Step1.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
–Տիկին Ալեքսանյան, իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն տարածում են թեզեր, թե արցախցիները չեն կռվել, ասում են՝ մնայիք, մինչեւ վերջ կռվեիք։ Դուք պարբերաբար հանդիպել եք արցախցի ընտանիքներին, կան ընտանիքներ, որոնք մի քանի զոհ ունեն, ինչո՞ւ են այդ մարդկանց մեղադրում, թե չեն կռվել։
-2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին եւ սկսեցին Հակարիի կամուրջն անցնել, մենք փաստահավաք աշխատանք ենք իրականացրել։ Եվ այդ ժամանակվանից է սկսվել իրենց նկատմամբ այս քարոզչությունը։ Արցախիցների բռնի տեղահանության օրերին, հիշում եք, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում, նրանք անվտանգ տեղահանվում ենք։ Հետո իմացանք, որ Արցախում եւ քաղաքացիական բնակչության սպանություններ են եղել, եւ ռմբակոծություններից երեխաներ են զոհվել։ Երբ արդբեջանցիները ներխուժել էին գյուղեր, եւ Սետեփանակերտ տանող ճանապարհները փակ էին, զոհվում էին նաեւ քաղաքացիական անձինք, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե նրանք անվտանգ տեղահանվում են։
Ես այն կարծքին եմ, որ այդտեղից է սկսվել արցախցիների նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը։ Հետագայում, ովքեր կարողացել էին իրենց զոհված որդիների աճյունները տեղափոխել Երեւան եւ հուղարկավորում էին Եռաբլուրում, թույլ չէին տալիս Արցախի դրոշներով ծածկել այդ աճյունները։ Ընդ որում, զինվորականներն էին արգելում։ Դա արտառոց երեւույթ էր, մենք այդ ընտանիքներից բողոքներ էինք ստացել եւ հարցում էինք արել ՊՆ-ին, մեզ պատասխանել էին՝ վայ, մենք տեղյակ չենք։ Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է սկսվել այդ ատելության քարոզը։
Այն, որ արցախցիները կռվել են, մենք այդ մասին բազմաթիվ հրապարակումներ ունենք, առանձնացրել ենք զինծառայողների ընտանիքներին եւ այցելել ենք 100-ից ավելի զոհված զինծառայողների ընտանիքներ։ Ընդ որում, այդ պատմությունները, որոնք մենք ներկայացրել ենք, փաստում են նրանց անմնացորդ նվիրումը։ Ես այդ մարդկանց մահը գիտակցված մահ եմ համարում, իմանալով, որ անհավասար կռիվ են մղում, գնացել են գիտակցված մահվան։ Հայաստանի իշխանությունն այդ ժամանակահատվում արցախցիներին ոչնչով չօգնեց, թողեց մենակ։ Ինչո՞ւ են նրանք ասում՝ չեն կռվել, որովհետեւ ուզում են նսեմացնել արցախցիներին։ Իրենք ուզում են արցախցիների արժանապատվությունը կոտրել, արժանապատվություն, որից զուրկ է հայաստանյան իշխանությունը։ Տառապանք կրած, հայրենիք ու տուն կորցրած մարդիկ իրենց արժանապատվությունը չեն վաճառել։ Եվ այս իշխանությունները դա շատ ծանր են տանում։
Մենք նաեւ տեսանք, թե ինչ հետապնդումներ իրականացվեցին Արցախի համայնքապետերի նկատմամբ, ապօրինի ձերբակալություններ ու կալանավորումներ եղան։ Դա ի՞նչ էր, արդյոք այս ատելության խոսքի ու վերաբերմունքի հիմքերը չէին այդ ժամանակ դրվել եւ հիմա դա ընդլայնում է ստացել։ Ես չեմ էլ ուզում քննարկել արցախցիների կռվել-չկռվելու հարցը, իրենք բոլորն էլ գիտեն, որ արցախցիները կռվել են, շատ լավ տեղյակ են։
–Այս թեզերը տարածելով՝ իշխանությունները կարծես նպատակ ունեն իրենց արարքների մեղքը բարդել արցախցիների վրա՞։
-Այո, իրենք օրերս խոսում էին, թե ընդդիմությունը գնաց, արցախցիներին Արցախից հանեց։ Պատկերացնո՞ւմ եք, իրենք խեղաթյուրում են իրականությունը։ Ասում են՝ ընդդիմությունն էր կոչ անում, որպեսզի նրանք դուրս գային այնտեղից, բայց իրականում այդ մարդիկ Արցախից դուրս են եկել ցեղասպանական գործողությունների հետեւանքով։ Օրինակ՝ ադրբեջանցիները սահմանամերձ Մարտունիի շրջանի գյուղեր էին ներխուժել հենց այն ժամանակ, երբ իրենց տղամարդիկ դիրքերում կռիվ էին տալիս։ Գյուղապետերը մեզ պատմել են, թե ոնց էին գալիս, վիրավորներին ու գյուղի ժողովրդին տեղափոխում։ Իրոք դա ցեղասպանություն էր, իսկ իշխանություններն ուզում են այդ պատմությունը կոծկել եւ մեղքը բարդել արցախցիների վրա։ Մենք դա անգամ լսել ենք արտգործնախարարի մակարդակով։ Արարատ Միրզոյանն ասում էր, թե իբր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լուծարել է Արցախը, եւ դա է բռնի տեղահանության պատճառը։ Թե ի՞նչ էին անում ՀՀ իշխանություններն այդ ընթացքում, դա չի ասում։ Իրականում ՀՀ իշխանությունների քայլերի հետեւանքով է այդ ամենը տեղի ունեցել, բայց իրենք ասում էին, թե մարդիկ անվտանգ դուրս են գալիս։ Պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ հակամարդկային հայտարարություն է։
-Այս ամենի նպատակը նաեւ արցախցիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրե՞լն է։
-Երբ ես վերջին հանրահավաքում արցախցիներին տեսա, հասկացա՝ իրոք այդ արժանապատվությունն իրենց ապրեցնում է։ Նրանք կռիվներ տեսած, դժվարություններ ապրած մարդիկ են, գիտեն, թե ինչ բան է երկիրը, հայրնիքը, հողը, ի տարբերություն այս իշխանությունների։ Արցախցիները շատ պինդ են, եւ այս իշխանությանը չի հաջողվի նրանց արժանապատվությունը կոտրել, որովհետեւ նրանց նպատակները ճղճիմ չեն։ Նրանց սրտում ու մտքում իրենց հայրենիքն է, դրանք արժեքներ են, որոնք զորացնում են մարդուն։
Ռոզա Հովհաննիսյան