Հնդկական Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, առնվազն 20 մարդ է զոհվել

  • 20:42 22.04.2025

BBC

Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Զոհերի և վիրավորների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ AFP լրատվական գործակալությունը, վկայակոչելով բարձրաստիճան ոստիկանին, գրում է, որ զոհվել է առնվազն 24 մարդ, մինչդեռ հնդկական հեռուստաալիքները հայտնում են, որ կա առնվազն 20 զոհ։

Պահալգամը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, հայտնի զբոսաշրջային վայր է։ Այն գտնվում է վիճելի տարածքում, որին հավակնում են և՛ Հնդկաստանը, և՛ Պակիստանը, և վերահսկվում է Հնդկաստանի կողմից: Այնտեղ բնակչությունը հիմնականում մահմեդական է։

Հարձակումը տեղի է ունեցել Բայսարանում՝ Պահալգամի գլխավոր ճանապարհից հեռու գտնվող լեռնային մարգագետնում։ Այս վայրը կոչվում է տեղական Շվեյցարիա և հաճախ նկարահանվել է բոլիվուդյան ֆիլմերում: Այնտեղ կարելի է հասնել միայն ոտքով կամ ձիով։

AFP-ն կապ է հաստատել Վահիդ անունով տեղի ուղեկցորդի հետ, ով դեպքի վայր է ժամանել՝ լսելով կրակոցները և տարհանել մի քանի վիրավորների՝ ձիու վրա:

Indian Express-ը, վկայակոչելով ոստիկանության աշխատակցի, հայտնում է, որ հարձակվողները եղել են երկու-երեքը:

Քիչ հայտնի զինված խմբավորումը՝ “Քաշմիրի դիմադրությունը”, ստանձնել է պատասխանատվությունը: Նա սոցիալական ցանցերում հայտնել է, որ ավելի քան 85,000 «օտարներ» բնակություն են հաստատել տարածաշրջանում՝ առաջացնելով «ժողովրդագրական փոփոխություններ»։ Ուստի, խումբը սպառնում է բռնություն կիրառել նրանց նկատմամբ, ովքեր «փորձել են անօրինական բնակություն հաստատել» տարածաշրջանում։