Պուտինը Վոլգոգրադի օդանավակայանը վերանվանել է «Ստալինգրադ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Վոլգոգրադի միջազգային օդանավակայանին «Ստալինգրադ» պատմական անվանումը շնորհելու մասին», երեքշաբթի՝ ապրիլի 29-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Դրանից կարճ ժամանակ առաջ ռուսական լրատվական գործակալությունները հայտնել էին, որ Պուտինը աջակցել է Վոլգոգրադի Գումրակ օդանավակայանը «Ստալինգրադ» անվանակոչելու գաղափարին։

Հաղորդագրություններում ասվում էր, որ սա «Վոլգոգրադի մարզի բնակիչների, վետերանների համայնքի, ինչպես նաև “ՍՎՕ”-ի մասնակիցների» խնդրանքն էր։

Կիևը կարող է ընդերքի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ 24 ժամվա ընթացքում

Ուկրաինան կարող է բնական պաշարներից եկամուտների մասին համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Վերջին մանրամասները ներկայումս համաձայնեցվում են, չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, ուկրաինական հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։ «Բոլոր հիմնարար կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, կառավարությունը մշակել է համաձայնագրի տեքստը։ Փաստորեն, այս պահին հիմնական նախարարությունների հաստատումներն արդեն հավաքվել են», – նշել է նա։ Շմիգալի խոսքով՝ Կիևի իշխանությունները պատրաստ են ցանկացած պահի հաստատել փաստաթուղթը և ստորագրել այն։

Սա կլինի «բացարձակ գործընկերություն» և «հավասարազոր լավ միջազգային համաձայնագիր Ուկրաինայի զարգացման և վերականգնման գործում համատեղ ներդրումների վերաբերյալ», – ընդգծել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ «Հաջորդը կստորագրվեն ևս երկու տեխնիկական գործադիր համաձայնագրեր՝ ներդրումային հիմնադրամի ստեղծման, դրա ֆինանսավորման և լրացման վերաբերյալ», – ասաց նա։ Այս հիմնադրամը 10 տարվա ընթացքում ներդրումներ կկատարի Ուկրաինայի զարգացման մեջ, և Միացյալ Նահանգները կկարողանա նոր ռազմական օգնություն տրամադրել դրան։ Միևնույն ժամանակ, Կիևը կպահպանի վերահսկողությունը բոլոր բնական պաշարների և ենթակառուցվածքների նկատմամբ, նշել է Շմիգալը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ փաստաթղթերը ստորագրելու համար։

ՀԲԸՄ-ն մայիսի 7-ին հրավիրում է ֆիլմ դիտելու

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սիրով հրավիրում է բոլորին երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական ֆիլմի դիտմանը, որին կհաջորդի հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։ Ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 19։00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փ. 2/2)։
Մուտքն ազատ է։
ՇՈՒՇԻ․ ԱՄԷՆ Ֆիլմը պատմում է պատմական հին քաղաքի՝ Շուշիի մասին՝ ներկայացնելով նրա առօրյան, մշակույթը, քաղաքի հիմնադրման ու արշավանքի պատմությունը։ Սա մի յուրօրինակ սրտառուչ դիմանկար է մի քաղաքի, որը հանդիսանում է տոկունության ու ոգու խորհրդանիշ։
Ֆիլմում նկարահանվել են՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լյուդա Կիրակոսյանը, Համլետ Պետրոսյանը և Գևորգ Տեր-Վարդանյանը։

Հովնանյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

H. Hovnanian Family Foundation-y հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ընդունում՝ մշակութային նախաձեռնությունների համար։
2025թ․ երկրորդ եռամսյակի դրամաշնորհային փուլը նվիրված է․
1️⃣ Մշակութային հաստատությունների հզորացմանը
2️⃣ Մշակույթի գործերի ստեղծման և հանրային ներգրավման խրախուսմանը
3️⃣ Մշակութային ժառանգության պահպանմանը և կենսունակության խթանմանը
Վերջնաժամկետ՝ 2025 թ․ հունիսի 30

Արցախի ներկայացուցչության շենքը գրավադրված չէ, բայց ամեն ինչ սպասելի է

Ռոման Երիցյան-ը գրւմ է․ 

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։

Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։
Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի չորրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտածացին են ու ոչ իրական։
Իհարկե ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին։
Լրացում։ Փաստինֆոյի լրագրողներից մեկի հարցերին պատասխանելիս երեկ ես էլ եմ խոսել շենքը գրավադրված լինելու ոչ հստակ տեղեկության և ՀՀ կառավարության կողմից այն յուրացնելու հնարավորության մասին։ Այնուամենայնիվ, տեղեկությունը, հուրախություն արցախցիների, չհաստատվեց։ Վստահեցնում եմ, որ Փաստինֆոն այն լրատվականներից չէ, որը դիտավորությամբ կարող է տարածել կեղծ լուրեր։

