«ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիր․ բիզնես հմտությունների զարգացում և փոքր դրամաշնորհ

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ Innobiz ՀԿ-ի և Տաթևի համայնքային կենտրոնի հետ համատեղ սկսել է նոր՝ «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը: Դա երեխաների ֆիզիկական և բարոյահոգեբանական վերականգնմանն ուղղված “Թևեր” նախագծի ընդլայնված տարբերակն է:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է Տաթև համայնքում ապրող տեղացի և Արցախից բռնագաղթած ընտանիքների համար ստեղծել կայուն զբաղվածության միջավայր և ձեռնարկատիրական հնարավորություններ։

«Թևեր ծրրագրի իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ երեխաների բարոյահոգեբանական վիճակի բարելավման համար անհրաժեշտ է աշխատել նաև նրանց ծնողների հետ, քանի որ նրանց մոտ տիրող սթրեսային անորոշ վիճակը բացասական ազդեցություն է թողնում երեխաների հոգեկան առողջության վրա: Այսպիսով մենք սկսեցինք աշխատել նաև ծնողների հետ, նրանց ևս ցուցաբերելով հոգեբանական աջակցություն: Ավելի ուշ, հաշվի առնելով, որ նրանց, ինչպես և բոլոր արցախցիների համար, ներկա պայմաններում առաջնային են տուն և աշխատանք ունենալը, հոգեբանական աջակցություն ցուցաբերելուց բացի որոշ համայնքներում մենք դոնոր գործնկերների միջոցներով սկսեցինք փորձարկել համապարփակ ծրագրեր: Դրանք խթան են հանդիսանում Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների զբաղվածության համար, ինչպես նաև ստեղծում են ձեռնարկատիրական և տարածքային զարգացման հնարավորություններ, որպեզի արցախցիները չարտագաղթեն, այլ կարողանան սովորել, կայանալ և ինտեգրվել հաստատված համայնքներում:

Վառ օրինակ է Տաթև համայնքում համայնքային կենտրոնի և Innobiz ՀԿ-ի հետ համատեղ, H. Hovnanian Family Foundation-ի կողմից տրված դրամաշնորհի միջոցով իրականացվող «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տաթևում մեր կողմից իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, ուղղված համայնքի տնտեսական և սոցիալական զարգացմանը, որոշել ենք «ԹԵՎԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ» ծրագիրը անել հենց այստեղ, քանի որ Տաթևը բավականին խոցելի համայնք է, և համայնքի բնակիչները նույնպես ունեն բազմաթիվ խնդիրներ։

Որոշեցինք իրականացնել տվյալ ծրագիրը՝ օգտագործելով համայնքում սեղծված ենթակառուցվածքները, ինչպես, օրինակ, ճոպանուղին, մեր կողմից կառուցվող նոր շուկան։ Անցյալ տարի տնկել ենք 1000 պտղատու ծառեր, որոնց բերքը նույնպես պատրաստ ենք տրամադրել, տեղացի ու Արցախցի բնակիչներին հնարավորություն տալով հիմնել սեփական չորանոց կամ որևե այլ արտադրություն:

Օգտագործելով ենթակառուծվածքները, մենք կստեղծենք կայուն զբաղվածության միջավայր ոչ միայն արցախցիների, այլև տեղացիների համար:

Ծրագիրը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը: Սկզբում մասնակիցները կանցնեն վեցամսյա վերապատրաստման փուլ, որի ընթացքում կզարգացնեն ձեռնարկատիրական հմտությունները:

Հատկանշական է, որ ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն մեծահասակները, այլ նաև երիտասարդները: 6 ամսվա ընթացքում մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ իրենց բիզնես գաղափարները մշակելու և իրագործելու համար: Մասնավորապես, նրանք կսովորեն բիզնես պլանավորում, թվային մարկեթինգ, ֆինանսների կառավարում, հաճախորդների սպասարկում և այլն: Արդյունքում նրանք պետք է կարողանան ճիշտ ձևով կազմել բեզնես գաղափարներ, որպեզի դիմեն համապատասխան կազմակերպություններ ու ստանան ֆինանսավորում:

Ծրագրի ընթացքում մեր կազմակերպության կողմից նրանք կստանան փոքր ֆինանսական աջակցություն բիզնես գաղափարները փորձարկելու համար, իսկ ծրագրի ավարտին կլինի գաղափարների մրցույթ ու լավագույն 5 բիզնես գաղափարները կստանան 5000 դոլարի չափով դրամաշնորհ:

