Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։
«1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։
Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։
2020-2023թթ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։
Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին ՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։
Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը”։