Ինձ նման հարյուրավոր կանայք կանգնած են մեծ դժվարության առաջ․ ինչպե՞ս ոտքի կանգնեցնել մեր երեխաներին

  • 15:57 26.04.2025

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում էր ապրում Հերմինեն։ Փոքրիկ ընտանիքով, հարազատ հողում նա իրեն շատ երջանիկ էր զգում։ Ամուսինը՝ Գեղամը, զբաղվում էր հողագործությամբ։ Զուգահեռ՝ վարում էր համայնքի շտապ օգնության մեքենան։ Երիտասարդ ընտանիքը միայն հայրենի Բերդաշենում էր տեսնում իր արժանապատիվ կյանքը։ Հենց այդ՝ հերոսների արյամբ շաղախված հողում պետք է մեծանային նրանց երեխաները և իրենց ապուպապերի արժանի հետնորդները դառնային։ Սակայն 2023-ի սեպտեմբերը փոխեց ինչպես Թովմասյանների, այնպես էլ ողջ արցախահայության ճակատագիրը։

Հերմինեն առանց հուզվելու չի կարողանում խոսել ամուսնու մասին, ով իր թիկունքն ու հենարանն էր 

-Սեպտեմբերի 19-ին Գեղամը մարտական դիրքերում էր։ Ինչպես արցախցիներից շատերը՝ նա ևս անդամագրվել էր աշխարհազորում։ Իր պարտքն էր համարում պաշտպանել գյուղի սահմանները։ Երբ հիշում եմ այդ օրը, միանգամից սարսռում եմ։ Թշնամու հրետանին չէր լռում, ու մենք հասկանում էինք, որ այս պատերազմը տարբերվում է մնացածից։ Տևեց ընդամենը մեկ օր, սակայն, ցավոք, աղետալի հետևանքներ ունեցավ։ Արցախցիներս, որ հաղթահարել էինք 9-ամսյա շրջափակումը, դիմացանք նաև մեկ օրվա արհավիրքին, սակայն չգիտեինք, որ սարսափելին դեռ առջևում է։

Պատերազմից հետո արցախահայությունը հասկացել էր, որ Արցախում ապրելն արդեն վտանգավոր է․ ցեղասպանության սարսափը կախված էր յուրաքանչյուրի գլխավերևում։ Արցախն սկսվեց հայաթափվել։ Մենք Բերդաշենից դուրս եկանք սեպտեմբերի 25-ին՝ վերցնելով մի քանի հագուստ և փաստաթղթեր։ Ստեփանակերտ հասանք 9 ժամվա ընթացքում, քանի որ ողջ ճանապարհն արդեն վերահսկվում էր մինչև ատամները զինված ադրբեջանցի զինծառայողներով։ Նրանք հերթով ստուգում էին բոլոր մեքենաները և հետո միայն բաց թողնում։ Դժվար է խոսել այն ապրումների մասին, որ ունեցանք ստուգման պահերին։ Երեխաները վախից կուչ էին եկել, մեր ողջ մնալու ամեն մի րոպեն մազից էր կախված։ Մինչև այսօր փոքրիկներս հիշում են այդ պահերը, և կարծում եմ՝ երբեք չեն մոռանա։

Ոճրագործների միջով հասանք Ստեփանակերտ։ Ամուսինս ասաց, որ մեքենայի մեջ եղած վառելիքով չենք կարողանա հասնել Հայաստան։ Ի՞նչ իմանաս բռնագաղթի ճանապարհին ի՞նչ է սպասվում մեզ՝ ասաց նա։ Այդ պահին լուր տարածվեց, որ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում բենզին են տալիս։ Ամուսինս եղբոր հետ գնաց դեպի այդ տեղամասը, որ վառելիք բերի՝ ասելով, որ առավոտյան ճանապարհվելու ենք դեպի Հայաստան։ Չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում իմ կյանքի ամենահարազատ մարդուն։

Հանկարծ երկինքն սկսեց որոտալ, անձրևը դույլերով էր թափվում, որը թեժացնում էր առանց այն էլ խուճապահար իրավիճակը։ Երեխաներիս հետ անընդհատ պատուհանից նայում էինք ու սպասում Գեղամին։ Ցավոք, նա չեկավ։ 4 օր շարունակ ես փնտրում էի ամուսնուս բոլոր հիվանդանոցներում, սակայն ամեն ինչ անարդյունք էր։ Արցախում գրեթե մարդ չէր մնացել․ չէի կարող վտանգի տակ դնել փոքրիկներիս կյանքը։ Սեպտեմբերի 29-ին ճանապարհվեցինք դեպի Մայր Հայաստան։ Հասնելով Երևան՝ վերսկսեցի փնտրտուքներս։ Նորից՝ անարդյունք։ 42 օր հետո զանգեցին ու ասացին, որ հաստատվել է ամուսնուս մահը։ Նոյեմբերի 4-ին էր դա։

Հերմինեն իր երկու փոքրիկների հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Ապրում են վարձակալած բնակարանում։ Մինչև այսօր նա չի կարողացել աշխատանք գտնել։ ՀՀ կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության 40+10 հազար դրամ գումարով տան վարձն է վճարում, իսկ 2 երեխաներին նշանակված 100000 դրամ նպաստով մի կերպ հոգում ընտանիքի կարիքները։

 -Տղաս 8 տարեկան է, իսկ աղջիկս՝ 7։ Փոքր են, բայց հասկանում են ամեն ինչ։ Ապրում ենք հիշողություններով, կարոտում մեր անցած ամեն մի օրը։ Սեպտեմբերի 25-ի պայթյունն Արցախի պատմության ամենաողբերգական ու ցավալի օրերից մեկն է, որը խլել է բազմաթիվ կյանքեր՝ ավելացնելով որբ մնացած երեխաների թիվը։ Ինձ նման հարյուրավոր կանայք կանգնած են մեծ դժվարության առաջ․ ինչպե՞ս ոտքի կանգնեցնել մեր զավակներին։ Դժվարությունները դեռ առջևում են, իսկ մեր ապագան՝ անորոշ։ Սարսափելի այդ դեպքի հետևանքով զոհվել է 219 մարդ, և այդ մարդկանց ընտանիքներին ու հարազատներին ոչ մի կարգավիճակ չի տրվում։ Իմ ամուսինը դիրքերից էր իջել, մահից փրկվել ու զոհ դարձել մինչև այսօր անհասկանալի պատճառներով տեղի ունեցած պայթյունին։ Գեղամի նման շատ-շատերն էին պատերազմում ողջ մնացել, սակայն ճակատագիրը շատ անգութ գտնվեց նրանց հանդեպ։

Ցավոք, մենք հայտնվել ենք Ֆինանսական, սոցիալական և հոգեբանական ծանր վիճակում,- ասում է Հերմինեն և ավելացնում, որ Արցախ վերադառնալու հույսը, միևնույն է, չի կորցնում։ Միայն հայրենի հողը կկարողանա փարատել իր մեծ ցավը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