Ստեփանակերտ, 19 սեպտեմբերի, 2023թ
Բաքվում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, որը, ի թիվս այլ բնակավայրերի, ամբողջությամբ հայաթափվել է 2023 թվականին ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանության միջոցով։ Երկրների ստույգ ցուցակը չի նշվում, սակայն հայերի ոսկորների վրա պարողների թվում են եղել Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունների և Թյուրքական խորհրդի անդամ Հունգարիայի դեսպաններ։
Հորդան երկար ժամանակ հաղթանակներ չէր տոնել, և վերջապես 2023 թվականին Արցախի հանդեպ արշավանքն ավարտվեց «հաղթանակով»։
Ադրբեջանական ռեսուրսները փոխանցում են «դիվանագետների հիացմունքը» Ստեփանակերտում ավերված հայկական տների, հուշարձանների և հայկական ժառանգության վերաբերյալ։
«Ադրբեջանը, առաջնորդվելով միջազգային սկզբունքներով, վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրն արդեն թեւակոխել են զարգացման նոր փուլ», – ասել է Ալիևի օգնականը Հորդայի դեսպաններին, որոնք գլխով էին անում։
Ստեփանակերտի և հարակից տարածքներում 7 բնակավայրերում արդեն ապահովվել է շուրջ 12 հազար մարդու մշտական բնակություն, ասել է Ալիևի Ստեփանակերտի սատրապը։
Ստեփանակերտի կենտրոնում Ղրղզստանի դեսպանը չթաքցրեց իր ուրախությունը և բարձրաձայն մաղթեց, որ ադրբեջանցի բնակիչները, որոնք Ստեփանակերտում համարյա չեն եղել, վերադառնան քաղաք։ Ոչ մի խոսք հայ բնակիչների մասին։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը տեղահանումը կամ բռնի տեղահանումը որակում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Երկրները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես միակողմանի աջակցություն հակամարտության կողմերից մեկին։ Դիվանագիտական այցերը վիճելի տարածաշրջաններ պետք է իրականացվեն չեզոք միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն՝ հաշվի առնելով բոլոր կողմերի տեսակետները։
Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի խախտում է, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձեւերի։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն-ը նշել է, որ Բաքվում հավատարմագրված մի շարք դիվանագետներ փաստացի դարձել են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով մշակվող, համակարգվող և իրականացվող հայատյաց քարոզչության համակրողներ։ “Լեռնային Ղարաբաղ այցելած դիվանագետներից և ոչ մեկ ոչ միայն չի մերժել մարդկության հանդեպ աններելի հանցագործություն իրականացրած երկրի կողմից իրականացվող այցը, այլ գեթ մեկ անգամ չի անդրադարձել այն սարսափելի իրողություններին, որին բախվել է արցախահայությունը՝ էթնիկ զտումներ, շուրջ 120․000 հայության բռնի տեղահանումներ, հումանիտար սարսափելի ճգնաժամ, միջազգային իրավունքների և նորմերի խախտումներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի արյունարբու քաղաքականության արդյունքում։ Այս ամենի մասին լռելն ու դրա վրա անտարբերության քող սփռելով արցախահայերի պատմական բնակավայրեր այցելած Բաքվի հավատարմագրված դիվանագետները այլևս հանցակիրց են դառնում մարդկության դեմ գործած Ադրբեջանի աններելի հանցագործություններին”, ասված է հայտարարության մեջ։
Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այս համակրանքը զուտ այց չէ, այն լեգիտիմացում է այն քաղաքականության, որը միջազգային հարթակներում պետք է քննադատության արժանանար՝ որպես ցեղասպանություն։
Հայաստանի ԱԳՆ-ն Հորդայի դեսպանների այցը դատապարտող հայտարարություն չի տարածել։
Հետաքրքիր է, դեսպաններն այցելե՞լ են Արցախի հիմնովին ավերված գյուղերն ու հարցրել, թե որտե՞ղ են մարդիկ, որոնք ապրում էին Արցախի համալսարանին հարող քանդված տներում, որոնց տեղում աճում են հապճեպ տնկված ծաղիկներ։