Արցախցիների՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած իրավունքների համար պայքարում տեխնիկական դադար է հայտարարվել։ Այս թայմ-աութի արդյունքից և արցախցիների խնդիրների լուծման եղանակից է կախված, թե արդյոք արցախյան գործոնը նշանակալի կմնա հայկական հասարակական-քաղաքական տարածքում, թե՞ կդառնա աննշան, առօրյա, երբեմն բողոքական խնդիր, որը հեշտությամբ կարելի է անտեսել։
Պայքարի կազմակերպումը ստանձնած Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մի քանի «առաջարկներ» հնչեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո. 1. 50 հազար դրամ օգնության շարունակություն ևս երկու ամիս՝ պայմանով, որ Ազատության հրապարակում վրանը կհանվի, 2. կառավարությունը կարձագանքի միայն արցախցիների սոցիալական պահանջներին՝ առանց քաղաքական և իրավական հարցերի անդրադառնալու, 3. կստեղծվեն փորձագիտական խմբեր՝ արցախցիներին վերաբերող ծրագրեր մշակելու համար։
Բացի այդ, պարզ դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ դոնորների համաժողով հրավիրել՝ արցախցիներին աջակցելու համար և հավանություն չի տալիս արևմտյան երկրների կողմից արցախցիերի պաշտպանությանը նպաստող բանաձևերին։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այժմ միակ լուծումը արցախցիների ինտեգրումն է հայ հասարակությանը։ Իսկ Հայաստանի վարչապետն ավելի կոնկրետ էր. աշխատեք և գոյատևեք։
Մեկ այլ շերտ է՝ ատելության քարոզչությունը, որի տակ որոշ իշխանամետ շրջանակներ փորձում էին «թաղել» Արցախի ժողովրդի իրավունքները։ Սակայն անցյալ շաբաթվա վերջին Քննչական կոմիտեն, որը սկզբում հրաժարվում էր գործեր հարուցել ատելության խոսքի փաստերի հիման վրա, հարուցեց գործեր, ինչը կարող է նշանակել «ֆաս» հրամանի չեղարկում։
Արցախի մարդու իրավունքների խորհուրդը մտորումներիմեջ է և դեռևս չի պատասխանել՝ համաձայն է արդյոք Հայաստանի կառավարության կողմից թելադրված խաղի կանոններին, բայց նաև վերջնականապես չի մերժել դրանք։ Խորհրդի անդամները նշեցին, որ կմեկնեն շրջաններ՝ դա քննարկելու համար։
Անցյալ շաբաթվա վերջին Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրան այցելեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով հայտարարեց, որ աջակցում է պայքարին։ Միաժամանակ նա ասաց, որ «եթե անհրաժեշտ լինի հանել վրանը», ինքը կարող է Խորհրդին տարածք տրամադրել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում։ Սամվել Շահրամանյանը նաև ասաց, որ չնայած ինքը կարծում է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի առաջ քաշել քաղաքական պահանջներ, սակայն այժմ գլխավորը՝ սոցիալական խնդիրների լուծման վրա կենտրոնանալն է։
Խորհուրդը դեռևս չի հայտարարել, թե արդյոք ընդունում է ՀՀ կառավարության կանոնները և դրանց հետ առնչվող Սամվել Շահրամանյանի առաջարկները։ Եթե այո, ապա պայքարը կունենա հետևյալ ձևը. հրապարակում վրանը կհանվի, գուցե արցախցիները ևս երկու ամիս ստանան 50 հազար դրամ, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը կդառնա արցախցիների սոցիալական իրավունքների համար պայքարի ոչ ֆորմալ կենտրոն, այնտեղ կձևավորվեն հասարակական խմբեր, որոնք լիազորված կլինեն խոսել ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի հետ՝ արցախցիների անունից։
Դժվար է ասել, թե որքանով սա կօգնի լուծել արցախցիների խնդիրները։ Սակայն այս որոշումը ՀՀ կառավարությանը թույլ կտա ժամանակ շահել այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որից հետո Արցախի ժողովրդին կարող են այլ առաջարկներ անել։ Օրինակ, նրանց կառաջարկվի «վերադառնալ» Ղարաբաղ՝ արդեն “հարևան” Ադրբեջանի իրավասության ներքո։
Նաիրա Հայրումյան