«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակում քննարկվել է Շվեյցարիայի պարլամենտի որոշումը

Նախորդ շաբաթ գումարված «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար․ հնարավորություն տալ հայերի վերադարձին» որոշումը:

Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շահինյանը մանրամասնել է որոշման գործընթացը։ Նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը մեկ տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի և արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո խթանելու արցախահայության վերադարձի իրավունքը՝ Շահինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։

Այնուհետեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է արցախահայերի վերջին օրերի նախաձեռնությունները, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության նպատակին կոչված հանձնախմբի աշխատանքները։

Հարթակի անդամները որոշել են առաջիկայում իրենց համայնքներում նախաձեռնել միջոցառումներ։

Վերոնրշյալ նիստում «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը որոշել է նաեւ բաղոքի նամակ հղել Վատիկանի Գրեգորյան համալսարանի տնօրինությանը՝ ապրիլի 10-ին Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառման նախաձեռման համար, որտեղ ջանք է թափվել ամբողջապես ժխտել հայկական քրիստոնեական ներկայությունն Արցախում։

Որոշվել է յուրաքանչյուր համայնք նույնաբովանդակ բողոք-նամակ հղի Վատիկան՝ պահանջելով արդարության և իրականությանը համապատասխան հայտարարություն։

Անթալիայից հետո Ռուբեն Ռուբինյանը ուղիղ մեղադրեց Քոչարյանին և Սարգսյանին

«Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում։ Եվ դրա վերջին արարն այն էր, երբ իրենք ԼՂ-ում իրականացրեցին իշխանափոխություն, եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց ԼՂ-ն հայաթափվեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նախկիներին մեղադրելուց հետո Ռուբինյանն ասաց, որ ՔՊ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի ԼՂ ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել ԼՂ-ում։ «Բայց հետո եղավ այն, ինչ եղավ։ Այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ ԼՂ ներկայացուցիչներն ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ՝ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ»,- հավելեց նա։

Լրագրողները հիշեցրին, որ Բաքուն այդ բանակցությունների ժամանակ պարտադրելու էր լուծարել Արցախն ու ինտեգրվել Ադրբեջանին, դա՞ էր ՔՊ-ի առաջարկած օրակարգը, Ռուբինյանը պատասխանեց․ «Ներողություն, իսկ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից ԼՂ-ում իշխանափոխության իրականացումից հետո էդ լուծարումը տեղի ունեցավ, թե՞ տեղի չունեցավ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրե՞լ, թե՞ իրենք»։ Դիտարկմանը, որ Արցախի իշխանությոնները եւ տարբեր գործիչներ հայտարարել են, որ այդ փաստաթուղթն առոչինչ է, մեկ անձը չի կարող ժողովրդի հանրաքվով հաստատված հանրապետություն լուծարել, Ռուբինյանը պատասխանեց․ «Մարդիկ բան են ստորագրել, ի՞նչ է նշանակում առոչինչ է»։

«Հիմա դուք լսե՞լ  եք ԼՂ էլիտայի որեւէ ներկայացուցիչ, որ խոսի անկախության մասին։ Իրենք խոսում են ԼՂ ժողովրդի իրավունքների մասին։ Այսինքն՝ երբ ԼՂ ժողովուրդն այնտեղ էր, եւ մենք առաջակում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին՝ դավաճան։ Հիմա, երբ ԼՂ-ում էթնիկ զտում է իրականացվել, եկել են մեր ասածին։ Ես ուզում եմ ԼՂ մեր ժողովրդին, որոնք մեր քույրերն ու եղբայրներն են, ասել, որ ՀՀ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի, եւ թող հեռու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ ԼՂ ժողովրդի միջեւ»,- ասաց Ռուբինյանը։

Լրագրողները հարց տվեցին՝ եթե իշխանությունները չեն թիրախավորում արցախցիներին, ինչո՞ւ են ասում՝ «միտինգի մատերիալ», «մսացու»։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց․ «Ինչո՞ւ եք խեղաթյուրում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ են, այլ ասում էր՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու իրենց խմբակները փորձում են ԼՂ ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայնեք՝ դրանք տարբեր բաներ են»։