Ծրագիրը նախատեսում է նաև երիտասարդների նախաձեռնողականության զարգացման, հոգեբանական աջակցության, առաջնորդության, միջհամայնքային ինտեգրացման միջոցառումներ և դասնթացներ: Հատկապես կարևոր է, որ մեր բոլոր միջոցառումները բաց են ոչ միայն արցախցիների, այլև Տաթև համայնքում բնակվող բոլոր հայրենակիցների համար ինչը կնպաստի համայնքների միջև ջերմ ու անմիջական մթնոլորտի ստեղծմանը։

Տաթև համայնքից կընտրվեն և կպատրաստվեն թվով 5 դասընթացավարներ՝ որպես ձեռնարկատիրական հմտությունների մասնագետներ, որպեզի նրանք հետագայում նույնպես կարողանան օգնել համայնքի բնակիչներին զարգացնել բիզնեսը:

Ծրագիրը պատրաստ է ընդգրկել 50 Արցախից բռնի տեղահանված ընտանիք: Ներկա պահին ընթանում է գրանցման փուլը և 60 մասնակից արդեն գրանցվել են»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց «Թևեր բոլորին» ծրագրի ղեկավար և համակարգող Սոնա Հովհաննիսյանը։

Արսեն Աղաջանյան

Եվրոպան միանում է ԱՄՆ-ին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Ուկրաինան և Միացյալ Նահանգները հուշագիր են ստորագրել, որը «նշանակում է հազվագյուտ հողային մետաղների և այլ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր ավարտելու և կնքելու մտադրություն»: Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 17-ին, Facebook-ում գրել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ: Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և փոխշահավետ գործընկերության համար, ինչի համար թիմերն աշխատում են փաստաթղթի վրա»,- նշել է նախարարը:

Սվիրիդենկոն հավելել է, որ առջեւում է համաձայնագրի տեքստի վերջնականացումը, ստորագրումն ու վավերացումը Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի խորհրդարանների կողմից։

Մինչդեռ ԱՄՆ նախագահը նույն օրը ասաց, որ Ուկրաինայի հետ ընդերքի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել «շուտով, հնարավոր է արդեն հաջորդ հինգշաբթի», այսինքն՝ ապրիլի 24-ին։ «Գործարք կա»,- ասել է Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպման ժամանակ։

Ներկա գտնվող ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը պարզաբանել է, որ Ուկրաինայի հետ ընդերքի գործարքի մանրամասները դեռ քննարկվում են, և որպես դրա ստորագրման հավանական ժամկետ նշել է ապրիլի 26-ը, հայտնում է AFP-ն։

Երեքշաբթի՝ ապրիլի 17-ին, Փարիզում հավաքվել են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ: Տարբեր ձևաչափերով բանակցությունների ընթացքում քննարկվել են Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղիները:

Փարիզում ԱՄՆ պատվիրակության կազմում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Բանակցություններին Կիևը ներկայացրել են Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն ասել է, որ Վաշինգտոնը բոլոր կողմերին ներկայացրել է «ուժեղ և տեւական խաղաղության ուրվագծերը»՝ չհայտնելով մանրամասներ: Նա ասել է, որ Փարիզում հանդիպումից հետո Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել «նույն ուղերձը, որը ԱՄՆ թիմը փոխանցել է Փարիզում ուկրաինական պատվիրակությանը և նրա եվրոպացի դաշնակիցներին. նախագահ Դոնալդ Թրամփը և Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմը ավարտվի»։

Անդրեյ Երմակն իր Telegram ալիքում Փարիզում կայացած հանդիպումը անվանել է «կառուցողական և դրական»։ Նրա խոսքով՝ կողմերը «կարծիքներ են փոխանակել» խաղաղության հասնելու հաջորդ քայլերի շուրջ՝ «ներառյալ ամբողջական հրադադարի իրականացումը», խաղաղապահների մասնակցությունը և Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության ճարտարապետության մշակումը»։

Ելիսեյան պալատը ևս «կառուցողական» է որակել Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները։ «Կարևորն այն է, որ այսօր Փարիզում մենք դրական գործընթաց սկսեցինք, որին մասնակցում են եվրոպացիները»,- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի խոսքերն է մեջբերում Sky News-ը։

