Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի շատ կազդի ընդհանուր իրավիճակի և հակամարտությունից հետո կարգավորման վրա։ Մենք չենք հասկանում, թե ինչու է Հայաստանը դեռևս հետաքրքրված այս կառույցները պահպանելու հարցում»,- ասել է նա։
Բայրամովը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ որևէ տրամաբանություն չկա։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հատուկ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, և մեր տարածքն արդեն ազատագրվել է օկուպացիայից: Հետևաբար, Մինսկի խումբը պահպանելու մեջ տրամաբանություն չկա»,- ասել է Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարի հետ, որը Թուրքիայի նախկին արտգործնախարարն է, քննարկել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի լիակատար լուծարումը և այս հարցի շուրջ կազմակերպության ներսում կոնսենսուսի հասնելը։ Նախ պետք է դիմումներ ներկայացնեն Հայաստանը և Ադրբեջանը»։
Սինիրլիօղլուն մի քանի օր առաջ եկել է նաև Հայաստան։ Արարատ Միրզոյանը նրա հետ հանդիպումից հետո ասել է, որ Հայաստանը պատրաստ է դիմել Միսնկի խումբը լուծարելու մասին կոչով, բայց նույն պահին, երբ կստորագրվի Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը»։
Մինսկի խմբի գոյությունը Բաքվի համար իրոք անհասկանալի է։
Չէ որ Մինսկի խումբը չի լուծարվել, երբ հայկական կողմը համարում էր, որ «լուծել» է Ղարաբաղյան խնդիրը, թեկուզ իրականում դա խնդրի լուծում չէր, այլ տարածքների վերահսկողություն, ինչպես հիմա Բաքվի պարագայում։
Այն ժամանակ հայկական կողմը ոչ միայն չէր պահանջում լուծարել Մինսկի խումբը, պնդելով, որ «հակամարտությունը լուծված է», այլև ակտիվ աշխատում էր Մինսկի խմբի համանախագահների հետ, որ գտնվի «ոսկե միջինը» տարածքների վերահսկողության և հակամաևտության իրավական լուծման միջև։
Հայկական կողմը, հաղթանակ տանելով մարտի դաշտում, չհամարձակվեց հայտարարել հակամարտությունը լուծված, չճանաչեց Հայաստանի և Արցախի փաստացի վերամիավորումը, որի իրավական որոշումն ընդունել է 1989 թվականին։
Բաքուն այդպես չի վարվում․ նա համարում է, որ իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը, և եթե Մինսկի խումբը դա չի ճանաչել (իսկ Բաքվի «լուծումը» դեռ ոչ ոք պաշտոնապես չի ճանաչել), ապա պետք է ցրել Մինսկի խումբը։
Կհաջողվի՞ Բաքվին այն, ինչ չի համարձակվել անի Հայաստանը։