Ով է ազատագրել և հանձնել Շուշին․ ո՞ւր էին ռուսները 1992-ին

  • 11:57 29.04.2025

Մի քանի օր առաջ արցախատյաց հայտնի իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանը պնդել է, որ 2020-ի Շուշիի հանձնումից մի քանի օր առաջ բերդաքաղաքում էին հայտնվել ռուսական զինվորական մեքենաներ, որոնց մեջ հարյուրավոր ադրբեջանցիներ էին թաքնված։ Նրա խոսքով, հենց դրանով է բացատրվում այն, թե ինչպես են ադրբեջանցիները անարգել հայտնվել բերդ-քաղաքում, երբ այնտեղ դեռ հայկական ուժեր էին։

Այդ պնդումը պաշտոնապես չհերքվեց, միայն առանձին անձինք հայտարարեցին, որ դա սուտ է, քանի որ ռուսները Արցախ են մտել միայն նոյեմբերի 10-ին՝ զինադադարը կնքելուց հետո։ Եւ խնդիրը ՀՀ իշխանությունների սխալ քայլերն էին։

Ռուսների դերը Հադրութի, Շուշիի գրավելու գործում դեռ ուսումնասիրության նյութ կդառնա, բայց ոչ այս իշխանության օրոք։ Չէ՞ որ Փաշինյանի ստորագրությունն է դրված նոյեմբերի 9-ի հայտարարույան տակ, համաձայն որի Արցախ են մտցվել ոչ թե միջազգային, այլ ռուսական ուժեր։ Եւ պատահական չէ, որ Արցախի հանձնման համար իշխանական ուժերը մեղադրում են ոչ թե ռուսներին, այլ արցաղցիներին, որոնք պետք է մնային և նահատակվեին։

Այն, որ 2020-2023 թթ․ իրադարձությունները՝ ռուս-թուրքական համատեղ օպերացիա էր, խոստովանել են և Շոյգուն, և Լավրովը, իսկ Ակնայում տեղադրված ռուս-թուրքական ռազմական կենտրոնը դրա անհերքելի ապացույցն էր։ Իր հերթին, Պուտինն ասել է, որ հրադադարը “պարտադրվել է”, երբ Շուշին արդեն հայկական չէր։

Ինչո՞ւ Ռուսաստանը այդքան շահագրգռված էր խլել Հադրութն ու Շուշին հայերից։ Հադրութը՝ Ղարաբաղյան շարժման աղբյուրն էր, այն շարժման, որը բերեց ԽՍՀՄ քայքայմանը։ Իսկ Շուշին այն սահմանն էր, որը հայերը 1992-ին չպետք է անցնեյին, ըստ ռուսական պլանների։

Արդյո՞ք Շուշին ազատագրելը՝ հայկական սուվերեն որոշում էր։ Այդ որոշումն անակնկալ էր ոչ միայն Բաքվի, այլև Մոսկվայի համար, այդ որոշումը զարկ տվեց հայ ազատագրական պայքարի հզոր ալիքի, որն հասավ Արաքսի ափ։

2020-ին Մոսկվան պետք է վերադառձներ իրավիճակը մինչև Շուշի, և այդ առումով Ռոման Բաղասարյանի ասածը միանգամայն հնարավոր է, նույնիսկ եթե դա ասվում է ՀՀ ներկայիս իշխանությունից մեղքը հանելու համար։ Այլ հարց է, որ 2023-ին, երբ Մոսկվան չկարողացավ “2 շաբաթում” գրավել Ուկրաինան, հայկական Արցախն առանց Շուշիի արդեն պետք չէր Պուտինին։ Կարևորը՝ Շուշին արդեն հայկական չէ։

Հետաքրքիր է, որ այս օրերին Բաքվում գերեւարված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատի ընթացքում քննվում է 1992-ի Շուշիի ազատագրման “քեյսը”։

Բաքուն պնդում է, թե «Շուշին օկուպացնելու հրամանը տվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Իբրև ապացույց ադրբեջանցի մեղադրողը ներկայացրել է Շուշիի ազատագրումը ղեկավարած հանգուցյալ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ Կոմանդոսին վերագրվող մի տեսանյութ՝ պնդելով, թե այդ օպերացիայի պլանը նախ ներկայացվել է այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, որն էլ տվել է իր համաձայնությունը:

Հղում անելով Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին՝ ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը, նախապատրաաստմանն ու իրականացմանը մասնակցել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

Բաքուն չի “մեղադրում” ռուսներին, որ 1992-ին նրանք էլ են մասնակցել Շուշիի “գրավվմանը”, մեղքը դնելով Հայաստանի վրա։ Արդյո՞ք Բաղդասարյանի “բացահայտումը” կապ ունի Բաքվում ընթացող կեղծ դատավարության հետ։