«E3-ը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա – Խմբ.) ներգրավված են բանակցություններում, և մենք դա անում ենք եվրոպական հավակնություններով»:

Ֆրանսիացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Լոնդոնում նախատեսվում է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երեք երկրների ներկայացուցիչների նոր հանդիպում։

Վաշինգտոնն ունի «տարածությունը և ժամանակը փոխելելու» տեխնոլոգիա

Սպիտակ տունը սենսացիոն հայտարարություն է արել՝ պնդելով, որ Վաշինգտոնն ունի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս «փոխել տարածությունն ու ժամանակը»։

Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ վարչակազմի գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն Մայքլ Կրացիոսը, ում ելույթի տեքստային տարբերակը տրամադրում է Սպիտակ տունը։

ԱՄՆ-ին հասանելի տեխնոլոգիան, նրա խոսքով, «վերացնում է հեռավորությունը, արագացնում աճը, բարձրացնում արտադրողականությունը»:

«Նոր աշխարհակարգը» կառուցվելու է տեխնոլոգիական հեղափոխության վրա, և մինչ ԱՄՆ-ն ստանձնում է արդյունաբերության, տրանսպորտի և կապի հետ կապված տեխնոլոգիաների զարգացումը, Ռուսաստանը, օրինակ, մասնագիտանում է գենային տեխնոլոգիաների՝ կյանքի երկարացման, ծերացման դադարեցման և բուժման նորարարական մեթոդների մեջ: Չինաստանը, իր հերթին, խորանում է նոր մանրէաբանական տեխնոլոգիաների մեջ, ներառյալ վիրուսները և «մահվան տեխնոլոգիաները»:

Այս տեխնոլոգիաների համակցությամբ կկառուցվի նոր աշխարհակարգը, ինչը թույլ կտա “կարգավորել” նույնիսկ Երկրի բնակչության թիվը։

Միայն Մոսկվան ու Բաքուն են պահանջում Մինսկի խմբի լուծարումը

Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը և Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ ներկայիս ներկայացուցչի անձնական ներկայացուցչի պաշտոնը, այս ամենը ենթակա է լուծարման։ Մենք կարծում ենք, որ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բաքվից բացի միայն Մոսկվան է պահանջում Մինսկի խմբի լուծարումը, թեկուզ դրա համանախագահն է և, ի դեպ, արդեն 30 տարի քննարկում է Արցախի «վիճելի» կարգավիճակը։ Ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը, ոչ այլ երկրներ հրապարակայնորեն չեն պահանջել Մինսկի խմբի լուծարումը։

Դեռ հստակ չէ, որ կառավարությունը շարունակելու է 40 հազարական դրամ աջակցությունը եւս երկու ամսով։ Այդ առաջարկը որպես նախապայման է հնչել

«Կա մտահոգություն, եւ մենք առաջիկա օրերին հանդիպումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ մարզերում, լսելու ենք իրենց տեսակետը կառավարության այս պայմանի վերաբերյալ։ Մտահոգությունը հետեւյալն է եղել՝ եթե իրենք ուժ կիրառեն, բնականաբար, սա եւս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել։ Մենք ուղիղ հայտարարել ենք եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ենք ասել, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ այս փուլում մենք լինելու ենք այստեղ»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ իրենց համար միանշանակ անընդունելի է կառավարության այն դիրքոշումը, որ արցախցիների պահանջագրի մյուս 11 կետերը չեն քննարկվում։ «Վերջին օրերին տեղյակ եք ԱԳՆ արձագանքի մասին, այդ առնչությամբ եւս մեր մտահոգություն ենք հայտնել, եւ այդ առնչությամբ մեր պայքարը շարունակվելու է՝ անկախ ձեւաչափից»,- ասաց նա։

