Իրանի իշխանությունները հայտարարում են, որ Իրանի ամենամեծ առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը տասնյակ մարդկանց կյանք խլեց, առաջացել է քիմիական նյութերի հետ անզգույշ վարման հետևանքով և որևէ կապ չունի հրթիռային վառելիքի հետ, ինչպես հաղորդել են լրատվամիջոցները։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով, որ նման հաղորդագրությունները հայտնվում են «Իրանի թշնամիների ազդեցության տակ»։
Պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Բանդար Աբբասի Շահիդ Ռաջայի նավահանգստի տարածքում ռազմական բեռներ չկան, սակայն պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պարզ չէ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրշեջները մարել են հրդեհների մոտ 90 տոկոսը, և իրավիճակը վերահսկողության տակ է։
Ապրիլի 27-ի երեկոյան պետական լրատվամիջոցներում հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ նավահանգստում նախորդ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 1200-ը։
«Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված աղբյուրին, հաղորդել է, որ նավահանգստում պայթել է նատրիումի պերքլորատը, որը Չինաստանից մատակարարվող բալիստիկ հրթիռների համար նախատեսված պինդ վառելիքի հիմնական բաղադրիչն է։
«Թասնիմ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ նավահանգստում վառելիքի բաք է պայթել, սակայն Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխման ընկերությունը պարզաբանել է, որ պայթյունը կապված չէ նավթավերամշակման գործարանների, վառելիքի, բաշխման համալիրի և նավթատարների հետ։
Իրանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության խոսնակ Հոսեյն Զաֆարին ասել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ վթարը տեղի է ունեցել դյուրավառ և քիմիական նյութեր պարունակող տարայի պայթյունի կամ հրդեհի հետևանքով։ Tasnim-ի փոխանցմամբ՝ պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ ամբողջությամբ ոչնչացրել է էպիկենտրոնի մոտ գտնվող վարչական շենքը և տարածքում գտնվող բազմաթիվ մեքենաներ։