«Երկիրն այնքան հանգիստ էր թվում». Քեթի Փերին խոսել է իր տիեզերական ուղևորության մասին

Ամերիկացի հայտնի երգչուհի Քեթի Փերին պատմություն է կերտել որպես առաջին ամբողջովին իգական ենթաօրբիտալ թռիչքի մասնակից, որը տեղի է ունեցել Ջեֆ Բեզոսի հիմնադրած Blue Origin ընկերության հրթիռով:

Քեթի Փերին միացել է մի խումբ կանանց, ովքեր թռչել են Տեխասից արձակված New Shepard հրթիռով: Թռիչքի գրեթե 11 րոպեի ընթացքում անձնակազմի հետ պարկուճը հատել է Կարմանի գիծը՝ Երկրից 100 կիլոմետր բարձրության վրա, ինչը տիեզերքի պաշտոնապես ընդունված սահմանն է:

Փերիին տիեզերք գնալուց են միացել նույնքան հայտնի կանայք՝ լրագրող և Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսը, CBS Mornings-ի հաղորդավար Գեյլ Քինգը, ակտիվիստ Ամանդա Նգուենը, NASA-ի նախկին աշխատակից Այշա Բոեն և պրոդյուսեր Քերիան Ֆլինը:

Փերիի զգացմունքներն այնքան ուժեղ են եղել, որ նա կատարել է հայտնի What a Wonderful World երգի մի մասը տիեզերքում։ «Երկիրն այնքան հանգիստ էր թվում, այնքան հանգիստ… Մենք բոլորս այստեղ ենք միասին», – կիսվել է Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսը՝ չթաքցնելով իր հուզմունքը:

Իշխանությունը չկարողացավ արցախցիների բողոքը վերածել ներազգային առճակատման

Լուսանկարը՝ Մարիամ Սարգսյանի

Այսօր լրանում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից ՀՀ կառավարությանը տրված ժամկետը։

Կառավարությունն այս ընթացքում արձագանքեց՝ 3000 արցախցի ընտանիքներին սոցիալական աջակցության փոքր փաթեթ տրամադրելով և 50 հազարանոց ծրագիրը ևս մեկ ամսով շարունակելու դիմաց վրանը Ազատության հրապարակից հանելու անպարկեշտ առաջարկով։

Սա որպես պատասխան արցախցիները չընդունեցին։ Առավել ևս, որ վերջին երկուսուկես շաբաթվա ընթացքում հնչել են արցախցիների հիմնական պահանջները՝ պահանջագրեր են ուղարկվել կառավարություն և արտաքին գործերի նախարարություն, հանդիպումներ են եղել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ծանուցումներ են ուղարկվել գլխավոր դատախազություն՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու փաստերի առթիվ, ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկել են Արցախի ներկայացուցիչների հետ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը, իսկ հայկական ԶԼՄ-ը մի քանի քննարկումներ են կազմակերպել այս հարցերի շուրջ արցախցիների մասնակցությամբ։

Մարտի 29-ի բավականին բազմամարդ հանրահավաքին հաջորդած գործողությունները, հայտարարություններն ու հնչեցրած տեքստերը ձևավորեցին Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների տեղեկատվական որոշակի շղարշ։ 2020 թվականից ի վեր այդ իրավունքները չեն բարձրաձայնվել կամ հանգեցրել են առճակատման, սակայն արցախցիների գործողությունները ցույց են տվել, որ այդ իրավունքները չեն վերացել։ Եվ բաց վերքը թաքցնելու բոլոր փորձերը միայն կհանգեցնեն դրա քայքայմանը և ամբողջ մարմնի թունավորմանը:

Այս անգամ ևս փորձ արվեց բարձրաձայնված իրավունքները թաղել կեղտոտ ատելության ալիքի տակ, սակայն արցախցիներին հաջողվեց զսպել այս ալիքը։ Նախ հավաքագրվել են ատելության հրահրման փաստերը և փոխանցվել դատախազություն։ Երկրորդ, ինչպես ասվեց երեկվա հանրահավաքում, արցախցիները կոչ են արել հենց իրավապահներին և Հայաստանի այլ մարմիններին բացահայտել և վերադարձնել Արցախի ժողովրդից թալանվածը, ոչ թե հասարակ ժողովրդին սադրել նախկին պաշտոնյաների դեմ։

