Այսօր ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 հայերի դիմակայունությունը, որոնք 2023թ․ բռնի տեղահանվեցին իրենց հողերից – Կանադայի ԱԳՆ

  • 20:51 24.04.2025

1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, որը նաև իր ուղերձի տեսանյութն է հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Մենք միանում ենք հայկական համայնքներին երկրում և ամբողջ աշխարհում՝ հիշելու և հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով ու կորստի ողբերգությամբ: Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ժոլին։

Նա ընդգծել է՝ քանի որ նշում են Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակը, որը նախորդել է ԵԱՀԿ հիմնադրմանը, պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները ներսում և դրսում։

Ժոլին իր գրառումը եզրափակել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» գրությամբ։