“Ես ասել եմ, որ բնապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված էր”․ Շահրամանյան

  • 12:41 25.04.2025

«Դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքի, նաեւ ձեր հանդիպումների արդյունքների, ձեր որոշումների, ձեզ առաջարկվող տարբերակների մասին։ Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք։ Ես առիթ եմ ունեցել բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտել դեռ նախագծային փուլում եւ ասել եմ, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետեւ որոշակի լուրջ խնդիրներ ու հանգամանքներ կան, որոնք հաշվի առնված չեն»,- «Ազատության» հրապարակում եեղակայված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արցախցիներին ասել է, որ եթե հրապարակում տեղադրված վրանը ապամոնտաժեն, եւս երկու ամիս 40 հազարական դրամ աջակցություն կստանան։

Սամվել Շահարամանյանն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին ասաց, որ կաջակցի նրանց։ Եթե ստիպեն հեռանալ Ազատության հրապարակից, պատրաստ է նրանք տարածք տրամադրել Արցախի ներկայացուցչության շենքում։

«Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, այո, սպասելիքները շատ մեծ են։ Առաջնայինը եւ հրատապը այսօր հումանիտար ու սոցիալական հարցերն են»,- ասաց նա։

Հայաստանի կառավարությունն արցախցիներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր եւ քննարկել խնդիրները։ «Ինձ թվում է, որ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից է կախված նաեւ արցախցիների հետագա ինտեգրումը եւ արժանապատիվ ապրելը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Շահրամանյանը։