Բայց ամենակարեւորն այն է, որ արցախցիները կոնկրետ քաղաքական ու իրավական պահանջներ են առաջադրել, ինչին «Հայաստանի» անունից արձագանքել է հայտնի Պետրոս Ղազարյանը։ Երեկ Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ նրա հարցազրույցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, և Պետրոսն ամեն խոսքի հետ պնդում էր, որ արցախցիների իրավունքների բարձրաձայնումը կարող է հանգեցնել Հայաստանի կորստի։

Հայաստանի ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներին բնորոշ վախկոտ կոլաբորացիոնիզմը լիովին դրսևորվում էր Պետրոս Ղազարյանի կերպարում, որը հեքյաթի կկու նման փորձում էր արցախցիներին «համոզել» ինքնակամ դուրս թռնել բնից։ «Դուք հասկանում եք, որ խոսելով ձեր իրավունքների մասին, պահպանելով ձեր իշխանությունները՝ վտանգի եք ենթարկում Հայաստանը»,- հարցնում էր Պետրոս Ղազարյանը՝ ակնարկելով, որ Հայաստանի իշխանությունները հազիվ են պայմանավորվել «խաղաղության պայմանագրի» շուրջ և չեն կարող ավելին անել Արցախի ժողովրդի համար։

Գեղամ Ստեփանյանը սրան ի պատասխան չասեց, որ «չկարող» իշխանությունները պետք է հեռանան։ Բայց արցախցիների առավոտյան ակցիան Հայաստանի ԱԳՆ-ում հենց այս մասին էր։ Արցախցիները ցուցադրաբար այրել են ՀՀ կառավարության ծրագիրը, որը ինքը կառավարությունը կտրականապես հրաժարվում է իրականացնել։

ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը նշել է. «Երբ 2021-ին իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, և նրանք քվեների կարիք ունեին, իրենց նախընտրական ծրագրում ոչ միայն չասեցին, որ պատրաստվում են հանձնել Արցախի մնացած մասը, այլև նշել են, որ մտադիր են դեօկուպացնել Շուշին և Հադրութը»։

Արտաքին գործերի նախարարությանը հղած միջնորդությամբ արցախցիները պահանջում են «դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին, խնդրելով իր միջազգային մանդատի շրջանակներում սկսել միջազգային ընթացակարգ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմանը և վերը նշված պայմաններով Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք ապահովելուն»։ Սա է գլխավոր պահանջը։

Արցախի ժողովրդի առաջադրած պահանջներին Հայաստանի իշխանությունը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել։

Նաիրա Հայրումյան

Հինգ տարածք և անվտանգության արձանագրություն. հրապարակվել են Ուկրաինայի վերաբերյալ «գործարքի» պայմանները

Այսօր՝ ապրիլի 15-ին, ամերիկյան մամուլին տված հարցազրույցում Թրամփի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ուկրաինայի վերաբերյալ գործարքն արդեն մշակվում է»։ Սթիվ Ուիթկովի խոսքով՝ այս տարի նա արդեն երեք անգամ եղել է Ռուսաստանում, որտեղ հանդիպել է երկրի նախագահի հետ, հայտնում է Fox News-ը։

Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը կպարունակի «հինգ տարածքների» հարցի կարգավորում և անվտանգության արձանագրություն։

Պուտինի հետ վերջին հանդիպումը տեւել է հինգ ժամ։ Բացի Ռուսաստանի Դաշնության ղեկավարից, գրասենյակում ներկա էին նաև Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը։ Ուիթկովն ընդգծել է, որ վերջին հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ այն ներառում էր «հինգ տարածքների» հարցը։

Անվտանգության արձանագրությունը որոշակի կապ ունի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ: Թրամփի հատուկ ներկայացուցիչը վստահ է, որ շուտով «կարևոր որոշում կկայացվի համաշխարհային խաղաղության համար»:

