Հայ ժողովուրդը չի հրաժարվում իր արդար պահանջներից

  • 12:05 24.04.2025

Հայերը ցեղասպանության 110-րդ տարելիցը նշում են առանձնահատուկ իրավիճակում՝ մարդիկ պահանջ են ներկայացնում ոչ թե աշխարհին, այլ սեփական իշխանություններին՝ չժխտել ցեղասպանությունը, այն չհամարել «խոչընդոտ» հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք դեռ շարունակում են իրենց ցեղասպանական գործողությունները։

Որպես իր «խաղաղ օրակարգի» մաս՝ Հայաստանի ղեկավարությունը, չժխտելով Ցեղասպանությունը, կոչ է անում նայել ոչ թե անցյալին, այլ ապագային՝ հրաժարվելով հայկական պատմական հողերից, որտեղից վտարվել են իրենց իսկական տերերը։

Բայց հողերի գրավումն ու հայաթափումը բավարար չէ. այժմ Բաքուն, Անկարան և Մոսկվան պահանջում են փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը և դրանից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը և ցեղասպանության հետևանքների վերացման մասին կետը։

Բայց երեկ և այսօր Երևանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Սահմանադրությունը փոխելու Հայաստանի իշխանության փորձերը հանդիպելու են հայ ժողովրդի ամուր պատին։

Հայաստանի իշխանությունների ակնարկները, թե հանուն ապագա «խաղաղության» հայերը պետք է համաձայնվեն իրենց արմատները կտրել, հայ հասարակության մեջ խուլ տրտունջ է առաջացրել, որն իրեն դրսևորեց երեկ երևանյան բազմահազարանոց ջահերով երթի ժամանակ, որի մասնակիցների թիվն անհամար էր։

Երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, այնուհետև գնացել Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ են դրել և բարձրացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները։

Հրապարակում բարձրացվել են այն քաղաքների ու գյուղերի անուններով ցուցապաստառներ, որտեղից վտարվել են հայերը, այդ թվում՝ արցախցիները։

“2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը”, ասված է Սերժ Սարգսյանի ուղերձի մեջ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է․ “Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը (դրոշների վառումը), այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով”։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, նշելով, որ “Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը”:

Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված է, որ  Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։

“Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։ 

Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը”։

Այսօր Ծիծեռնակաբերդի մուտքի բացումից հետո միլիոնավոր մարդիկ շարժվեցին դեպի հուշարձան՝ երդվելու, որ թույլ չեն տա մոռացության մատնել և առևտուր անել ազգային հիշողության հետ։