Ինչ կլինի, եթե իշխանությունը ՀՀ-ում փոխվի․ Միրզոյանի պատասխանը թուրք լրագրողին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: 

Լրագրող․ Դուք ասացիք, որ համապետական ընտրությունները հաջորդ տարի են, 2026-ին։ Եթե փոփոխություն տեղի ունենա, եթե կառավարությունը փոխվի, արդյո՞ք կլինի փոփոխություն բանակցությունների հարցում քաղաքական գծում։ 

Արարատ Միրզոյան․ Կարող եմ վստահ ասել, որ ՀՀ ներկայիս կառավարության և վարչապետ Փաշինյանի խաղաղության օրակարգը լիարժեք աջակցություն ունի հայ հասարակության կողմից։ Դե, իհարկե, կան նաև քննադատողներ։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այնտեղ էլ մենք ունենք մեծամասնություն։ Բայց ժամանակը անցնում է, և եթե ՀՀ կառավարությունը չկարողանա ապահովել շոշափելի արդյունքներ կարգավորման գործընթացում, նույնիսկ խաղաղության օրակարգին հավատացողները կարող են հարցեր  բարձրացնել։ Այսինքն, այսօր ունենք աջակցություն, բայց այս աշխարհում ոչինչ անվերջ չէ, և, իհարկե, իրավիճակները կարող են փոխվել։

Շատ հետաքրքիր դիտարկում է, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Օրինակ՝ եթե մեր իշխանության օրոք չստորագրվի “խաղաղությունը”, որը Հայաստանում կապիտուլյացիա են անվանում, ապա հաջորդ իշխանությունը ազգայնական կլինի, ոչինչ չի ստորագրի և կբարձրացնի հայկական իրավունքները, որոնք մենք թաղել ենք։ Այնպես որ, մի “սադրեք” մեր հասարակությանը։

Երկրորդ մեկնաբանություն․ եթե մենք չլինենք իշխանություն, կգան ռուսական ուժեր և թուրքերից կկրկին “կխլեն” նվաճումները, ինչպես եղել է 1918-21 թթ․։ Այնպես որ, Թուրքիային շահավետ միակ իշխանությունը մենք ենք։ 

 

 

 

Նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Այլ մանրամասներ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում չեն նշվում:

Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր՝«Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։

Հրապարակ․ Սամվել Բաբայանն է ուզում Արցախի նախագահ ընտրվել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ-ն երեքշաբթի օրն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով պահպանեց Արցախի նախագահի պաշտոնը։ Ուշ երեկոյան հրավիրված նիստին 33 պատգամավորից 30-ը, այսինքն՝ բոլորը, ովքեր գտնվում են Հայաստանում, մասնակցել են։ Այդ թվում՝ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները, որոնց բոյկոտի պատճառով Հայաստանում հրավիրված նիստերը տապալվում էին։

Ասում են՝ Սամվել Բաբայանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահի լիազորությունները լրանալուց՝ մայիսի 21-ից հետո խորհրդարանը կկարողանա նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայնով:

Եթե առաջին փուլով չընտրվի, երկրորդում՝ 17 ձայնով։ Ուշագրավ է, որ Սամվել Շահրամանյանը չի հստակեցրել`  առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, միայն հորդորել է` ընդունել այդ փոփոխությունները, որ նախագահի ինստիտուտը չլուծարվի։ Ի դեպ, երեկ Արցախի ներկայացուցչության մոտ 2 տասնյակ ցուցարար էր հավաքվել, ըստ արցախցիների` Բաբայանի կողմնակիցներ, որոնք Շահրամանյանից պահանջում էին միասին գնալ դատախազություն եւ պարզել իր դիմումի ճակատագիրը։

Նա 2023 թ. նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ դատախազություն, որ Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների, յուրացումների վերաբերյալ քրգործ հարուցվի՝ տարածված խոսակցություններին վերջ տալու համար:

