Կիևը կարող է ընդերքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ 24 ժամվա ընթացքում

  • 19:44 30.04.2025

Ուկրաինան կարող է բնական պաշարներից եկամուտների մասին համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Վերջին մանրամասները ներկայումս համաձայնեցվում են, չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Բոլոր հիմնարար կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, կառավարությունը մշակել է համաձայնագրի տեքստը։ Փաստորեն, այս պահին հիմնական նախարարությունների հաստատումներն արդեն հավաքվել են», – նշել է նա։ Շմիգալի խոսքով՝ Կիևի իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի հաստատել փաստաթուղթը և ստորագրել այն։

Սա կլինի «բացարձակ գործընկերություն» և «հավասարազոր լավ միջազգային համաձայնագիր Ուկրաինայի զարգացման և վերականգնման գործում համատեղ ներդրումների վերաբերյալ», – ընդգծել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ «Հաջորդը կստորագրվեն ևս երկու տեխնիկական գործադիր համաձայնագրեր՝ ներդրումային հիմնադրամի ստեղծման, դրա ֆինանսավորման և լրացման վերաբերյալ», – ասաց նա։ Այս հիմնադրամը 10 տարվա ընթացքում ներդրումներ կկատարի Ուկրաինայի զարգացման մեջ, և Միացյալ Նահանգները կկարողանա նոր ռազմական օգնություն տրամադրել դրան։ Միևնույն ժամանակ, Կիևը կպահպանի վերահսկողությունը բոլոր բնական պաշարների և ենթակառուցվածքների նկատմամբ, նշել է Շմիգալը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փաստաթղթերը ստորագրելու համար։