյուր հազարավոր մարդկանց ֆիզիկական և հոգեբանական անվտանգությանը։

Տաթևիկ Խաչատրյան