Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակից կհանի վրանը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
«Երեկ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղերձը եւ իրենց դիրքորոշումը։ Վաղը տեղի է ունենալու կառավարության արտահերթ նիստ, նրանք ոչ միայն երկու ամսով երկարաձգելու են 40 հազար դրամ աջակցությունը, որի մասին բավական երկար ժամանակ է, ինչ խոսել ենք, այլ ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ Ասել են՝ պատրաստ են բարելավել ծրագրերը, եւ մենք թղթի վրա ներկայացրել ենք այն բոլոր կետերը, որոնք բարելավման կարիք ունեն»,- ասաց նա։
Անդրադառնալով խորհրդի հետագա գործունեության մասին հարցին՝ Իսկանդարյանն ասաց, որ կընդունեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը եւ կարող են իրենց գործունեությունը ծավալել Արցախի ներկայացուցչության շենքում։
Նա ասաց, որ իրենց պահանջագրի մյուս 11 կետերի շուրջ պայքարը շարունակելու են։ Եթե հանրությանը չգոհացնեն կառավարության որոշումները, կաշկանդված չեն, կարող են հանրահավաքները շարունակել։
Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ կառավարությունում խոստացել են վերանայել արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը։ «Գիտեք, որ յուրաքանչյուր անձի համար գործում է 3, 4 եւ 5 մլն դրամ շեմը։ Ընդունել են, որ կարող են շեմը բարձրացնել, նաեւ գոտիների հարցն են քննարկելու։ Միայն նշել են, որ պատրաստ չեն քննարկել մայրաքաղաք Երեւանը, բայց մենք պնդել ենք, որ Չարենցավան ու Աբովյան քաղաքները եւս ներգրավվեն յուրաքանչյուր անձի համար 4 մլն դրամ հատկացնելու որոշման մեջ»,- ասաց նա։
Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն էլ նշեց, որ արցախցիների գլխավոր նպատակը հայկական Արցախ վերադառնալն է։ Իսկ դրա համար արցախցիները պետք է արժանապատիվ կյանքով ապրեն Հայաստանում։ «Մենք ասել ենք, որ եթե այս խոստումները ֆարս են, ապա մեկ վրանի փոխարեն հաստատ կունենաք 100 վրան եւ ոչ միայն Ազատության հրապարակում»,- նշեց Ապրես Մարգարյանը։