Արցախի նախագահի ցուցումով դատախազությանն էին տրամադրվել Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները: Ցուցարարները հայտարարել են՝ եթե Շահրամանյանը չի կարողանում թալանը վերադարձնել, թող հեռանա, Բաբայանը կգա՝ կանի։ Սրանով մի քանի խնդիր են  լուծում․ Բաբայանին նախագահ դարձնել եւ արցախցիների պայքարն ուղղորդել Արցախի իշխանությունների դեմ»:

Sony World Photography Awards-ի հաղթողները

Լոնդոնում հայտնի են դարձել հեղինակավոր Sony World Photography Awards 2025-ի հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Somerset House-ում, որտեղ հաղթողների աշխատանքները կցուցադրվեն ապրիլի 17-ից մայիսի 5-ը։

Տարվա լուսանկարիչ է ճանաչվել բրիտանացի լուսանկարիչ Զեդ Նելսոնը, ով հաղթել է Վայրի բնություն և կենդանիներ անվանակարգում, իսկ լուսանկարչության մեջ ակնառու ներդրման համար մրցանակը շնորհվել է ԱՄՆ վավերագրական լուսանկարիչ Սյուզան Մեյսելասին:

Հայտնի են դարձել նաև այլ մասնագիտական ​​անվանակարգերում հաղթողներ։

Հաղթողների լուսանկարները՝ BBC-ի պատկերասրահում։

Սյուրռեալիզմ. Սա չէր կարելի պատկերացնել նույնիսկ մղձավանջում

Սալվադոր Դալի

Երբ մի քանի տարի առաջ «Լրագիր»-ը գրում էր, որ ամեն ինչ գնում է հենց այս ուղղությամբ, շատերը դա անվանում էին ինչ ասես, բայց ոչ քաղաքական վերլուծություն: Այն ժամանակ շատերը նույնիսկ ամենավատ մղձավանջներում չէին կարող պատկերացնել.

Որ Փաշինյանը բացահայտ կառաջարկի հաջորդ Սահմանադրության մեջ հղում չանել Անկախության հռչակագրին, իսկ Լեւոն Զուրաբյանը կասի, որ ոմանք դերասանից վերածվում են քաղաքական գործիչների, իսկ Փաշինյանը քաղաքական գործիչից մեյմուն է դառել

Որ Արարատ Միրզոյանը Արցախի հանձնման մեջ մեղադրելու է հենց Արցախի ժողովրդին, իսկ Ալեն Սիմոնյանը կասի, որ արցախցին չի կռվել

Որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արցախցիներին կառաջարկի երկու ամսով երկարացնել 50 հազարի վճարումը, միայն նրանք հեռացնեն Օպերայի հարթակից վրան-շտաբը

Որ Փաշինյանը բացահայտ կհայտարարի, թե ժամանակին օտար քաղաքական գործիչներին խնդրել է հայանպաստ հայտարարություններ չանել և չպաշտպանել Հայաստանի շահերը, իսկ հիմա ավելի կոշտ է պահանջելու, որ ոչ չխոսի Հայաստանի իրավունքներից

Որ Արարատ Միրզոյանը կասի, թե Մինսկի խումբը կարող է բացասական ազդեցություն ունենալ Բաքվի և Երևանի «խաղաղության» վրա

Որ Բաքվի և Անկարայի համագործակցության ամենահաջող քայլը՝ Հայաստանի աջակցությունն էր Թուրքիայի նախկին արտգործնախարարին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրելու հարցում

Որ Քաղաքացիական պայմանագրի դեմ թեժ պայքարում Գյումրիի քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը, ով անմիջապես կհայտարարի, թե կողմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը

Որ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից գաղտնի երկու նիստ կանցկացնի Երևանում և Սահանադրության մեջ փոփոխություն մտցնելով կերկարաձգիի խորհրդարանի և նախագահի լիազորությունները

Որ Պետրոս Ղազարյանը Գեղամ Ստեփանյանից կպահանջի, որ արցախցիները չպաշտպանեն իրենց իրավունքները, այլապես Հայաստանում պատերազմ կլինի

Որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար լավագույն հարթակ կընտրվի Թուրքիան

