Արցախում տեղի ունեցածը մարդկության դեմ ոճիր է․ Թաներ Աքչամ

  • 14:21 29.04.2025

«Արցախում տեղի ունեցածը մարդկության դեմ ոճիր է, մեծ ոճիր է իրագործվել։ Ես աջակցում եմ այն հարցին, որ ղարաբաղցի հայերը պետք է կարողանան վերադառնալ, չնայած մեծ հույսեր չեմ փայփայում։ Դա շատ է հիշեցնում Հայոց ցեղասպանությունից հետո իրենց իրավունքները վերականգնել ձգտող հայերի դեպքը, նաեւ հիշեցնում է բազմաթիվ պաղեստինցիների պատմությունը, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց երկիր։ Բայց ամենակարեւոր իրավունքը վերադառնալու իրավունքն է, դա մարդու իրավունք է, որի համար պետք է պայքարել»,- այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը։

Նա ասաց, որ Արցախի դեմ 2020 թվականի պատերազմում Թուրքիան Ադրբեջանի մեծ աջակցին էր։ Ըստ Աքչամի՝ եթե Թուրքիան չներգրավվեր այդ գործընթացում, Ադրբեջանն այսքան հաջողություն չէր ունենա։

Թաներ Աքչամն այսօր ներկայացրեց իր «Ցեղասպան պետության ակունքները․ 1918-1923 թթ․ Թուրքիայի Հանրապետության ձևավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը։ Նա ասաց, որ արխիվներից կարողացել է ձեռք երել փաստաթղթեր, որոնք փաստում են, որ հայերին ցեղասպանելու որոշումն ընդունվել է դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։

Բիթլիսում հայ տաղմարդկանց բռնաճնշման ու ոչնչացման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1914 թվականի դեկտեմբերի 1-ին։ «Բազմաթիվ նահանագապետերից դեպի կենտրոնական իշխանություն ուղղված հեռագրեր կան, որտեղ նշվում է՝ մենք բնաջնջեցինք հայերին։ Սա փաստում է, որ ըստ օսմանյան փաստաթղթերի՝ Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակված է, այսինքն՝ ապացուցված է, որ հենց ցեղասպանության մասին է խոսք գնում»,- նշեց նա։