Արցախից բռնի տղահանված Մարատ Եգանյանը Վարչական դատարանում շարունակում է ապացուցել, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են։
Մարատ Եգանյանը հայց է ներկայացրել ԱԱԾ դեմ, քանի որ ԱԱԾ ծառայողներն իրեն թույլ չեն տվել առանց փախստականի վկայականի հատել հայ-վրացական սահմանը։ Այնինչ, Եգանյանը պնդում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է եւ «070» կոդով անձնագրով իրավունք ունի հատել ՀՀ սահմանը։
«Ես դիմել եմ դատարան, բայց իրենք դատարանում ոչ մի կեպ չեն կարողանում ապացուցել, որ ես Հայաստանի քաղաքացի չեմ։ Ինձ ասացին, որ որպես պաշտպանության տակ գտնվող անձ՝ պետք է ներկայացնեմ երկու փաստաթուղթ, ես ասացի՝ հատում եմ սահմանը ոչ թե որպես պաշտպանության տակ գտնվող անձ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ինչպես գրված է իմ անձնագրում։ Եթե որեւէ մեկն առանց իմ կամքի ինձ այլ կարգավիճակ է շնորհել, դա չի նշանակում, որ ինձ դրանով զրկել են ՀՀ քաղաքացիությունից։ Ինձ ՀՀ քաղաքացիությունից կարող են զրկել միայն անհատական իրավական ակտով՝ հանրապետության նախագահի հրամանով»,- ասաց նա։
Դատարանում Մարատ Եգանյանն ընդգծում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են համարվում։ Վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման դրույթներից մեկով Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
Մարատ Եգանյանի խոսքով՝ կան նաեւ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների վճիռներ, ըստ որոնց Արցախի բոլոր քաղաքացիները ճանաչվում են որպես ՀՀ քաղաքացի։ Եվ դատական այդ վճռիները բողոքարկված չեն, ուժի մեջ են մինչ այսօր։
«Եթե ինձ տրամադրել են փախստականի կարգավիճակ, դա դեռ չի նշանակում, որ ինձ զրկել են ՀՀ քաղաքացու կարգավիճակից։ Եթե ինձ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհելով՝ զրկել են քաղաքացիությունից, ինձ պետք է գոնե տեղեկացնեին։ Բայց ես պնդում եմ, որ «070» կոդով անձնագիր ունեցող բոլոր անձինք ՀՀ քաղաքացի են, եւ չկա որեւէ իրավական փաստաթուղթ, որտեղ նշված է հակառակը»,- հավելեց նա։