Արցախցիների ընտանիքների մեջ արհեստական տարբերակում է դրվել․ ի՞նչ է փոխվել կարգավիճակի մեջ

  • 19:59 24.04.2025

Ապրիլի 22-ից մեկնարկել է Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը։

Վերջին ժամանակաշրջանում արցախահայության շրջանում այդ թեման դարձել էր քննարկումների բուռն առարկա։ ՀՀ կառավարության որոշումը մարդիկ համարում են անարդար և սխալ։ Սոցիալական խնդիրների մեջ խրված, տուն ու տեղ կորցրած մարդկանց համար հասկանալի չէ նման մոտեցումն արցախցիների հանդեպ։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեջ տարբերակում է դրվել, այն էլ այն դեպքում, երբ զգալի մասը բնակվում է վարձակալած բնակարաններում։

Երեկվանից սոցիալական ցանցերում արցախցիներն իրենց վրդովմունքն են հայտնում, միաժամանակ նշում, որ դիմումները չեն ընդունվում, տվյալների նույնականացնում չի կատարվում։

-Երկու թոշակառու մարդիկ ենք։ Մեր վարձակալած տան գումարը 150000 դրամ է։ Ստանում ենք մոտ 110000 դրամ կենսաթոշակ։ Ըստ ծրագրի՝ երկուսս միասին կստանանք նաև 40 հազար դրամ, որը հետագայում կնվազի։ Այսինքն բնակվարձը վճարելուց հետո, մեր ձեռքին կմնա ընդամնեը 40 հազար դրամ։ Ինչպես պետք է կոմունալ ծախսեր վճարենք, սնվենք, դեղորայք գնենք։

-Ինչո՞ւ եք անարադար որոշում կայացրել, ի՞նչ է փոխվել մեր կարգավիճակում, որ մեզ զրկում եք միակ սոցիալական աջակցությունից։ Ինչո՞ւ եք ավելի բարդացնում մեր կյանքը։

-Ճիշտ կլինի չդիմել, նվաստացուցիչ է։

-Նախարարությունը պետք է մեկ կետ ևս ավելացնի՝ բնակվարձի գումարը։

-Արցախը, մեր տունն ու տեղը տվեք մեզ, ուրիշ ոչինչ հարկավոր չէ։

-Արցախից բռնի տեղահանվածների համար իբրև լրացուցիչ, բայց իրականում ՀՀ-ում ապրելու հնարավորությունից զրկելու ծրագիր է դա։

-Մի՞թե չեք հասկանում, որ անտրամաբանական ու անմարդկային որոշում եք կայացրել։ Չե՞ք հասկանում, որ մարդկիկ շուտով դրսերում են հայտնվելու։

-ՀՀ կառավարությունը պետք է առաջնահերթություն տա արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը։

-Անտուն, սոված մարդիկ․․․ Սա դեռ սկիզբն է։ Վատթարագույնը առջևում է։ Եթե խելամիտ որոշում չկայացվի, մարդիկ կկանգնեն անդունդի եզրին։

-Տեղահանված արցախցիները բոլորն էլ կարիքավոր են։ Բոլորն էլ ապրում են ծանր պայմաններում, մի կերպ գոյատևում։ Արցախցիների մի մասը պարզապես չի դիմանում և չի կարողանում համակերպվել ամոթալի ու նվաստացուցիչ վիճակին՝ դա են վկայում մահացության բազմաթիվ դեպքերը։

-Քանի դեռ արցախցիներն ապահովված չէն բնակարաններով, բնակաջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի բոլորի համար։

Նմանատիպ բազմաթիվ մտահոգություններ ու դժգոհություններ են բարձրաձայնվում արցախցիների կողմից։ Բոլորն էլ այն կարծիքին են, որ ՀՀ Կառավարության որոշումն անարդար է, և այն պետք է անպայման վերանայվի։ Արցախցիներն այն կարծիքին են, որ աջակցության ծրագիրը պետք է գործի անխտիր բոլորի համար․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