Նդժեհ Իսկանդարյանը միաժամանակ ասաց՝ դեռ հստակ չէ, որ կառավարությունը շարունակելու է 40 հազարական դրամ աջակցությունը եւս երկու ամսով։ Այդ առաջարկը որպես նախապայման է հնչել փոխվարչապետի կողմից։ «Եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակելու։ Հիմա մեր մտահոգությունն այն է, որ պետք է մեր հայրենակիցների հետ խոսենք, ժողովուրդը պետք է որոշի մեր հետագա անելիքները»,- նշեց նա։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ կառավարությունում միայն սոցիալական հարցերի շուրջ են իրենց հետ խոսում, իրենց ներկայացրած քաղաքական հարցերի շուրջ ընդհանրապես խուսափում են խոսել։ «Իրենք մեզ ասել են՝ փորձում ենք բարելավել սոցիալական ծրագրերը։ Իրենք խոսքի մեջ ընդունում են, որ բոլոր ծրագրերը տապալված են, 20-25 հազար մարդ արդեն արտագաղթել են, եւ եթե առաջիկայում ծրագրերը չբարելավվեն, զբաղվածության խնդիրները չլուծվեն, արտագաղթը շարունակվելու է»,- ասաց նա։

Ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ արդյոք վրանը պետք է հանվի, թե՞ չէ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն Ազատության հրապարակում տեղադրված վրանում շարունակում է հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել։ Խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում անդրադրձավ հետագա անելիքներին։ Ինչպես հայտնի է, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիներին առաջարկել է եւս երկու ամսով երկարաձգել աջակցության ծրագիրը եւ յուրաքանչյուր տեղահանված արցախցու 40 հազար դրամ հատկացնել։ Բայց պայմանով, որ արցախցիները պետք է հրապարակից հանեն վրանը։

«Ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ արդյոք վրանը պետք է հանվի, թե՞ չէ, արդյոք ուզո՞ւմ են գնալ այդ տարբերակին, որ երկու ամիս էլ երկարաձգվի, եւ գնանք իրենց հետ փորձենք բնակարանային ծրագրի շուրջ քննարկումներ անել։ Բայց քանի որ մեր պահանջագրում կան 12 կետեր, որոնցից 11-ը չեն վերաբերում սոցիալական բնագավառին, իսկ այսօր քննարկումները գնում են սոցիալական ծրագրերի շուրջ, մենք պետք է շարունակենք քննարկումներն ու որոշում կայացնենք մեր հետագա անելիքների շուրջ»,- ասաց նա։

Արտակ Մկրտչյանը նաեւ նշեց, որ շուտով վրանում կսկսեն քննարկում մասնագիտական խմբեր ձեւավորելու հարցի շուրջ, որպեսզի կառավարության հետ աշխատանք իրականացնեն։ «Ինչ էլ որ լինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք, եւ իրենք պարտավոր են մեր պահանջագրի կետերի շուրջ մեզ հետ քննարկումներ անել։ Մեկ է, մենք մեր պայքարը շարունակելու ենք մյուս 11 կետերի շուրջ»,- հավելեց նա։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե արցխացիները համաձայնել են 40 հազար դրամի դիմաց փոփոխություններ մտցնել իրենց պայքարում, Արտակ Մկրտչյանն ասաց, որ դեռ կոնկրետ հայտարարություն չեն տարածել՝ համաձայն են կառավարության առաջարկին, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ այս քննարուկումների նպատակն այն է, որպեսզի հասականալի լինի՝ ժողովուրդն ինչ է ցանկանում։ «Վրան հանել, հետքայլ անել, հանրահավաք չանել, քննարկումներ եղել են, այդ քննարկումները շարունակվում են, բայց մենք ասել ենք, որ մի քանի օր դեռ շփումներ են լինելու ժողովրդի հետ՝ հասկանալու իրենց կարծիքներն ու առաջարկները։ Հետո արդեն խորհուրդը որոշում կկայացնի, թե ինչ է անելու»,- նշեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախի հարցը փակված է, եւ Մինսկի խումբը պետք է լուծարել, Արտակ Մկրտչյանն ասաց․ «Միանշանակ մենք չենք համարում, որ Արցախի հարցը փակված է, քանի որ մեր պահանջագրի հենց առաջին կետը Արցախ վերադարձն է՝ հավաքական, արժանապատիվ, անվտանգ»։

 

