Վենս. Ուկրաինայում պատերազմը կարող է վերաճել միջուկային պատերազմի

  • 20:29 29.04.2025

Ուկրաինայում պատերազմը, եթե այն շարունակվի, կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Այդ մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը (Ջ.Դ. Վենս) ասել է ամերիկացի պահպանողական բլոգեր Չարլի Քըրքին, որը նրա հետ հարցազրույցը հրապարակել է երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, YouTube-ում։

«Եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, միլիոնավոր մարդիկ կարող են զոհվել, և դա կարող է վերածվել միջուկային պատերազմի։ Սա պետք է դադարեցվի», – ասաց Վենսը։ «Այս վարչակազմի քաղաքականությունն է դադարեցնել սա, և ես երաշխավորում եմ ձեզ, որ նախագահը հրահանգում է իր բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ ինձ, շատ քրտնաջան աշխատել այդ նպատակին հասնելու համար», – հավելեց ԱՄՆ փոխնախագահը։

Ջ.Դ. Վենսի խոսքերով՝ լրատվամիջոցներում կա մի տարօրինակ գաղափար, որ եթե սա շարունակվի ևս մի քանի տարի, Ռուսաստանը կփլուզվի, ուկրաինացիները կվերադարձնեն իրենց տարածքը, և ամեն ինչ կվերադառնա պատերազմից առաջ եղածին։ «Սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք», – ընդգծեց քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ, Վենսը նշեց, որ ինքը «ավելի լավատես է» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունների հարցում, քան երկու շաբաթ առաջ էր, և նույնիսկ ավելի լավատես, քան երկու ամիս առաջ։

Վաշինգտոնը կհեռանա Ուկրաինայում ընթացող խաղաղության բանակցություններից, եթե Կիևն ու Մոսկվան մերժեն Սպիտակ տան առաջարկած ծրագիրը, ապրիլի 23-ին Հնդկաստանում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Վենսը պնդել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Ուկրաինային «շատ հստակ առաջարկ» է արել խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին։ «Ժամանակն է, որ նրանք կամ համաձայնվեն, կամ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից», – ասաց նա։

Վենսը շեշտեց, որ տարածքային զիջումները անհրաժեշտ էին համաձայնության հասնելու համար։ Նա ասաց, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը ստիպված կլինեն հրաժարվել իրենց կողմից ներկայումս վերահսկվող որոշ տարածքներից։ Ավելին, սահմանը կարող է չգծվել ներկայիս առաջնագծի երկայնքով, վստահեցրեց ԱՄՆ փոխնախագահը։ «Երկու կողմերն էլ պետք է «վայր դնեն զենքերը, սառեցնեն այս իրավիճակը և ձեռնամուխ լինեն ավելի լավ Ռուսաստանի և ավելի լավ Ուկրաինայի կառուցմանը», – նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։