Կառավարության որոշամբ արցախցիները եւս երկու ամիս 40 հազարական դրամ սոցիալական աջակցություն կստանան

Կառավարության այսօրվա որոշամբ արցախցիները եւս երկու ամիս 40 հազարական դրամ սոցիալական աջակցություն կստանան։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունել է N 1833-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ին ընդունվել է N 417-Լ որոշումը, որով հաստատվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում 2025 թվականի ապրիլի 1-ից շահառուներ են դիտարկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 63 և ավելի տարեկան կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք և մինչև 18 տարեկան երեխաները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը»։

Ինչ է փոխել «վրանը» և ով է այսուհետ ներկայացնելու Արցախը

Երեկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հայտարարեցին, որ մտադիր են ապամոնտաժել Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանը, որ կառավարությունն իր հաջորդ նիստում արցախցիներին ևս 2 ամիս 40 հազար դրամի չափով աջակցության  մասին որոշում կընդունի, ինչպես նաև բնակարանային ծրագիրը կվերանայվի։

Խորհուրդը հայտարարեց, որ ընդունում է Սամվել Շահրամանյանի առաջարկը՝ շտաբը տեղափոխես Արցախի ներկայացուցչություն։

Միաժամանակ, տեղեկատվություն հայտնվեց, որ ներկայացուցչության շենքը, որը գրավադրված էր «Արցախբանկ»-ում, չվճարված պարտքերի պատճառով փոխանցվել է Հայաստանի կառավարության կառավարմանը։

Մարտի 29-ին արցախցիների մեծ հանրահավաքից հետո անցած մեկ ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։

Կառավարությունը խոստովանեց Արցախի ժողովրդին աջակցելու պետական ​​ծրագրերի ձախողումը և համաձայնեց խորհրդակցություններ սկսել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ։

Հակաարցախյան լեղի տարածող Ռոման Բաղդասարյանի և «Խոսնակ» կայքի դեմ քրեական գործեր են հարուցվել, և ատելության ալիքը, կարծես, դադարեցվել է։

Ներքին գործերի նախարարությունը բացատրություն է հրապարակել այն մասին, որ արցախցիները կարող են խուսափել նոր անձնագիր ստանալիս «ծննդավայր» սյունակում «Ադրբեջան» նշումից, չնայած դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել սահմանը հատելիս։

Ընդհանուր առմամբ, «վրանը» մասամբ կատարեց իր դերը՝ այն ցույց տվեց, որ արցախցիների խնդիրները չեն վերացել, և եթե դրանք չլուծվեն, կսկսվի ամբողջ օրգանիզմի թարախակալում։ Ձևավորվել է Խորհուրդ, որը որոշակի լեգիտիմությամբ կարող է ներկայացնել Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները, և որի հետ ՀՀ կառավարությունը համաձայնել է աշխատել։

Բացի այդ, վրանը ցույց տվեց, որ Արցախի ժողովրդի հասցեին վիրավորական «մեղադրանքները» չեն լուծում հայ ժողովրդի խնդիրները, ընդհակառակը, դրանք զրկում են Հայաստանին արցախցիների հզոր ներուժից, ովքեր կարող էին մասնակցել երկրի հզորացմանը։ Եվ այն փաստը, որ այս ներուժը չի օգտագործվում, խոսում է հայկական վերնախավի շրջանում երկիրը ամրապնդելու մտադրության բացակայության մասին, որն արդեն աճուրդի է հանված։

Այս ֆոնին լուրեր են շրջանառվում, որ մայիսի 21-ից հետո, երբ կլրանա Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը, Սամվել Շահրամանյանը չի առաջադրի իր թեկնածությունը, և կարող է ի հայտ գալ նոր թեկնածու։ «Հրապարակ» թերթը նշում է «իջեւանցի, Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար» Հայկ Խանումյանի անունը։ Ավելի վաղ խոսվում էր Սամվել Բաբայանի թեկնածության մասին։