Որ արցախցիները ՀՀ ԱԳՆ-ի դիմաց այրելու են ՀՀ կառավարության ծրագիրը, որում Փաշինյանի թիմը խոստանում է դեօկուպացնել Շուշին և Հադրութը

Որ Երևանում արցախցիները ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ատելություն սերմանելու փաստերի վերաբերյալ ծանուցում կներկայացնեն դատախազություն

Որ Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանը իրեն կհռչակի ամենահին քրիստոնեական երկիրը։

շարունակելի

Արցախցիների վրան-շտաբ են այցելել ԵԽ ֆրանսիացի պատգամավորները

Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան-շտաբ են այցելել ԵԽ ֆրանսիացի պատգամավորները։

Նրանք իրենց զորակցությունը հայտնեիցն արցախցիներին ու ասացին, որ արցախցիների ձայնը կբարձրացնեն ԵՄ հաստատություններում։

«1915 թվականի ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է, եւ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական զոհը եղել է հենց արցախահայությունը։ Եվ մենք այստեղ ենք՝ սատարելու հայերին, քանի որ տեսնում ենք՝ ինչքան մոտենում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակը, այնքան Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանն ավելին է, քան ագրեսոր։ Հստակ է՝ կա ագրեսոր պետություն, որն Արդբեջանն է, եւ կա ագրեսիան կրող պետություն, որը Հայաստանն է այս դեպքում։ Ֆրանսիան կբարձրացնի արցախցիների ձայնը, բայց Ֆրանսիայն միայնակ չի կարող ձայն բարձրացնել ընդհանուր Եվրոպական միության տարածքում։ ԵՄ մյուս պետությունները նույնպես պետք է հայացք չթեքեն Հայաստանից, չնայած որ շատ պետություններ Ադրբեջանի հետ տնտեսական ու քաղաքական շփման մեջ են»,- ասաց ԵԽ ֆրանսիացի պատգամավորներ Նիկոլաս Բեյը։

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը սահմանել է «կին» հասկացությունը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել “կին” իրավական սահմանման վերաբերյալ: «Դատարանի միաձայն որոշումն այն է, որ 2010 թվականի Հավասարության ակտում «կին» և «սեռ» տերմինները վերաբերում են կենսաբանական կնոջը և կենսաբանական սեռին», – ասվում է վճռում:

Այնուամենայնիվ, 2010 թվականի հավասարության մասին օրենքը նաև “պաշտպանում է տրանսգենդերներին”:

Դատարանի որոշման մեջ հիշեցվում է, որ Հավասարության մասին օրենքը հստակեցնում է, որ անձը կա՛մ կին է, կա՛մ տղամարդ:

«Մենք միշտ աջակցել ենք մեկ սեռի տարածքների պաշտպանությանը կենսաբանական սեռի հիման վրա: Այս որոշումը հստակություն և որոշակիություն է տալիս կանանց և ծառայություններ մատուցողներին, ինչպիսիք են հիվանդանոցները, ապաստարանները և սպորտային ակումբները: Սեռական տարածքները պաշտպանված են օրենքով և միշտ պաշտպանված կլինեն այս կառավարության կողմից»:

Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոչը դատարանի որոշումը «հաղթանակ» է անվանել։

«Տրանս կանայք կանայք են» հայտարարությունը երբեք իրական չի եղել, և դա այլևս ճիշտ չէ օրենքի մեջ», – ասաց նա: «Սա հաղթանակ է բոլոր այն կանանց համար, ովքեր բախվել են անձնական չարաշահումների կամ կորցրել են աշխատանքը՝ ակնհայտը նշելու համար: Կանայք կանայք են, իսկ տղամարդիկ՝ տղամարդիկ. դուք չեք կարող փոխել ձեր կենսաբանական սեռը»:

Ո՞նց է ստացվում, որ Բաքվին տարածքն է պետք առանց արցախցիների, իսկ Երևանը տարածքի մասին չի խոսում