Մինչդեռ WSJ-ի լրագրողները կարծում են, որ Թրամփի թիմը բաժանված է Ռուսաստանի հարցում։ Այսպես, հատուկ ներկայացուցիչ Քելլոգը և պետքարտուղար Ռուբիոն կոչ են անում ԱՄՆ նախագահին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի նկատմամբ։ Ըստ նրանց՝ Պուտինը պատրաստակամություն չի ցուցաբերում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Սակայն Թրամփը շարունակում է ուշադրությամբ լսել Ուիթկովին, ով արդեն երեք անգամ եղել է Մոսկվայում, գրում է Dialog.UA-ն։

Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց 2023 թվականին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի իշխանությունների կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։

Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ:

Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների մանրամասն վերլուծությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակչության, ենթակառուցվածքների ու մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված հանցագործությունները։ Զեկույցում ներկայացված են ադրբեջանական հարձակումները Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների՝ դպրոցների, հիվանդանոցների, քաղաքացիական տների նկատմամբ։

Այս զեկույցը պատրաստվել է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի աջակցությամբ։

Թուրքիան “ամենահարմար” հարթա՞կն է Հայաստանում իշխանության “բազարի” համար

Մարտի 13-ին Բաքուն և Երևանը հայտարարեցին “խաղաղության համաձայնագրի” տեքստի համաձայնեցման մասին, սակայն միայն մեկ ամիս անց “առիթ եղավ” հանդիպելու “առանց միջնորդների”, բնականաբար, Թուրքիայում։ ՀՀ իշխանությունները ակնարկում են, որ պետք է շուտ ստորագրել “համաձայնագիրը”, ինչ-որ դրական արդյունք ցույց տալ, թե չէ գլոբալ փոփոխություններ են, մեկ էլ տեսար Ռուսաստանն ու Իրանը “հաշտվեցին “ԱՄՆ-ի հետ, Հայաստանում էլ ընտրություններ են մոտենում, “ռևանշ”, բան․․․ Բաքուն ու Անկարան էլ ասում են՝ ամեն ինչ գին ունի, և “նոր պայմաններում” իշխանությունը ավելի է “թանկանում”։   

Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆոռումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի և Ադրբեջանի իր կոլեգաների հետ և մի քանի “սենսացիոն” հայտարարություն արեց, ակնարկելով, որ կարող են համաձայնվել “նոր գնին”։

Միրզոյանը հրապարակորեն չհայտարարեց Սահմանադրության փոփոխության մասին, բայց ասեց, որ դա էլ կանեն, եթե պետք լինի։ Միայն թե ստորագրենք “համաձայնագիրը”, թե չե ընտրություններին մեկ տարի է մնացել, իսկ եթե իշխանությունը Հայաստանում փոխվի, “ռևանշ” կլինի։ 

Հայաստանում “իշխանափոխւթյան” թեման կարմիր գծով էր անցնում Անթալիայի “բանակցություններում”։ Բաքուն անթաքույց ասում է, որ և ՀՀ Սահմանադրության, և ճանապարհները բացելու հարցում պետք են այնպիսի փաստաթղթեր, որոնք հաջորդ իշխանությունը չի փոխի։ Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունը պետք է գնա անդառնալի փոփոխությունների, որոնք հավասարազոր են անկախության կորուստի։ Դա ներառում է և Սահմանադրության փոփոխությունը, և “միջանցք” տալու հարցը, և արտաքին ռազմական օգնությունից և միջազգային հայցերից հրաժարվելը։ 

“Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի «միջանցքի» տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է”, ասել է Միրզոյանը։ Նա խոստովանեց, որ այն հատվածում, “որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Հանրապետության հետ՝ հնարավորինս կարճ երթուղով, մենք առաջարկել ենք կիրառել էլեկտրոնային սկանավորման համակարգեր, էլեկտրոնային հայտարարագրում, ապահովագրության և վերաապահովագրության մեխանիզմներ”։