Այս բոլոր տվյալների հիման վրա կարելի ենթադրել հետագա զարգացումների շարքը. Ազատության հրապարակում վրանը հանվում է, արցախցիները 2 ամիս ևս ստանում են 40 հազար, Արցախցիներիի իրավունքների  պաշտպանության խորհուրդը զբաղեցնում է Արցախի ներկայացուցչությունը, որը մայիսից հետո դադարում է լինել խաշտոնական ներկայացուցչություն։ Խորհուրդը սկսում է զբաղվել արտաքին լոբբինգով՝ փորձելով աջակցություն ստանալ սփյուռքում, այլ ոչ թե Հայաստանի կառավարությունից։ Արցախի խորհրդարանը չի կարողանում նախագահ ընտրել, խորհրդարանն ինքնալուծարվում է, և մնում է Խորհուրդը որպես ոչ պետական կազմակերպություն, որի հետ ժամանակ առ ժամանակ կհանդիպեն Երևան ժամանող «հայերի բարեկամները»։

Այս ամենը, իհարկե, կախված է նրանից, թե ինչպես կզարգանա ներհայաստանյան, տարածաշրջանային և համաշխարհային համատեքստը։

Նաիրա Հայրումյան

Արտակ Բեգլարյանը մասնակցել է ԱՄՆ Կենգրեսի հանձնախմբի լսումներին

Artak Beglaryan-ը գրում է․

Որպես հիմնական զեկուցողներից մեկը՝ ես ներկայացրեցի Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը, ընթացիկ հանցագործությունները մեր մշակութային ժառանգության ու սեփականության հանդեպ, ինչպես նաև ՀԱՅ գերիների վիճակը: Ես նաև յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Կոնգրեսին՝ ապահովելու համար արդարադատությունը, մեր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը:
Լսումների ամբողջական տեսանյութը հասանելի է ստորև հղմամբ

Աշանից հեռու աշանցի մնալ․ միասնական, իրար թև ու թիկունք

Արցախից տեղահանվելուց հետո արցախցիների կողմից ստեղծված բազմաթիվ հասարակական կազմակերպությունների շարքում է նաև վերջերս ձևավորվածԱշանհամայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ Նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիրներն Արմեն Իշխանյանը,  Հերմինե Ավագյանը, Վահագն Խաչատրյանը և Լենա Խաչատրյանն են։

Լենան պատմում է ՀԿի նպատակների և առաջիկա ծրագրերի մասին

 -“Աշան” հիմնադրամը ստեղծվել է դեռևս տարիներ առաջ՝ ծննդով աշանեցի Դավիթ Իշխանյանի նախաձեռնությամբ։ Հիմնադրամի միջոցներով գյուղում բազմաթիվ ծրագրեր էին իրականացվում։ Մեր գյուղը տուն է եղել ոչ միայն աշանցիների, այլև Աշանի բարեկամների համար։ Տարբեր ժամանակներում, ովքեր այցելում էին Աշան, գերվում էին նրա հմայքով, առանձնահատուկ հյուրընկալությամբ։ Աշանցիների ջերմ ու սիրառատ վերաբերմունքն առիթ էր հանդիսանում, որ մարդիկ ներդրումներ անեն գյուղի զարգացման գործում։ Նման օրինակները շատ-շատ են։

Արցախից բռնատեղահանվելուց հետո համագյուղացիներով մտածեցինք ձեռնարկել մի այնպիսի քայլ, որ շարունակվի աշանցիների համախմբման գործընթացը, ու արդյունքում ծնվեց նոր ՀԿ ձևավորելու գաղափարը։

Նպատակը գյուղացիներին միավորված պահելն է։ Փորձելու ենք մեր շուրջը համախմբել Հայաստանում և Սփյուռքում բնակվող աշանցիներին ու գյուղի բարեկամներին՝ նախաձեռնելով տարբեր հետաքրքիր ու միավորող ծրագրեր։

Գյուղի պատմությունը հավաքական պահել, ապրել համագյուղացիների կյանքով, շարունակել նախկին ավանդույթները, խրախուսել նորաստեղծ ընտանիքներին, նորածին, դպրոցահասակ երեխաներին, իհարկե, ուշադրության կենտրոնում պահել նաև ծանր վիճակում հայտնված աշանցիներին՝ ահա մեր առաքելութունը։

