Կառավարության ծրագրով Արցախի անվտանգության երաշխավորը հենց Հայաստանն է․ Ստեփան Հասան-Ջալալյան

  • 15:09 22.04.2025

2022 թվականին Եվրոպական պառլամենտն ընդունել է երկու բանաձեւ, որտեղ արձանագրել է, որ Արցախի կոնֆլիկտը կարգավորված չէ, երկրորդ՝ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը։ Եվ կոչ է արվել Մինսկի խմբին՝ վերադառնալ իր միջնորդական դերին։ Այսինքն՝ միջազգային հանրության համար Արցախի հիմնախնդիրը լուծված չէ։

Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Արցախի պատմա-քաղաքական հարցերի հետազոտող Ստեփան Հասան-Ջալալյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականի հոկտեմբերին էլ ԵԽԽՎ-ն էր ընդունել է բանաձեւ, որտեղ, ի թիվս բազմաթիվ հայանպաստ ձեւակերպումների, կա նաեւ մի շատ կարեւոր շեշտադրում, այն է՝ ուժի կիրառման հետեւանքով Արցախի հայության բռնագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է համարվի որպես օրինականություն։ Նա հավելեց, որ միջազգային հանրության անդամ առանձին երկրներ նույնպես համարում են, որ կոնֆլիկտը չի կարգավորվել, եւ Արցախի հայությունը պիտի վերադառնա իր հայրենիք։

Մասնավորապես, նա հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերին եւ այս տարվա մարտին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների ընդունած բանաձեւերը՝ ԼՂ հարցով միջազգային խաղաղության կոնֆերանս կազմակերպելու մասին։

Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները աշխատանք չեն տանում այս բանաձեւերի իրականացման ուղղությամբ։ Ստեփան Հասան-Ջալալյանի խոսքով՝ ոչ շվեյցարացին, ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ որեւէ այլ պետություն մեր փոխարեն աշխատանք չի կտարելու։

«Մենք պիտի գիտակցենք, որ միջազգային իրավական ակտերը, որոնք ընդունվում են ի շահ մեզ, պետք է կապիտալիզացնենք հենց մենք։ Բայց այսօրվա Հայաստանի վարչակազմը բացեիբաց վարում է արցախատյաց քաղաքականություն։ Հիմա այս վարչակազմն ինչպե՞ս կարող է այս բանաձեւերը ծառայեցնել ի շահ Արցախի հայության վերադարձի»,- հավելեց նա։

Նա հիշեցրեց, որ Ազգային անվտանգության ռազմավարությամբ եւ ՔՊ նախընտրական ծրագրով, որը հետագայում հիմք է հանդիսացել այս կառավարության ծրագրի համար, Արցախի անվտանգության երաշխավորը հենց Հայաստանն է, հիմա մենք ումի՞ց ենք դժգոհում, ամբողջ աշխարհը հո մեզ պարտք չէ։ «Այսօրվա իշխանություններն այս փաստաթղթերից հրաժարվել են, իսկ ապագա վարչակազմերը պետք է թոթափեն նախորդ 35 տարիների բոլոր վարչակազմերի թույլ ու վախվորած քաղաքականության բեռը»,- հավելեց նա։