«Զգուշավոր լավատեսություն» ԱՄՆ-Իրան բանակցություններում

  • 23:41 26.04.2025

Օմանում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների ևս մեկ փուլ, որը նպատակ ուներ լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տասնամյակներ շարունակվող վեճը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը Մասկատում Օմանի միջնորդությամբ բանակցություններ են վարել մոտ վեց ժամ։ Կողմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում մեկ շաբաթ առաջ, և երկու կողմերն էլ այն անվանել են կառուցողական։

Իրանի հետ բանակցությունները դրական և արդյունավետ էին, լրատվական գործակալություններին հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ երկու կողմերը համաձայնել են «շուտով» կրկին հանդիպել Եվրոպայում։

«Դեռ շատ անելիք կա, բայց համաձայնության հասնելու ուղղությամբ առաջընթաց է գրանցվել», – հավելեց պաշտոնյան։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ մեկ այլ «բարձր մակարդակի հանդիպում» նախնականորեն նախատեսված է մայիսի 3-ին։

Բանակցությունները տեղի են ունեցել «լուրջ մթնոլորտում», – ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ ասել է Թեհրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաքային։

Իրանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում Բաքային նաև ասել է, որ Իրանի պաշտպանական և հրթիռային հնարավորությունները չեն քննարկվել, իսկ իրանցի բանակցողներից մեկը «Tasnim»-ին ասել է, որ բանակցությունները «բացառապես պատժամիջոցների և միջուկային հարցերի շուրջ են եղել»։

Արաղչին նախկինում «զգուշավոր լավատեսություն» էր հայտնել՝ այս շաբաթ ասելով. «Եթե ԱՄՆ-ի միակ պահանջը Իրանի կողմից միջուկային զենք ստանալուց հրաժարվելն է, ապա այդ պահանջը կարող է բավարարվել։ Սակայն եթե Վաշինգտոնն ունենա «անգործնական կամ անտրամաբանական պահանջներ, մենք, բնականաբար, կբախվենք խնդիրների», – հավելեց նա։