Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել՝ մայիսի 21-ից հետո առաջադրելու է իր թեկնածությունը, թե՞ ոչ։
«Այս պահին նման որոշում չկա, առաջիկայում մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լինելու իր որոշումը, նա պատասխանեց․ «Իմ որոշումը կախված է մեր քաղաքական ուժերի եւ մեր հասարակության դիրքորոշումից։ Մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները եւ կայացնելու ենք որոշում»։
Շահրամանյանը հավելեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ նախատեսված է, որ առաջադրումները լինելու են մայիսի 21-ից հետո՝ 7-10 օրվա ընթացքում։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Արցախի իշխանությունների դեմ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիան կազմակերպիչը Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է, Շահրամանյանն ասաց․ «Ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ, եւ ինքը վստահեցրել է, որ որեւէ կապ չունի այդ ակցիայի հետ»։
Ինչ վերաբերում է Արցախում տեղի ունեցած թալանը վերադարձնելուն, որի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել, Արցախի նախագահն ասաց, որ գրություն է ուղղել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ կոչ անելով ընթացք տալ բոլոր հրապարակումներին եւ տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր են կատարվել իր՝ 2023 թվականին այս հարցով ներկայացրած հաղորդման հիման վրա: