Սամվել Շահրամանյանն այսօր դռնփակ հանդիպում է անցկացնում մի խումբ արցախցիների հետ

Արցախի ներկայացուցչությունում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր դռնփակ հանդիպում է անցկացնում մի խումբ արցախցիների հետ, ովքեր պահանջում են, որ Սամվել Շահրամանյանը գնա դատախազություն ու բացատրություն պահանջի, թե ինչո՞ւ չեն արագացնում Արցախցում տեղի ունեցած թալանի վերաբերյալ գործի քննությունը։

«Քննարկում ենք անելու, թե ինչ ձեւաչափով ենք գնալու դատախազություն»,- լրագրողներին ասաց քննարկման մասնակիցներից մեկը։

Ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Սամվել Շահրամանյանն ասել էր, որ դեռեւս 2023 թվականի նոյեմբերի 8-ին համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այդ գործի շրջանակներում Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության որպես վկա, առգարվվել են Արցախի Ներդրումային հիմնադրամի էլեկտորնային կրիչները, հարցաքննվել են նաեւ Արցախի պետական պաշտոնյաներ եւ Արցախի Ներդրումային հիմնադրամի տնօրենը։

 

“Եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը”

«Ղարաբաղյան հարցը եղել է համազգային ինքության, արդարության ու անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Աշխարհը Հայաստանին, անգամ խորհրդային Հայաստանին հաշվի առավ, գործակից դիտեց, աշխարհի մայրաքաղաքներում մեր ղեկավարներին ընդունեց, քանի որ Ղարաբաղյան պայքարն էր ուժեղացնում մեր ժողովրդին ու երկրին։ Դա էր, որ օրակարգ էր թելադրում եւ ոչ թե թուլացնում մեզ»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հետագա 30 տարիներին Հայաստանը միջազգային բեմերում եղել է ուժեղ ներկայությամբ եւ, իր տարածքով լինելով ամենափոքրը ողջ տարածաշրջանում, առանձնացել է, քանի որ ուներ Արցախի Հանրապետություն, քանի որ գործոն էր՝ քաղաքական, ռազմական, դիվանագիտական։ Ու հիմա Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող իրավիճակը, ՀՀ 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի փասստը վկայում են, թե Արցախի Հանրապետությունն ինչ կարեւոր ու անգնահատելի անվտագային բարձիկ էր ու գործոն ՀՀ համար։

«Արցախյան շարժումը պայքար էր հանուն արժանապատվության, ինքնիշխանության եւ պետականության ամրապնդման, անկախության պայքար էր, ոչ թե պետականության խաթարման։ Արցախյան շարժման կարեւորագույն արդյունքը ՀՀ, նրա ինքնիշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր Հայաստանի իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են Արցախյան շարժմանը, չեմ բացում փակագծերը։ Բայց այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք։ Դուք ուզում եք մի հասարակություն, որը չի հիշում, թե ինչո՞ւ սկսվեց Արցախյան շարժումը, որը չի հիշում՝ ինչի՞ համար տվեց զոհեր, մոռանա Շուշիի ազատագրումից մինչեւ Արցախի Հանրապետության զարգացումն ու կայացումը։ Փաշինյանական ելույթում շեշտվում էր, որ Ղարաբաղյան շարժման շարունակություն այսօր կործանարար է, պիտի մոռանանք, պիտի վերջ դնենք այդ մտածողությանը։

Սա նոր հարձակման փորձ է մեր հավաքական հիշողության ու քաղաքական իմունիտետի դեմ։ Բայց եկեք շատ պարզ հարց տանք՝ ո՞ւմ համար է կործանարար Ղարաբաղյան շարժման շարունակությունը։ Կործանարար է նրանց համար, որոնք ուզում են հաշտեցնել հայ մարդուն հայրենիքը թշնամուն շարունակաբար զիջելու հետ։ Հիմա ո՞վ է կործանում Հայաստանը, որ մեր երկրի ծննդյան վկայական Անկախության հռչակագիրը ցանկանում է ջնջել արտաքին պարտադրանքով ու թելադրանքով։ Ի դեպ՝ երբ առաջին անգամ Փաշինյանի շուրթերից հնչեց Ղարաբաղյան շարժումը թույլ չտալու մասին հայտարարություն, միանգամից հիշեցի, որ երբ իմ գործընկերների հետ ԱԳՆ-ում ծանոթանում էինք Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, մի դրույթ կար, որ սա արգելվելու է։ Ես ԱԳՆ պաշտոնյանին ասացի՝ փաստորեն սրանով Դաշնակցությունը փակելո՞ւ եք, կատակի տվեց, բայց չասաց՝ չէ։ Փաշինյանն ի կատար է ածում առայժմ չվավերացված համաձայնագիրն ու ադրբեջանական հերթական պահանջը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հայտարարեց, որ Արցախյան շարժման արժեքները չեն կարող խոչընդոտել Հայաստանի անկախությանը, ամուր եւ անվտանգ պետություն ունենալու իրավունքը։ Ղարաբաղյան շարժման խեղաթյուրված գնահատականներն են խոչընդոտ Հայաստանի պետականության գոյությանը։

Նա ասաց, որ Փաշինյանի ձեռքի քարտեզն ու Հայաստանի վերաբերյալ նրա թեզը խիստ վտանգավոր ու կործանարար է։ Եվ դրա տակ կա մի պարզ ուղերձ՝ մոռացեք այն ամենը, ինչը դուրս է այդ քարետեզից։ Սա, Մանուկյանի խոսքով, դեկլարատիվ կապիտուլյացիա է մեր պատմության, ինքնության ու հիշողության հանդեպ։

«Հայրենիքը քարտեզով չեն սահմանում, հայերնիքը ստեղծվում է հիշողությամբ, մշակույթով ու հաղթանակներով, հանուն հայրենիքի նահատակվածներով։ Պետությունը սահման ունի, հայրենիքը՝ հիշողություն։ Ու երբ հայրենիքը դառնում է բեռ, պետությունը կորցնում է իր հոգին։ Պետությունն առանց հայրենիք ընդամենը վարչական մեխանիզմ է, երբ պետությունը զրկվում է հայրենիքի գաղափարական հենքից, դադարում է լինել արժեք, դառնում է կառավարելի, վաճառվող ու նույնիսկ հանձնվող։ Կիրանցի օրինակը դրա լավագույն վկայությունն է։ Եվ երբ հայրենիքը չկա պետականության հիմքում, պետությունն այդ պահին սկսում է ծառայել ոչ թե ժողովրդին, այլ միայն վարչակարգին»,- նշեց պատգամավորը։

WSJ. ԱՄՆ-ը պահանջում է Ուկրաինայից հրաժարվել Ղրիմից և չանդամակցել ՆԱՏՕ-ին

Թրամփը ցանկանում է, որ Կիևը ճանաչի Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև, որ Ուկրաինան հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց։ Միաժամանակ Սպիտակ տունը ցանկանում է Զապորոժժիայի ԱԷԿ-ի շրջակա տարածքը դարձնել չեզոք և ԱՄՆ վերահսկողության տակ։

Սրանք այն առաջարկներն են, որոնք Սպիտակ տանը ներկայացրել են Ուկրաինային՝ Լոնդոնում ամերիկյան ու եվրոպական պատվիրակությունների երկրորդ հանդիպման նախօրեին, գրում է The Wall Street Journal-ը։ Աղբյուրը գրում է, որ Կիևը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի մեծ ճնշման տակ, մանավանդ որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իբր այս շաբաթ պետք է ստորագրվի հրադադարի մասին համաձայնագիրը։

Արդեն անցյալ ուրբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հասկացրեց, որ Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից, եթե Ուկրաինան և Ռուսաստանը շարունակեն հապաղել: Թրամփի որոշ առաջարկներ շատ դժվար են Ուկրաինայի համար, քանի որ դրա համար կպահանջվեր զիջել իր տարածքի մի մասը։

Միաժամանակ չի նշվում, թե ինչ կլինի Ուկրաինայի մնացած օկուպացված տարածքների հետ։

Սիրինօղլուի այցից հետո Փաշինյանը Ֆրանսիային կմեղադրի հայերի համար խաղաղություն չցանկանալու մեջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կիրակի օրը հանդիպում է ունեցել Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները”, ասված ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միրզոյանը, ըստ երևույթին, Սինիրլիօղլուին փոխանցել է այն, ինչ նա ասել է անցյալ շաբաթ Թուրքիայում, այնուհետև Երևանում՝ հենց այդ հերթականությամբ։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ փաստացի հակամարտության իրավական ավարտի դեպքում, որը կարող է մարմնավորվել խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, մեզ պետք չի լինի այս հակամարտությունը լուծելու համար նախատեսված միջազգային ձևաչափը: Հետեւաբար, Մինսկի խմբի գոյությունը որեւէ լրացուցիչ արժեք չի բերի։ Ընդհակառակը, դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ հակամարտությունների կարգավորման վրա: Ահա թե ինչու մենք կողմ ենք այս ձևաչափի լուծարմանը, և կարող ենք ստորագրել այդ փաստաթղթերը նույն օրը, մեկ ժամ առաջ կամ հետո՝ համատեղ դիմելով ԵԱՀԿ-ին և հայտարարելով Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ սկսելու այդ խմբի լուծարման գործընթացը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ռուս դիվանագետներն ևս անընդհատ հնչեցնում են Մինսկի խումբը ցրելու կոչեր։ Մասնավորապես, Մարիա Զախարովան իր պարտքն է համարում այս մասին հիշեցնել իր յուրաքանչյուր ճեպազրույցի ժամանակ՝ «հիշեցնելով», որ 2022 թվականից հետո Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվել են հենց ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Զախարովան չի նշում, որ 2020-ի Արցախում Հայաստանի դեմ պատերազմից հետո Մոսկվան թքեց Մինսկի խմբի վրա, միակողմանիորեն զորք մտցրեց Արցախ և 3 տարի թույլ չտվեց Արցախ մտնել ոչ միայն Մինսկի խմբի համանախագահներին, այլև Հայաստանի պաշտոնյաներին և օտարերկրյա լրագրողներին։

Այժմ, երբ վերականգնվել են շփումները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, Մինսկի խմբի համար “խնդիր”  է դառել Ֆրանսիան, որին Մոսկվան և Բաքուն համարում են հետխորհրդային տարածքում ռուս-թուրքական «խաղաղություն» հաստատելու հիմնական խոչընդոտը։

ԵԱՀԿ նոր ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ընտրվելուց գրեթե անմիջապես հետո այցելել է Մոսկվա։ Նա խոստովանեց, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը իրավացի էր, երբ ասում էր, որ կազմակերպությունը «լավագույն վիճակում չէր» վերջին տարիներին։ «Պետք է աշխատանք տարվի ԵԱՀԿ-ն իր նախկին արդիականությանը վերադարձնելու համար»,- ասել է թուրք դիվանագետը, ով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերի 6-ին։

Լավրովն իր հերթին հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները հրաժարվել են աշխատել ռու գործընկերոջ հետ։ «Իրավիճակն, իհարկե, փոխվել է հիմա: Բայց դժվար է պատկերացնել, թե ինչ ձևաչափով կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբ մի համանախագահողն իրականում ռուսաֆոբ դիրքորոշում է ընդունում, իսկ երկրորդը վերագնահատում է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Բացի այդ, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատի, պետք է համաձայնություն լինի բոլոր կողմերից”:

Լավրովը նկատի ունի, որ եթե Ադրբեջանը չի ցանկանում աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ապա ինչո՞ւ պարտադրել։ Իսկ եթե Հայաստանն էլ միանա…

Սակայն, ինչպես Step1.am-ին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, Մինսկի խմբի լուծարման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ անդամ 57 երկրների կոնսենսուս, որոնցից մի քանիսը կարող են դեմ լինել դրան։ Օրինկակ, Ֆրանսիան։ Եւ եթե հնարավոր չլինի “համոզել” Ֆրանսիային, ապա պետք է “չստացված” խաղաղության մեղքը դնել Փարիզի վրա։

Դրա համար էլ Մոսկվան այլ ակնարկներ է անում։ «Մենք միշտ աջակցել ենք այս ձևաչափին (ԵԱՀԿ Մինսկի խմբին), ակտիվորեն աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից»,- ասեկ է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մինչդեռ ռուս փորձագետներն ասում են, որ Ռուսաստանը ցանկանում է հասնել Մինսկի խմբի ձևաչափից Ֆրանսիայի դուրս գալուն, որին կփոխարինեն, ասենք, Թուրքիայով։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԵԱՀԿ ՄԽ) շուրջ իրավիճակը «փոխվել է», զգալի հետաքրքրություն է առաջացրել քաղաքական վերլուծաբանների շրջանում և նկատելի քաղաքական իրարանցում Բաքվում։ Միևնույն ժամանակ Բաքվում ասում են, որ բացառձակ դեմ չեն Թուրքիայի համանախագահությանը։

Ինչպե՞ս են վերաբերվում սրան Հայաստանում։ Բավական է հիշել, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, թվարկելով Թուրքիայի հետ շփումների փաստերը, որպես գլխավոր ձեռքբերում նշել էր Հայաստանի աջակցությունը Թուրքիայի նախկին արտգործնախարարին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցում։ Մեկ այլ «ձեռքբերում» էր Թուրքիայի հետ համագործակցությունը Սիրիայում։

Այս ֆոնին, ըստ երևույթին, Սիրինօղլուն եկել էր Երևան՝ հարցնելու Հայաստանի ղեկավարությանը, թե ինչպես հաղթահարել Ֆրանսիայի հավանական վետոն, երբ հարց կդրվի լուծարել կամ փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Նիկոլ Փաշինյանը նախապես խոստովանել էր, որ ինքն անձամբ է խնդրում իր արտասահմանցի գործընկերներին հայանպաստ հայտարարություններ չանել, և այսուհետ դա կանի ավելի կոշտ ձևով։

Տրամաբանությունը հուշում է, որ շուտով կհետևի Փաշինյանի ուղղակի մեղադրանքը Ֆրանսիային, որ Փարիզը խաղաղություն չի ուզում հայերի համար, այլ ցանկանում է պահպանել իր ազդեցությունը՝ ի վնաս հայ, ռուս և թուրք ժողովուրդների։

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Երկու ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 6 մեդալ։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտում նվաճեց առաջին ոսկե մեդալը։ Եվրոպայի չեմպիոնի համար պայքարը 109 կգ քաշային կարգում ընթացավ մեր երկու ծանրորդների՝ Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի միջև։
Ի վերջո երկամարտի 411 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Գարիկ Կարապետյանը, ով դարձավ ոսկե մեդալակիր նաև առանձին վարժություններում։ Սիմոն Մարտիրոսյանը 406 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Ընդ որում Սիմոնն էլ նվաճեց արծաթե փոքր մեդալներ առանձին վարժություններում։ Երկու ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 6 մեդալ։
Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել նաև ծանորդներ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (73կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ իսկ Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը, կլինի նոր հանդիպում

Հռոմում կայացած անուղղակի բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ավարտվել են, տեղեկացրել է Mehr-ը։

Նշվել է, որ քանի որ բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր, միանգամայն հավանական է, որ երեք պատվիրակությունները՝ Իրանի, Օմանի եւ ԱՄՆ-ի, կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլն առաջիկա օրերին։

«Այս անգամ մեզ հաջողվեց պայմանավորվել ապագա համաձայնագրի մի շարք սկզբունքների և նպատակների շուրջ»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին։

Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել, հայտնել է Կրեմլը։

Կրեմլում հանդիպման ժամանակ նա լսել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը մարտական ​​շփման գծում տիրող իրավիճակի մասին եւ հայտնել, որ ռուսական կողմը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչեւ ապրիլի 21-ի ժամը 00:00-ն։

«Մենք ելնում ենք այն բանից, որ ուկրաինական կողմը կհետեւի մեր օրինակին, միեւնույն ժամանակ մեր զորքերը պետք է պատրաստ լինեն հետ մղելու հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները եւ հակառակորդի սադրանքները»,- նշել է նա։

ՌԴ ՊԴ պատգամավոևը “կոչ է արել” “հանել Ղարաբաղը” Հայաստանի Սահմանադրությունից

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում փառաբանել է Ադրբեջանը ու քննարկել Հայաստանի Սահմանադրությունը։

«Իլհամ Հեյդարովիչը կատարեց իր մեծն հոր գլխավոր պատվիրանը, Ադրբեջանը տուն բերեց, Ղարաբաղը բերեց տուն: Եվ այսօր, հիշելով ադրբեջանական ժողովրդի փառապանծ զավակների վերջին սխրանքը, որով կարող էին հպարտանալ իրենց հայրերն ու պապերը՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսները, մենք ասում ենք՝ Ղարաբաղն Ադրբեջան է», – հայտարարել է ՌԼԴԿ նախագահը` պարծենալով օկուպացված Շուշի կատարած իր այցով:

«Առաջին հերթին պետք է Հայաստանի Սահմանադրությունից հանել այն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, օրակարգում կան նաև այլ հարցեր, վաղ թե ուշ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իհարկե, ավելի շուտ ավելի լավ կլինի, ուստի մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա մոտ ապագայում», ասել է նա։

Սա Հայաստանի Սահմանադրության փոփոխության առաջին հրապարակային “հորդորն է” արտասահմանյան գործչի շուրթերից։ Բնականաբար, դա պետք է աներ Ռուսաստանի ներկայացուցիչը, և հենց Ժիրինովսկու կուսակցության շուրթերով։

Բլումբերգ. Թրամփի վարչակազմը պատրաստ է Ղրիմը ճանաչել ռուսական՝ հանուն խաղաղության համաձայնագրի

Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը լրագրողներին ասաց, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերից, եթե շուտով առաջընթացի հստակ նշաններ չհայտնվեն:

ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը Ուկրաինայի Ղրիմի նկատմամբ՝ որպես Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության ավելի լայն համաձայնագրի մաս, հայտնել են գործակալության աղբյուրները։

Պոտենցիալ զիջումը վերջին ազդանշանն է, որ Թրամփը ձգտում է հրադադարի համաձայնագրի, և այն գալիս է այն ժամանակ, երբ նա ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ ասացին, որ Վաշինգտոնը պատրաստ է հրաժարվել խաղաղության միջնորդության իր ջանքերից, եթե արագ առաջընթաց չգրանցվի, գրում է թերթը:

Աղբյուրները հայտնում են, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն պատասխանել մեկնաբանությունների խնդրանքներին, և Մոսկվայի հետ բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյան ևս հրաժարվել է:

Բլումբերգը նշում է, որ Ղրիմի բռնակցման ճանաչումը հակասում է միջազգային իրավունքին և օտարերկրյա տարածքների բռնի զավթումն արգելող պայմանագրերին։

Տիրոջ Գերեզմանին Սուրբ կրակ իջավ

Սուրբ կրակը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը, իջել է Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանին։ Մինչ պատարագի մեկնարկը տաճարում հավաքվել էին մի քանի հազար ուխտավորներ։

Սուրբ կրակի հայտնվելը տեղի է ունենում ամեն տարի Կուվուկլիայում՝ Սուրբ գերեզմանի քարայրի վերևում գտնվող մարմարե մատուռում, որտեղ, ըստ լեգենդի, թաղված է Հիսուս Քրիստոսը: Հրդեհի իջնելուց հետո Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ը դուրս եկավ Կուվուկլիայից և սկսեց կրակ բաժանել մարդկանց։

2025 թվականին քրիստոնյաները Զատիկը նշում են ապրիլի 20-ին: Այս անգամ կաթոլիկ Զատիկը համընկնում է Հայ Առաքելական եկեղեցու և ուղղափառի հետ. դա տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Կայեն, որտե՞ղ է քո եղբայր Աբելը

Արցախում զոհված զինծառայողների հարազատները հայտարարություն են տարածել, որ թեև ավելի քան 9 ամիս շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, իրենց հարազատները, չխնայելով իրենց կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազարանոց բնակչությանը ցեղասպան բնաջնջումից, սակայն կեղծ հայտարարություններ են տարածվում, թե արցախցիները չեն կռվել։ Իսկ վերջինը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն էր։

«Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանից հայտարարություն անել մարտական ​​գործողությունների վերաբերյալ»,- ասված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակում։

Եղբայրասպան գործընթացները, որոնց մեջ մխրճում են հայ ժողովուրդին՝ նրան մաս առ մաս ոչնչացնելու համար, հղում են դեպի աստվածաշնչյան պատմություններ։

Նույնիսկ Անդրանիկ Քոչարյանն է հասկացել, որ չափն անցել են. «Խաչատուր Սուքիասյանը, շտկելով նախկինում հայտարարված թիվը, օրակարգից հանեց շահարկումները, պետք չէ բաժակի մեջ անընդհատ փոթորիկ փնտրել»։

Հիշեցնենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագրի օդիոզ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ արցախցիները չեն կռվել, որ 2023-ի սեպտեմբերին ընդամենը 10 զոհ է եղել, հետո ուղղվել է ու ասել, որ 210 զոհ է եղել։ Բայց «ուղղումից» հետո նա դեռ պնդում էր, որ արցախցիները չեն կռվել։

Արցախի ժողովրդի նկատմամբ թշնամանքի նոր ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո վրանային շտաբ տեղադրվեց, որտեղ սկսեցին գալ ոչ միայն քաղաքական ուժերի, այլև միջազգային կառույցների և եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վրանը թույլ տվեց մի քանի կարևոր հարց բարձրացնել.

Հայաստանի կառավարությունը հրաժարվում է դոնորների համաժողով գումարել Արցախի բնակիչներին աջակցելու համար, սակայն դադարեցնում է սոցիալական աջակցությունը

Արցախցիները մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները և պատրաստ են անմիջականորեն աշխատել միջազգային կազմակերպությունների հետ

Կառավարության կողմից Արցախի ժողովրդի համար մշակված սոցիալական ծրագրերն ի սկզբանե ուղղված են եղել արտագաղթի խթանմանը

Հայաստանի իշխանությունն իր օրակարգից հանել է Արցախի հարցը, սակայն միջազգային գործընթացները շարունակվում են։

Արցախյան ցույցերն ընթանում են առանց սադրանքների, բռնությունների, վիրավորանքի և առանց Հայաստանում իշխանափոխության հավակնությունների, ինչի մասին որոշ շրջանակներ անընդհատ «զգուշացնում» են։ Այս պայմաններում հայ հանրությունը սկսում է հարց տալ. «Կայեն, որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: