Ընտրությունները 2026 թ․ ավելի վաղ են լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ իր ՔՊ-ով փոխել ՀՀ Սահմանադրությունը

  • 20:32 28.04.2025

Step1.amզրուցակիցն է «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։

-Տիկին Դիլբարյան, այս իշխանությունն անթաքուց խոսում է այն մասին, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանել Անկախության հռչակագրին հղումը եւ թեզ են դնում շրջանառության մեջ, որ դա է Հայաստանի գոյատեւման միակ հնարավորությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, եւ ի՞նչ վտանգ է պարունակում այս քաղաքականությունը Հայաստանի համար։

-Ես համոզված եմ, որ այս դրույթը եւ պնդումը Նիկոլ Փաշինյանը ոչ թե հենց հիմա է երկնել ու ձեւակերպել, այլ թերեւս շատ ամուր նստած է եղել իր մեջ։ Դրա ապացույցը «Երկրի հակառակ կողմը» գրքի մի շարք դրվագներն են։ Եվ պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքը, անկազմակերպվածությունը, խառնակությունը, այնուհետեւ բանակի վարկաբեկման, կազմափոխման գործընթացը, որն ինքը ծավալեց, ուներ մեկ հստակ նպատակ՝ հայ ժողովրդին ապացուցել, որ մենք՝ իբրեւ պետություն ունեցող ժողովուրդ, չենք կարող ունենալ մարտունակ, անհրաժեշտության դեպքում հարձակվողական, իսկ հիմնականում պաշտպանողական մարտավարություն, որ մենք պետք է ամբողջովին կախման մեջ լինենք մեր ռազմավարական թշնամուց՝ թուրք-ադրբեջանական տանդեմից։

Այսինքն՝ այս դրույթի հիմնական գաղափարախոսության կրողն ու շահառուն Թուրքիան եւ Ադրբեջանն են՝ ապացուցել, որ գոյություն չունի Արեւմտյան Հայաստան։ Արցախը շատ կարեւոր դրվագ էր՝ կոտրելու համար հայ ժողովրդի մարտունակությունը եւ ինքնիշխանության ու անկախության հանդեպ հավատը։ Բայց հիմնական նպատակը հրաժարվելն է հայկական պետականության հիմնական հիմքերից, ինչպիսին Արեւմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության ճանաչումն ու դրա համար փոխհատուցման մեխանիզմների ձեռք բերումն է։

Դրա համար տեղի ունեցավ երկրորդ գործողությունը՝ ցեղասպանական ակտն Արցախում, որպեսզի այնտեղից բռնի տեղահանված 150 հազար փախստականների հոսքն առավել մեծացնի հուսահատությունը։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը դարձել է այդ խոսույթի հիմնական իրականացնող գործիքը։ Կամովի է դարձել, թե ոչ, հիմա բարդ է դա ասել, ժամանակը կգա, դա կբացահայտվի։ Մենք գիտենք տարբեր դեպքեր ՔՊ շրջանակում գտնվող գործիչների՝ Թուրքիայում լինելու եւ հիմնադրամների կողմից ֆինանսավորվելու մասին։ Իսկ այդ հիմնադրամները սովորաբար պատրաստում են իրենց գաղափարախոսությունը կրողների։

Երկրորդ հարցը՝ բնականաբար, այս քաղաքականությունը չի հանգեցնելու Հայաստանը պահպանելուն։ Այսինքն՝ այդ դրույթը, որ Արցախը հանձնելով, մեր մյուս ինքնիշխան տարածքները հանձնելով՝ մենք կկարողանանք պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, դա կեղծիք է։ Դա այն նույն կեղծիքն է, որով 2018 թվականին իրենք եկան եւ բղավում էին «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Վերջում պարզվեց, որ «Արցախը Ադրբեջան է, եւ վերջ» եւ նաեւ կարող է պարզվել, որ ընդհանրապես մեր տարածասշրջանում այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանը» պետք է իրականություն դառնա, որը հայ ժողովուրդը երբեք չի կարող թույլ տալ։

Հետեւաբար, սա վտանգավոր խուսույթ է, որի հիմնական նպատակը Հայաստանի պետականությունը կազմալուծելն է։ Բայց, իհարկե, շատ ընդունված քարոզչական գործիք է՝ իսկական նպատակը թաքցնելու համար խոսել այն արժեքների մասին, որոնց դեմ դու պայքարում ես։ Դրա համար իրենք խոսում են ժողովրդավարության, Հայաստանը փրկելու մասին։ Ընդհանրապես պետք է հեռու մնալ մարդկանցից, որոնք գոռում են՝ «փրկենք Հայաստանի պետականությունը»։ Հայաստանի պետականությունը նման մարդկանց կարիքը չունի, նրա փրկվելու հիմնական երաշխիքը ազգային պետական մտածողություն ունեցող նոր իշխանության ձեւավորումն է։

Այսինքն՝ այս խոսույթն ուղղված էր ոչ միայն Արցախի Հանրապետության կազմալուծմանը, այլեւ ՀՀ-ն իր ինքնիշխանությունից եւ ժողովրդավարությունից զրկելուն։ Ոչ թե Հայաստանի քաղաքացուն պաշտպանելուն, այլ Հայաստանի քաղաքացուն թուրքական հպատակ դարձնելուն եւ նրան պետական քաղաքացիությունից զրկելուն։

Հայաստանի քաղաքացին դիմադրո՞ւմ է այս ծրագրերին, տեսանելի՞ է, դիմադրության ներուժ կա՞։

-Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացին դիմակայում է այդ գաղափարախոսությանը։ 2018-2019 թվականներին բոլորովին այլ խոսույթներ էին շրջանառվում, եւ մարդկանց մի մասը գուցե հավատում էին այդ կարգախոսներին, հավատի որոշ ծվեններ կային 2021 թվականի ընտրության ժամանակ, որովհետեւ, եթե կարդաք, թե ինչ ծրագրերով էր ՔՊ-ն գալիս իշխանության, ինչի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, ապա դուք եւս կարող էիք դրան հավատալ կամ տուրք տալ։

Դրանից հետո Հայաստանում պարբերաբար եղել են դիմադրության տարբեր շարժումներ, եւ դիմադրությունը միշտ էլ շարունակվել է։ Պարզապես բավական դժվար է հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բավական ծանր իրավիճակում միանգամից հասնել հաջողության, որովհետեւ հասարակության մի զգալի մասն ընկճախտի մեջ է։

Բայց դիմադրությունը կա, եւ ես կարծում եմ, որ ընտրությունները 2026 թվականից ավելի վաղ են լինելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ իր ՔՊ խմբակցությամբ փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Նրանք պետք է գնան հանրաքվեի, եւ հիմա ՀՀ թիվ մեկ օրակարգն է Սահմանադրությունը փոխելու եւ նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեն վերածել Նիկոլ Փաշինյանի դեմ վստահության հանրաքվեի, որը կավարտվի բացարձակ «ոչ»-ով։

Ռոզա Հովհաննիսյան