Սոփեստություն. Փաշինյանը փորձում է արդարանալ

Նիկոլ Փաշինյանը կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի եզրափակիչ ելույթում նշեց, թե շուրջ 30 տարի կառուցել ենք մի պետություն, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, ղարաբաղյան շարժմանը և հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մեծամասնությունը հաշտ է եղել այդ մոդելի և այդ նպատակադրման հետ: Ինքը նույնպես լիարժեքորեն հաշտ էր դրա հետ մինչև այն պահը, երբ որպես Հայաստանի վարչապետ փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց քայլ առ քայլ հասկացել է, որ եթե Հայաստանի համար անկախությունը և պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի իրենց պատկերացրած լուծման համար, ապա մի շարք արտաքին դերակատարների համար «Ղարաբաղի հարցը միջոց է մեր պետականությանը վերջ դնելու համար»:

Փաշինյանը չի ասում, որ միտքը փոխել է 2020 թ․ պատերազմից հետո, երբ Արցախը Հայաստանի հետ ուժող պահելու գաղափարը փոխարինվեց ուժով հանձնելու գաղափարով։ Նրա խոսքով ստացվում է, որ վարչապետ դառնալով, այսինքն՝ 2019-ին, նա ծանոթացել է փստաթղթերին և հասկացել, որ ամեն ինչ վատ է։ Բայց միևնույն է՝ գնացել է 2020-ի պատերազմին և ռուսական բանակի ներգրավմանը։   

Այս պետությունը երշիկի ու հարկ տալու մասին չէ, այլ հայկական ինքության մասին է

«Այս իշխանությունը մեզ ասում է՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ն ընդհանրապես խաղաղ կլինի։ Էս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են, Սյունիքը որ տաք, էդ կրակրոցները կդադարեն»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հավելեց․ «Իսկ գիտե՞ք՝ 2024-ը ինչ թվական է եղել, 2024-ը եղել է թվական, երբ Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց վարչության նիստում նստել ու որոշել են՝ ինչն է Հայաստանը, ինչը չէ։ Եվ որոշել են, որ, օրինակ, Տավուշի գյուղերը Հայաստան չեն։ Եղբայր, ո՞վ է ասում՝ Հայաստան չեն, մեր վարչությունը։ Շուռնուխի կեսն էլ Հայաստան չէ, ո՞վ է ասում, ես եմ ասում։ Ու 2024-ը եղել է տարի, երբ դուք երկու երկրների հանձնաժողովների համաձայնագիրն առանց ԱԺ-ում հաստատելու Տավուշից զորքերը հետ եք քաշել։ Ասում ենք՝ միակողմանի զիջումներ եք անում, ասում է՝ ո՞վ է ասել, այդ փաստաթղթում ինչ գրված է, երկկողմանի է։ Էլի կոնստրուկտիվ առաջարկ ունեմ ձեզ՝ հաջորդ պայմանավորվածությունը ֆիքսեք, որ կողմերը պայմանավորվում են Իսկադեր չունենալ, ո՞վ Իսկադեր ունի, Հայաստանը։ Կողմերը պայմանավորվում են Սեւանը չօգտագործել։ Սա նույնն է, ինչ ձեր առաջ քաշած այն կետը, որ կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների ուժեր չտեղակայել սահմանին, ոչինչ, որ միայն Հայաստանը դրա կարիքն ունի»։

Քրսիտինե Վարդանյանն ասաց, որ տրամաբանական կլիներ, որ անվտանգային այս խնդիրների պայմաններում ռազմական բյուջեն էապես ավելացվեր։ Բայց, նրա խոսքով, այս կառավարության համար գլխավոր խնդիրը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ բողոքի ցույց իրականացնող քաղաքացին է։ Դրա համար ՆԳՆ բյուջեն աճել է 18 տոկոսով, իսկ պաշտպանության բյուջեն՝ ընդամնեը 7 տոկոսով, որովհետեւ բողոք իրականացնող քաղաքացին է սպառնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ Ալիեւի պահանջով է Նիկոլ Փաշինյանը խոսում նոր Սահմանադրության մասին։ «Կրթվելու մասին եք խոսում, նեղանում եք, երբ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն այս ազգին չի կարող կրթել։ Եղբայրներ եւ քույրեր, կրթվելը լավ բան է, բայց այս ազգին կարող են կրթել Մաշտոցը, Կորյունը, Թումանյանը։ Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից ի՞նչ պիտի սովորենք։ Բայց մի հարցում ես ձեզ հետ համաձայն եմ՝ դուք մաստեր կլաս եք ցույց տալիս ռեբրենդինգի ոլորտում, որովհետեւ Ալիեւի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի «արեւմտյան Ադրբեջանն» է։ Հո չէիք գալու ասեիք՝ մենք «արեւմտյան Ադրբեջան» ենք այստեղ կառուցում, պիտի գայիք, դա փաթեթավորեիք եւ դրա փաթեթավորումը դուք «իրական Հայաստան» կոնցեպտի ներքո եք իրականացնում։ Այս պետությունը չի կարող լինել երշիկի ու հարկ տալու մասին, այս պետությունը հայկական ինքության մասին միայն կարող է լինել, այդ ինքնության պաշտպանման ու զարգացման»,- հայտարարեց Վարդանյանը։