«Մենք փորձում էինք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում՝ միջազգային երաշխիքների ու մեխանիզմների ստեղծման ճանապարհով նրանց միջեւ ուղիղ խոսակցությու սկսել։ Այդ թվում՝ ջանքեր գործադրվեցին Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ, մենք վստահ էինք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում հնարավոր էր լինելու որոշակի հարցեր լուծել։ Եվ փաստ է, որ բռնի տեղահանությունից հետո, հատկապես իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթի հռաչակումից հետո, այդ օրակարգն այլեւս չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այնտեղ հայություն չկա, որի իրավունքների մասին խոսք կլինի»,- այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս իշխանությունն Արցախի հարցը հանել բանակցություններից։

Բաքուն խոսում է առանց արցախցիների տարածքների մասին, իսկ Երևանը ասում է, որ պատրաստ էր միայն արցախցիների իրավունքները պաշտպանել, առանց տարածքների։ Սակայն 1989 որոշմամբ Արցախի ժողովուրդը միացել է Հայաստանին իր տարածքով հանդերձ։   

Նա լրատվամիջոցներին մեղադրեց ԱԳՆ հայտարարությունը խեղաթյուրելու մեջ։ «Ներկայացրեցին, թե մենք ենք հանել հարցն օրակարգից։ Կրկնում եմ՝ այս կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որեւէ կերպ հասցեագրվի։ Եվ հիմա մեղադրել մեզ այդ հարցն օրակագրից հանելու մեջ, այն պարագայում, երբ մենք ասում էինք՝ նշաձողն իջեցնել է պետք է եւ այդ դեպքում կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, հողեր ծախելու մեջ։ Հանրահա՞յտ չէր, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, ես չեմ հասկանում, էս հարցերի պատասխանը վերջը պետք է տրվի, թե՞ չէ։ Ինչքա՞ն կարելի է անընդհատ իրենց նույն թերթերի միջոցով ասել՝ Ղարաբաղը հանձնեցին, Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտե՞ք ինչ են ասում, ասում են՝ Ղարաբաղը Հայաստանի կառավարությունը լուծարեց, լավ, էդքան կա՞րճ է մարդկանց հիշողությունը, ո՞ւմ եք հիմարի տեղ դնում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մի քանի անգամ հերքել է ՀՀ իշխանությունների այս հայտարարությունները, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են բանակցել։

«Սոֆիայի հանդիպման մասով առաջարկը եղավ Արեւմուտքից, մենք ասում էինք՝ դե ասեք, միջազգային մեխանիզմը ո՞րն է։ Ադրբեջանն ասում էր՝ ոչ մի միջազգային մեխանիզմ, մենք արդեն զիջում ենք անում, որ Սոֆիայում ենք հանդիպում, ոչ թե Բաքվում կամ Եվլախում։ Մենք էլ ասում էինք՝ միջնորդները պետք է ներկա լինեն հանդիպմանը, Ադրբեջանը պնդում էր, որ՝ ոչ, դա պետք է լինի երկկողմ հանդիպում։ Մեր պնդումն այն էր, որ առանց միջնորդների մենք չենք կարող բանակցել՝ ատրճանակը մեր գլխին դրած, այն էլ շրջափակման պայմաններում։ Մենք պնդեցինք, արդյունքում՝ Ադրբեջանը չեղարկեց։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում էին, որ մենք բանակցությունների չենք գնում, եւ մենք նույնիսկ համաձայնեցինք, որ Բրատիսլավայում երկկողմ հանդիպում կարող ենք ունենալ, արեւմտյան միջնորդներն ասում էին՝ մենք կողքի սենյակում կլինենք։ Օգոստոսի մեկին պետք է Բրատիսլավայում հանդիպում լիներ, բայց հուլիսի 29-ին ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին առեւանգեցին, իմ կարծիքով, հատուկ այդ գործընթացը վիժեցնելու համար։ Մենք չէինք չեղարկել Բրատիսլավայի հանդիպումը, մեր ներկայացուցիչների տոմսերը գնված էին, որ պետք է հուլիսի 31-ին մեկնեին, բայց հուլիսի 31-ին ադրբեջանական կողմն ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալու հանդիպմանը։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է մերժողը եղել, մենք, թե՞ իրենք»,- լրագրողներին ասել էր Արտակ Բեգլարյանը։

