“Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն” հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին: Իսկ 2016 -ին նրան կից բացվեց նաև “Հոդված 3” մարդու իրավունքների ակումբը, որը հատկապես կարևոր դերակատարում ունեցավ 44-օրյա պատերազմի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում, իրականացնելով Արցախի ժողովրդին աջակցող բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:
“Պատերազմի օրերին և դրան հաջորդած ամիսներին մենք աշխատել ենք մոտավորապես 12 հազար արցախցի հայրենակիցների հետ, տրամադրելով նրանց մարդասիրական բնույթի աջակցություն: 2021 թվականից արդեն սկսեցինք կենտրոնանալ կրթական ծրագրերի վրա: Հաշվի ենք առել, որ հումանիտար աջակցության տրամադրումը կրում է ժամանակավոր բնույթ, իսկ արցախցիներին անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կօգնեն սովորել նոր, ժամանակակից աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություներ:
Սկզբնական շրջանում ծրագրերը նախատեսված էին պատերազմից տուժած բոլոր կանանց համար, մասնավորապես, մասնակցում էին Շուշիից և Հադրութից բռնագաղթած անձինք, որոնք վերադարձի հնարավորություն չունեին և պետք է մնային, աշխատանք գտնեյին ու իրենց գործունեությունը ծավալեյին Հայաստանում:
Սկզբում մեր մասնագետները օգնում էին, որպեսզի ծրագրի մասնակիցները ընտրեն ճիշտ, իրենց բնակավայրերում պահանջարկ վայելող մասնագիտություն՝ սովորելուց հետո հնարավորինս կարճ ժամանակում աշխատանք գտնելու համար: Ավելի ուշ, 2023 թվականի Արցախի օկուպացիայից և արցախահայության բռնագաղթից հետո, մեր շահառուները դարձան բոլոր արցախցիները:
Մասագիտական դասընթացները կազմակերպվում են ինչպես “Հանուն հավասար իրավունքների” կրթական կենտրոնում, այնպես էլ այլ կազմակեպությունների և մասնագետների ներգրավմամբ: Մասնավորապես, համագործակցում ենք ART-HOUSE կրթական կառույցի և այլ ընկերությունների հետ:
Դասընթացավարների վարձատրության ծախսերը ամբողջությամբ հոգում է “Հանուն հավասար իրավունքների” կրթական կենտրոնը: Առկա են տարբեր մասնագիտական դասընթացներ, որոնցից են՝ կար ու ձև, մատնահարդարում, վարսահարդարում, խոհարարություն, մարքեթինգ, դիզայն, հաշվապահական գործ և այլ:
Դասընթացների ավարտին մասնակիցների սերտիֆիկացումից հետո նրանց համար 100 հազար դրամի սահմանում գնվում են գործիքներ հետագա գործունեություն ծավալելու համար:
Մեր համար չափազանց կարևոր է նաև շահառուների հոգեվիճակը: Քանի որ նրանք ենթարկվել են էթնիկ զտումների և գտնվում են չափազանց բարդ հոգեվիճակում, նոր մասնագիտություն սովորեցնելուց առաջ անհրաժեշտ է բարելավել նրանց հոգեկան վիճակը: Այդ առումով կազմակեպվում են նաև հոգեբանական աջակցության միջոցառումներ:
Դասընթացները սկսելուց առաջ մասնակիցներն անցնում են նաև նախապատրաստական փուլ, զարգացնելով փափուկ հմտությունները՝ ֆինանսական գրագիտություն, հաշվաապահական գիտելիքներ, SMM մարքեթինգ և այլն։
Դասընթացին հիմնականում մասնակցում են Երևանում և հարակից համայնքներում բնակվող արցախիցի տարբեր տարիքի կանայք: Անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև Հայաստանի այլ տեղերում բնակվող անձանց, փոխհատուցելով նրանց ճանապարհածախսը:
Այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով, դասընթացները ավարտած մասնակիցների 90 տոկոսը աշխատում են համապատասխան ոլորտներում: Նույնիսկ արդեն ունենք սեփական բիզնեսը հիմնած և գործունեություն ծավալող շահառուներ:
Ծրագրերն իրականացվում են Շվեդիայի դեսպանատան և “Հայաստան” համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Ունեինք նաև USAID-ի կողմից ֆինանսավորվող լայնածավալ ծրագիր, որը, ցավոք, չի իրականացվի, քանի որ կազմակեպությունը դադարեցրել է գործունեությունը”։
Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց “Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։
Արսեն Աղաջանյան