Լիաննա Պետրոսյան․ արցախցիները դեմ են վրանը հանել՝ 2 ամիս 40 հազ․ օգնության դիմաց

Lianna Petrosyan-ը հայտարարություն է տարածել․  

Հիմքում ունենալով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ս.թ. ապրիլի 15-ի հայտարարությունը՝ https://www.facebook.com/share/p/1G31ctz5Tk/?mibextid=wwXIfr, մասնավորապես, խնդրանք-հորդորը, որ բոլոր շահագրգիռ ու սրտացավ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա օրերին ներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝
ես՝ որպես անձ, ով ավելի քան 1,5 տարի զբաղվում է Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-իրավական խնդիրներով, որի ընթացքում որդեգրել եմ բաց եւ հրապարակային աշխատելաոճը, բարձրաձայնվող խնդիրների համար հնարավորինս լայն և հանրային ուսումնասիրությունների արդյունքներով առաջնորդվելը՝
ապրիլի 16-ին հանրային կարծիքի ուսումնասիրության նպատակով տեղադրել եմ հարցում https://www.facebook.com/share/p/1BMfTx1ZGB/?mibextid=wwXIfr
Հարցման արդյունքում ավելի քան 4100 անձ Ֆեյսբուքյան հարթակում և 3800 օգտատեր Տելեգրամյան ալիքում արտահայտել է իր կարծիքը. մասնավորապես, որ «Դեմ է» մարտի 29-ի հանրահավաքի արդյունքում Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանի հեռացմանը՝ բնակվարձի աջակցության ծրագրի շահառու անձանց ևս երկու ամսով 40,000 աջակցություն տրամադրելու նախապայմանով։
Այս հարցումը հերթական անգամ ապացուցեց և վերահաստատեց, որ մեր տեղահանված հայրենակիցները, անկախ իրենց ծանր սոցիալ-տնտեսական և հոգեբանական վիճակից, պատրաստ չեն՝ ընդունելու ՀՀ Կառավարության «մանր առևտուրը», որովհետև վրանը՝ որպես ակցիայի միջոց, ի սկզբանե դրվել էր ավելի լայն խնդիրների լուծման հասնելու ակնկալիքներով։
Մարտի 29-ի հանրահավաքը և դրան հաջորդած միջոցառումներն ու զարգացումներն ապացուցեցին, որ այս ողջ ընթացքում իմ, ձեր և այլ անձանց ու միավորումների՝ որպես տեղահանվածների հարցերով շահագրգիռ կողմերի, ներկայացրած և վկայակոչած խնդիրներն իրական են, և մեր բոլորիս առաջարկությունները բխել են բացառապես տեղահանվածների իրական կարիքներից, այլ ոչ թե՝ ինչպես Կառավարության որոշ ներկայացուցիչներ են մեջբերել՝ անձերի կամայական ցանկություններից։
Եւ այս ողջ ընթացքում որևէ մեկիս համար հանրային-հասարակական գործունեությունն ինքնանպատակ չի եղել։
Այս ընթացքում հուսով եմ՝ ՀՀ Կառավարության որոշ ներկայացուցիչներ կփոխեն իրենց կարծիքները և կտեղափոխվեն ավելի կառուցողական դաշտ, կսկսեն իրապես լսել մեզ բոլորիս, և հետագայում եւս ստիպված չենք լինի նոր ակցիաներ իրականացնել՝ ի պաշտպանություն մեր իրավունքների։
Այս օրերին ՀՀ Կառավարության հետ բանակցել են Խորհրդի ներկայացուցիչները։ Թե ինչքանով է Կառավարությունն այս պահին ազնիվ իր պատրաստակամության մեջ, կարող են փաստել միայն նրանց հետ ուղիղ բանակցություն իրականացրած անձինք։
Կառավարության հաստատած գործող ծրագրերը պետք է վերանայվեն և ձևափոխվեն այնպես, որ մեր տեղահանված հայրենակիցները կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանում և հընթացս պայքարեն Պահանջագրի մնացյալ 11 կետերի համար։