Արցախում գրեթե բոլոր գյուղերն իրենց օրն ունեին։ Մարդիկ հանդիսավոր նշում էին, և այդ առիթը համախմբման ու հայրենասիրության յուրահատուկ դաս էր հիշեցնում։ Մեր գյուղի օրը հուլիսի 27-ն է։ Աշխատելու ենք չխախտել բարի ավանդույթը և գյուղովի նշել այն։ Բռնի տեղահանությունից հետո կազմակերպել ենք նմանօրինակ միջոցառումներ՝ 2 անգամ հանդիպելով իրար հետ։ 2024-ի հուլիսի 27-ին Երևանում աշանցիների հանդիպումը կազմակերպելու համար արտերկրում գտնվող մեր համագյուղացիները ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել և պատրաստ են առաջիկայում ևս աջակցել ՀԿ-ին։ Այդ հանդիպումները լայն արձագանք են գտել աշանցիների շրջանում․ մարդիկ պարզապես կարիք ունեն իրար տեսնելու, վերապրելու, երազելու։

Առաջիկայում նախատեսում ենք մեր համագյուղացիների հեղինակային գրքերի հրատարակման գործընթացը, ինչպես նաև նպատակ ունենք գյուղի ավանդազրույցներն ու զվարճախոսությունները, որոնք մինչև այսօր բանավոր փոխանցվում են սերնդեսերունդ՝ գրքի տեսքով հրատարակել։ Հստակեցնելով հետո մեր առաջիկա ծրագրերը՝ կսկսենք ավելի ակտիվ աշխատել։

Սրտացավ մարդկանց ասելիքը մեկն է․ շարունակել լինել միասնական, իրար թև ու թիկունք։ Աշխարհով մեկ սփռված ամեն մի աշանցի իր հոգում ու սրտում պահելով հետվերադարձի հույսը՝ շարունակում է Աշանից հեռու աշանցի մնալ։ Մեր հասարակական կազմակերպությունն իր ծրագրերով և նոր մտահղացումներով կանի հնարավորը, որ անգամ նորածին աշանցին չմոռանա իր տունն ու հարազատ գյուղը, իր կենցաղն ու մշակույթը

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, և նրա ընտանիքը Հայաստանի քաղաքացիություն են ստացել

Քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ «Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինն իր ընտանիքի հետ միասին ստացել է հայկական անձնագրեր։ Այս մասին նա հայտարարեց մամուլի ասուլիսում։

«Իրականում ես անձնագիր ստացա ընտանիքիս հետ միասին։ Մեզ այստեղ շատ է դուր գալիս՝ նույնիսկ փոքր երեխաներին։ Մենք հաճախ ենք գալիս Հայաստան, ես նույնիսկ բնակարան գնեցի այստեղ և հիմա վերանորոգում եմ այն։ Մենք, ամենայն հավանականությամբ, նույնպես այստեղ կապրենք», – ասաց Նամինը՝ նշելով, որ Հայաստան տեղափոխվելու գաղափարը իր մոտ ծագել է դեռևս 1980 թվականին, բայց այն ժամանակ այն չիրականացել։

Նրա խոսքով՝ իր կազմակերպած փառատոնը Միացյալ Նահանգներում բարձր գնահատականի արժանանալուց հետո, ՊԱԿ-ի հայկական մասնաճյուղը փաստացի ստիպել է իրեն լքել երկիրը։ Դրանից հետո երաժիշտը 30 տարի չի այցելել Հայաստան։ Նրան առաջին անգամ երկիր հրավիրեցին միայն 2017 թվականին։

Նա նաև նշեց, որ այսօր ապրում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, և շուտով իր կյանքը կապված կլինի երեք երկրների հետ։

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել. Amnesty International

Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել, ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

«Վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունն առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին, կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները, ԵԽԽՎ-ն վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակման լուրջ մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է»,-ասված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ պատասխանատուներին

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների (ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները) ազատ արձակմանն աջակցելու համար դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին՝ առաջարկելով, որ գործարկեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը՝ ԵԱՀԿ շրջանակում Ադրբեջանի հանձնառությունների համատեքստում գնահատելու օրենսդրական և վարչական ընթացակարգերը, փաստերը արձանագրելու, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվուություւններ կատարելու համար։

            ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են նաև մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։

            Միաժամանակ, շարունակում է գործել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից ստեղծված հարթակը՝ https://armeniancause.net/ հասցեով, որտեղ հնարավոր է ստորագրել առցանց խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ համապատասխան պաշտոնյաներին։

Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագհահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները։

            Ստորագրությունների թիվը ներկայումս հասել է վեց հազարի, սակայն, անհրաժեշտ է մեծացնել այն։ Ուստի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակը, նրանց, ովքեր դեռևս չեն միացել հիշյալ պահանջին, խնդրում է ստորագրել խնդրագիրը և օժանդակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման աշխատանքներին։