Քարտեզագրելով մարտունեցիներին

  • 10:15 29.04.2025

«Մարտունու երիտասարդական կենտրոնը» քաղաքից քաղաք քարտեզագրում է իր բնակիչներին՝ հավատով, որ մի օր կունենան կենտրոն, որը կհամախմբի համաքաղաքացիներին։

«Մենք՝ որպես ՄԵԿ՝ Մարտունու երիտասարդական կենտրոն, հիմնադրել էինք «Հավասար հնարավորություն» ՀԿ, որն իրականացնում էր տարբեր բնույթի միջոցառումներ՝ Մարտունու շրջանի երիտասարդների առօրյան հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար։ ՀՀ տեղահանվելուց հետո ՀԿ-ի հիմնադիրները տարբեր ձևաչափերով իրականացնում էինք Մարտունու շրջանի բնակիչների հետ կապված կամավորական աշխատանքներով, սակայն հասկացանք, որ անհրաժեշտ է կրկին գրանցել ՀԿ-ն ու մեր գործունեությունն իրականացնել այդ անվան տակ՝ առաջինը՝ վստահելի լինելով բնակչությանը, երկրորդը՝ ճանաչելի դառնալու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»,- ասում է Վաչագան Դադայանը՝ «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հասարակական ՀԿ-ի համահիմնադիրը։

Վաչագանի խոսքով՝ վերջին շրջանում, իրականացնելով համաքաղաքացիների քարտեզագրում, պարզել են, որ Երևան քաղաքում ու աշխատանքի հնարավորություն տրվող բնակավայրերում են մարտունեցիների մեծամասնությունը բնակեցված։

«Աշխատանքի արդյունքում ամենամսյա աշխատավարձ ստանալը ինչ-որ չափով կայունություն է տալիս ընտանիքին՝ որոշակի բնակավայրում մնալու համար։ Ցավով պետք է նշել, որ մի մասը տեղահանվելու պահին, իսկ մի մասը, որն ավելի ցավալի է, դրանից հետո է որոշել լքել հայրենիքը՝ հայրենիքից դուրս աշխատանք գտնելու և այնտեղ ապրելու պատճառով»,- ասում է Վաչագանը։

Վերջին երեք այցերի ժամանակ, որոնք դեպի Տաշիր, Գյումրի և Վանաձոր քաղաքներն էին, ՀԿ ներկայացուցիչները նկատել են, որ արցախցիները միավորված են և առցանց հարթակում գոնե փորձում են պահպանել միասնությունը։

«Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ նշածս երեք քաղաքներից Վանաձորում մարտունեցիները հատկապես ավելի կայուն են։ Թեև բոլորը վարձով են ապրում, բայց զբաղվածության հարցը քիչ թե շատ լուծված է։ Լոռու թեմը՝ դասընթացների միջոցով, ներգրավվածություն է ապահովում վանաձորցիների և տեղահանված արցախցիների միջև»,- նշում է Վաչագանը և ավելացնում․ «Հանդիպումները նաև առիթ են հանդիսացել, որպեսզի ծանոթանանք ՀՀ տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, հասկանանք՝ ինչպիսի տրամադրվածություն կա։ Ու պետք է ուրախությամբ նշել, որ մարտունեցիները գոհ են բնակիչներից՝ հեշտությամբ են կարողացել լեզու գտնել նրանց հետ»։

ՄԵԿ-ը, որ Մարտունու համար դարձել էր գիտելիքի, ժամանցի և համայնքի ակտիվացման կենտրոն, այսօր էլ՝ որպես ՀԿ, ունի ֆինանսական խնդիրներ, բայց նաև հույս, որ կշարունակի իրականացնել ծրագրեր, որոնց շնորհիվ, թեև հայրենի քաղաքից հեռու, սակայն կմնան միասնական ու համախմբված։

Մարիամ Սարգսյան