FIP.am. Որքան է կազմել ԼՂ-ից տեղահանվածների համար տրամադրված միջազգային օգնությունը․ տվյալներ

FIP.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ապրիլի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ (մոտ 294.3 մլն դոլար)։

«Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ այդ միջոցների 85-90%-ը ծախսվել են Կառավարության բյուջետային միջոցների հաշվին: Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների լրացուցիչ աջակցության գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք և որը շատ բարձր ենք գնահատում»,- նշել է փոխվարչապետը։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ միջազգային օժանդակություն է ստացել ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով, և ստացված պատասխանի հիման վրա ամփոփել է միջազգային օգնության ծավալները՝ ըստ երկրների ու միջազգային կառույցների։

Ուղիղ բյուջետային հատկացումները

Այսպես, FIP.am-ի հարցմանն ի պատասխան, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնել են, որ ուղիղ բյուջետային աջակցության միջոցով օգնություն են տրամադրել Լիտվայի և Լատվիայի կառավարությունները՝ համապատասխանաբար €350 000-ի ($398,000)  և  €100 000-ի ($113,00) չափով։

2024 թ․ հունիսին ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում տրամադրվել է €15 մլն։ Գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերին, համաձայնագրում լրացումների արդյունքում ևս €25 մլն է հատկացվել։

$1 մլն է հատկացրել Չինաստանի կառավարությունը։

Գործընկեր կառույցների միջոցներ

Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են նաև, որ բռնի տեղահանվածների կարիքների հասցեագրման նպատակով 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի» հիմնադրամի շահառու, ինչի արդյունքում հավաքագրվել է $16 մլն։

Հիմնադրամի շրջանում հավաքագրված 16 մլն դոլարի դրամաշնորհային միջոցները հավաքագրվել են «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը» բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում տրամադրվող $92.3 մլն-ի վարկային միջոցների լրացման արդյունքում․ այն կնքվել է 2024 թ․ մայիսին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև։ 

ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի» շրջանակում հավաքագրվել է $52 մլն։

Եվս $50 մլն են հատկացրել Կարմիր խաչ միջազգային կազմակերպությունը, մի շարք այլ կազմակերպություններ և երկրների զարգացման գործակալություններ։

Այսպիսով, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրված միջազգային օգնությունը դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ $165 մլն կամ մոտ 64.5 միլիարդ դրամ։

Փաստացի, միջազգային օգնության այս ծավալը կազմում է արցախցիների կարիքների համար առ այս պահը հատկացված 115 միլիարդ դրամի կամ 294.3 մլն դոլարի օգնության կեսից փոքր-ինչ ավելին`56.12%-ը։

Բնաիրային աջակցություն  

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվել է նաև բնաիրային օգնություն, որի ծավալները փոխվարչապետի գրասենյակից չեն ներկայացրել։ FIP.am-ի հարցման պատասխանում միայն նշվում է, որ այդպիսի օգնություն է տրամադրվել ԵՄ  քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և առանձին պետությունների, մասնավոր նախաձեռնությունների կողմից։

Ինչպես և որքան գումար է բաշխվել 

Կառավարությունից հայտնել են, որ ԼՂ-ում էթնիկ զտումից ի վեր առ այս պահը բաշխվել է միջազգային դրամական օգնությունից փոքր մասը՝ մոտ 8 միլիարդ դրամը կամ 12.4%-ը։

«Այս համատեքստում հայտնում ենք, որ հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային և սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվել են 960 մլն դրամի վճարներ։ 

Իսկ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության և այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված ծրագրով մոտ 6.8 մլրդ դրամի վճարումներ»,- նշվում է հարցման պատասխանում։

Խնդիրը «վրանը» կամ «50 հազարը» չէ. Արցախի ժողովուրդը կհրաժարվի՞ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից

Մարտի 29-ի արցախցիների հանրահավաքից և դրան հաջորդած գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ Հայաստանի գործող իշխանությունը լավագույն դեպքում արցախցիներին որոշ ժամանակով կպահի «ժամանակավոր պաշտպանության» տակ, իսկ հետո վերջնականապես կփակի հարցը։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Արցախի մասին այլեւս խոսք չկա, իսկ Արցախի ժողովրդի հարցը Բաքվի հետ չի քննարկվում, քանի որ «Ադրբեջանում» հայ չի մնացել։ Նրա խոսքով, իրենց արտաքին քաղաքականությունն ուղղված էր ոչ թե Արցախը հայկական պահելուն, այլ հայերի իրավունքների պաշտպանությանը Ղարաբաղում, որը նա համարում է Ադրբեջանի մաս։

Բաքուն այլ կերպ է մտածում և ասում, որ Հայաստանի Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրի համաձայն՝ Արցախը Հայաստանի մաս է, և անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից հանել 1989 թվականի որոշման հղումը։

Չնայած ՀՀ իշխանությունները դա չեն հաստատում, բայց չեն էլ կարող բացահայտ հրաժարվել ՀՀ Հռչակագրից եւ Միացումի մասին որոշումից։ “Ճիշտ կլինի”, որ դա անի հենց Արցախը։

Պաշտոնական Երեւանը հրաժարվում է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավաքաղաքական շահերը, մասնավորապես՝ իր պատմական հայրենիքի ու հողի իրավունքը։ Օրինակ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Իսրայելն ունի «բիբլիական իրավունքներ» Պաղեստինի նկատմամբ։ Արարատի, Արցախի, Նախիջևանի դեպքում Երևանը չի խոսում հայերի «բիբլիական իրավունքների» մասին։ Մինչդեռ այդ իրավունքների ամրագրումը Անկախության հռչակագրում չի վիճարկվում ոչ մի երկրի կողմից։ Այս իրավունքները կարող են չեղյալ համարել միայն իրենք՝ հայերը, ավելի լավ կլինի՝ արցախցիները։

Դրա համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արցախցիները չուզենան Հայաստանի հետ միավորված ապրել, որպեսզի նրանք Հայաստանում անկոչ հյուր զգան իրենց։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի անպարկեշտ առաջարկը փորձ է արցախցիներին ստիպելու ընտրություն կատարել հայկական քաղաքական իրավունքների և երկամսյա գոյատևման միջև։ Ի՞նչ է ընտրելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը։ Նրա անդամներն ասացին, որ ժամանակ են վերցրել մարդկանց հետ խորհրդակցելու համար: Լիաննա Պետրոսյանը նույնիսկ սոցիալական հարցում է սկսել՝ շարունակե՞լ պայքարը, թե՞ վրանը հանել և մեկ անձի հաշվով ստանալ 100 հազար։

ՀՀ կառավարությունը «բազար» է սկսել՝ հասնելու հիմնական հարցին․ արցախցիները համաձա՞յն են հրաժարվել Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումից։ Եթե ​​Արցախի խորհրդարանը որոշի հրաժարվել Միացումից, ապա ոչինչ չի խանգարի Բաքվին և Երևանին լուծարել Երրորդ Հանրապետությունը և հռչակել «Անդրկովկասյան Հանրապետություն», որի նախագահը, ըստ վերլուծաբանների, կլինի Ալիևը։

Արցախի Խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարացնելու որոշման նկատմամբ Հայաստանի կառավարության անսպասելի «հանգիստ» վերաբերմունքը հուշում է, որ Արցախի իշխանությունները դեռ պետք են, որ չեղյալ համարեն 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը։ Թերևս դա է Սամվել Շախրամանյանի՝ առաջադրվելուց հավանական հրաժարվելու և Սամվել Բաբայանի՝ նախագահ դառնալու մասին խոսակցությունների պատճառը։

Հայաստանի ճակատագիրը կրկին կախված է Արցախից. խաղահարթակին է ոչ թե «վրանը» և 100.000 աջակցությոունը, այլ Հայաստանի ինքնիշխանությունը, որը կառուցված է հայկական անօտարելի և միջազգայնորեն ճանաչված իրավունքների վրա։

Նաիրա Հայրումյան

Բակապահովման ծրագրի շրջանակում տրամադրվել է 1020 հավաստագիր, որից իրացվել է 115-ը

Ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 1020 հավաստագիր, որից իրացվել է 115-ը։