Միրզոյան․ Մինսկի խմբը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա

«Ինչպես եւ նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամրտությամբ։ Հետեւաբար, Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա։ Այդ պատճառով մենք կողմ ենք այդ ձեւաչափի լուծարմանը, եւ մենք այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել, մեկ ժամ առաջ կամ հետո, համատեղ դիմելով ԵԱՀԿ-ին եւ տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամության մասին»,- այսօր Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադռանալով Բաքվի պահանջներին։

Բաքվի մյուս պահաջը՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշմանը կատարված հղումը ՀՀ Սահմանադրությունից հանելն է։ Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Անդրադառնալով այս պահանջին՝ Արարատ Միրոզոյանն ասաց, որ պետք է հասկանալ, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները։ Ըստ նրա՝ եթե սա անուղղակի գործիք ու խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ «խաղաղության» փաստաթուղթ չստորագրելու հաար, սա մի իրավիճակ է։ Իսկ եթե ադրբեջանցիներն անկեղծորեն մտահոգություն են տեսնում այդ հարցում, դա այլ իրավիճակ է։ «Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին, որ մեր Սահմանադրությունը չի պարունակում որեւէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- նշեց նա՝ հղումանելով ՍԴ՝ ավելի վաղ ընդունած որոշմանը։

 

Խաչատրյան․ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը

Այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Փաշինյանի այդ հայտարարությանը, լրագրողների հետ ճեպապզրույցում ասաց․ «Փաշինյանը որոշում է այն, ինչ Ալիեւն իրեն թույլ է տալիս որոշել, մասնավորապես, հեծանիվ քշել եւ սոխով ու մնացորդներով ձվածեղ պատրաստել։ Մնացածը որոշվում է Բաքվում եւ պարտադրվում է պաշտոնական Երեւանին»։

Նա ասաց, որ Անկախության հռչակագիրը մեր պետության ստեղծման անկյունաքարն է եղել։ Այդ Անկախության հռչակարգի ոգով է կերտվել մեր պետությունը, այդ Անկախության հռչակարգի ոգով են արձանագրվել մեր բոլոր հաջողությունները։

«Այս Հանրապետության հիմնական ձախողումը, որը եղել է, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է եղել։ Այո, դա ուղղակիորեն Ադրբեջանի պահանջն է, եւ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած զիջման, ինչպես գնացել է 2020 թվականի նոյեմբերից մինչեւ այսօր, որպեսզի պահի իր իշխանությունը։ Որպեսզի ինքը գնա ընտրությունների, իրեն պետք է թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղություն», անկախ նրանից, որ դա իր էությամբ լինելու է անվերապահ եւ բացարձակ կապիտուլյացիա։ Այդ թղթի համար ինքը կգնա բոլոր զիջումներին՝ հասկանալով, որ իր իշխանության գոյությունը կախված է ամբողջովին Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճությունից։ Ավելին ասեմ՝ այս ընտրությունը, որն ինքը դրել է՝ կապիտուլյացիա, թե պատերազմ, սուտ է, դա միայն իր օրոք ստեղծված ընտրություն է։ Կա բանակցային լուծման ճանապարհ, կան բանակցություններ, որոնց արդյունքում հնարավոր է ապահովել այնպիսի խաղաղություն, որը կբավարարի բոլոր կողմերի օրինական եւ կենսական շահերը։ Ինքը բերեց պատերազմ, իր գնալով՝ պատերազմի վտանգը կվերանա»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով Հայաստանի ուղղությամբ կրակոցների մասին ՀՀ իշխանությունների մեկնաբանություններին՝ Արթուր Խաչատրայնն ասաց․ «Այս մարդն արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ։ Ադրբեջանն ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ես եմ, թե՞ հլա հայելու առաջ նայի, տես ով է՝ ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասաց՝ դե եկեք մի հատ հասկանանք՝ ինչո՞ւ ինքը մեզ կոչեց ֆաշիստ ու ռեւանշիստ։ Այո, ինքը Ալիեւին արդարացնում է, որովհետեւ իր իշխանության լինելն անմիջապես կախված է Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը հո չի կարող ասել՝ գիտե՞ք, այս խաղաղության գործընթացը կատաստրոֆիկ ձախողվել է, որովհետեւ դա կլինի իր քաղաքական վերջը։ Դրա համար պետք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի՝ դե լավ, հիմա խմել են, կրակել են, դարդ մի արեք։ Իրենք պատգամավորներից մեկն ասում է՝ կրակել են, հո մեզ վնաս չեն տվել։ Չէ, դրանք կրակոցներ են, գիտակցված սպառնալիք է, ճնշում է Հայաստանի վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնա այդ զիջումներին, որովհետեւ Ալիեւն էլ է հասկանում, որ ինքը հավերժ չէ։ Դրա համար, քանի Փաշինյանը կա, ինքը պետք է կարողանա բոլոր հնարավոր եւ անհնար զիջումները կորզել»։

