Հայաստանը մասնակի է օգտվում միջազգային լայն իրավական ու քաղաքական հնարավորություններից, որոնք առաջարկվում են արտաքին հարաբերություններում։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ Հայաստանը, թեեւ վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց չի վավերացրել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը նաեւ ագրեսիայի նկատմամբ։ Իսկ ՀՀ տարածքը ադրբեջանական ագրեսիայի է ենթարկվել, ներկայում էլ ադրբեջանցիները շարունակում են զավթած պահել ՀՀ տարածքները։
«Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, բայց հետաքրքրական է, որ ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ոչ թե բոլոր հանցագործությունների, այլ երեք հանցագործությունների նկատմամբ․ դրանք են՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը եւ ցեղասպանությունը։ Բայց Միջազգային քրեական դատարանն իր ստատուտով նաեւ սանկցավորում է ագրեսիան։ Հայաստանի Հանրապետությունը հենց ադրբեջանական ագերսիայի զոհ է, բայց ագրեսիայի իրավազորությունը ճանաչելու նպատակով պետք է լրացուցիչ փոփոխություններ ստորագրվեն ու վավերացվեն։ Իսկ Հայաստանի իշխանությունն այդ լրացուցիչ փաստաթղթերը չի վավերացնում, ինչը նշանակում է, որ մեր երկրի տարածքում կատարված ագրեսիվ պատերազմի հարցը չի վերապահում Միջազգային քրեական դատարանին»,- ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որչ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, իսկ 2022 թվականին կատարել են նոր հանցագործություններ։ Այս պայմաններում հարց է ծագում՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չի մեծացնում իր տարածքների եւ հայերի պաշտպանությունը, ինչո՞ւ քայլեր չի անում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը նաեւ ագրեսիայի նկատմամբ ճանաչելու նպատակով։ «Ես կարծում եմ՝ պատճառը բացառապես քաղաքական է»,- նշեց նա։
Անդրադառնալով Բաքվում հայ գերիների կեղծ «դատավարություններին»՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե Արցախը որպես կենսունակ ու ինքնավարության բարձր աստիճան ունեցող միավոր գոյություն չի ունեցել։ Փորձում են ցույց տալ, որ Արցախի վարչակազմն արհեստականորեն ներմուծվել է ՀՀ կողմից, այդ պատճառով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը պարտադրում են ասել, թե ցուցումները ստացել են Հայաստանից, թե իրենք ինքնուրույն որոշում չեն կայացրել։ Այսինքն՝ այդ այսպես կոչված «դատավարությունը» ՀՀ դեմ է։