Արթուր Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանն իր Սահմանադրությամբ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ «Ադրբեջանը 1991 թվականի անկախության մասին սահմանադիր ակտով իրեն հայտարարել է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դրանով իսկ տարածքային պահանջներ ներկայացնելով ՀՀ տարածքի մոտ 50 տոկոսի նկատմամբ»։

Սլովենիայի փոխվարչապետ․ Մենք սատարում ենք ՀՀ զինված ուժերին

«Սլովենիան շատ հստակ եւ ուժեղ աջակցություն է ցուցաբերել Եվրոպական Խաղաղության հիմնադրամին, որպեսզի սատարենք Հայաստանի Զինված ուժերին»,- այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը։

«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը մենք սատարել ենք, որպեսզի Հայաստանի Զինված ուժերին սատարենք։ Պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, մենք շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք ցուցաբերել»,- հավելեց նա։

Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանն արդեն հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի հետ սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միզոյանն ասաց, որ քննարկումները շարունկավում են։ Նա հույս հայտնեց, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի Հայաստանի տրամադրվելիք աջակցության հարցով։

Գյումրին կմիանա Ռուսաստանի՞ն․ երկրի մասնատման համար կմեղադրեն գյումրեցիներին

Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանը կողմ է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Դա քաղաքական հայտարարություն է և մատնում է Մոսկվայի քաղաքական պլանները։

Մինչ Գյումրիի ընտրությունները ռուսական փաբլիկները գրում էին, որ եթե Հայատանը “մասնատվի”, ապա Ռուսաստանին “կհասնի” երկրի հյուսիսը՝ Շիրակն ու Լոռին։ Ռուսական բազան արդեն Գյումրիում է, ինչպես ասում են, գյումրեցիներից շատերը ռուսական անձնագիր ունեն, և Ռուսաստանը “գյումրեցիներին պաշտպանելու” լեգիտիմ իրավունք ունի։

Կոմունիստ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը՝ առաջին քայլն է այդ ծրագրի երկրորդ մասի։ Ծրագրի առաջին մասը իրականացվել է Արցախում, որտեղ ռուսներն էին 2020 թվականից հետո որոշողները․ պատահական չէ, որ Արցախի “լուծարման” մասին հրամանագիրը գրված էր սալդաֆոն ռուսերենով։

Դա թույլ տվեց ՀՀ ներյայիս իշխանություններին ամեն ինչում մեղադրել Արցախի “նոր իշխանություններին։ Թեկուզ Փաշինյանին լոյալ “հին” իշխանությունն ի դեմս Արային Հարությունյանի պակաս չեր պահանջում, որ ՄԱԿ-ը ռուս խաղաղապահներին մանդատ տար։

Հիմա ՀՀ կառավարությունը Հայաստանի մասնատման երկրորդ մասի համար մեղքը կդնի գյումրեցիների վրա։ Երեկ Փաշինյանը գյումրեցիներին արդեն ասել է՝ ընտրելեք, դե վայելեք։