Սակայն Բաքուն դա բավարար չի համարում՝ նրան ոչ թե ճանապարհ է պետք, այլ տարածք։

«Մենք չենք ուզում հայտնվել մի վիճակում, երբ համաձայնում ենք մի բանի, ու մեկ-երկու տարի անց Հայաստանի օրենսդրության փոփոխության կամ էլ Հայաստանում իշխանության փոփոխության պատճառով կանգնելու ենք նույն՝ 30 տարի առաջվա իրավիճակի առաջ, երբ հակամարտությունը սկսվեց, ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դարձավ այս իրավիճակի գերին: Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ սա լինի անխոչընդոտ անցում՝ բոլոր անհրաժեշտ երաշխիքներով, որ այս իրավիճակն այլևս ենթակա չլինի փոփոխության և կախված չլինի Հայաստանում քաղաքական փոփոխություններից», – նշել է Բաքվի նախարար Բայրամովը:

Ակնարկը հասկանալի է․ կամ տալիս եք միջանցք և հրաժարվում հայ-իրանական սահմանից, կամ կորցնում եք իշխանությունը։ Բաքուն չի թաքցնում իր և իր տերերի դերը Հայաստանում իշխանություն “պահելու” գործում և առաջարկում է ընտրել։

ՀՀ Կառավարության ընտրությունն ակնհայտ է․ մինչ Միրզոյանը Անթալիայում “բազար” էր անում ՀՀ-ում հնարավոր իշխանափոխության մասին, Նիկոլ Փաշինյանը երկու օր անցկացրեց Մեղրիում և Նռնաձորում, “համոզելով” կառուցել և բացել երկաթուղին։

Նա փորձում է ցույց տալ, որ ոչ թե միջանցք է տալիս և հրաժարվում հայ-իրանական սահմանից, այլ ճանապարհ է բացում դեպի Իրան և Ռուսաստան՝ Ադրբեջանով։ Դեռ երկու շաբաթ առաջ Կառավարության նիստի ժամանակ էր Փաշինյանը հայտնել՝ Նռնաձորի հատվածում ազատում են երկաթուղու ճանապարհը, որ հնարավոր լինի կառուցել նորը՝ “Խաղաղության խաչմերուկի” շրջանակներում, թեկուզ Բաքուն այս նախագծին դրական չի արձագանքել: Բայց Փաշինյանն ակնարկում է, որ եթե դա չլինի, 2026-ին նրանք չեն վերընտրվի, և “ռևանշ” կլինի։

Նաիրա Հայրումյան

Բաքու-Փարիզ սկանդալ Հայաստանի պատճառով

Արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հայտարարություններին, պաշտոնական Բաքուն Փարիզին «կեղծավորության» մեջ է մեղադրել՝ պնդելով, որ Հայաստանին «մահացու զենք մատակարարելը չի ծառայում խաղաղությանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն X-ում հրապարակած գրառման մեջ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը պնդել է․ «Դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այսօր մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Ժան-Նոել Բարոն հույս է հայտնել, որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես շատ մտահոգված եմ սահմանին լարվածության աճով։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեզի հնարավոր լինի հետևել և զսպել այդ լարվածությունը»,- հայտարարել է Բարոն:

«Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածները, բանտարկվածները պետք է ազատ արձակվեն», – ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում, ուր ժամանել է՝ մասնակցելու Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպմանը:

“Ֆրանսիայի միջամտության վերջ տալը” Բաքվի պահանջներից մեկն է, հենց Ֆրանսիայի պատճառով են Բաքուն ու Մոսկվան պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ֆրանսիան, ինչպես նաև այլ երկրներ, չի սատարում ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին, հորդորելով առանց նախապայմանի ստորագրել “խաղաղ համաձայնագիրը”։    

Մինչև ապրիլի 17-ը տեղումնր են սպասվում

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավելի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամբողջությամբ ավերվել է արցախյան Սարգսաշեն գյուղը

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով-ը գրում է․

Ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում «Ադրբեջանի Հանրապետության» կողմից վարվող պետական մակարդակի նպատակաուղղված և համակարգված քաղաքականությունը աճում է եկրաչափական պրոգրեսիայով։

Ծանր շինարարական և ռազմական տեխնիկայի կիրառմամբ օրեցօր ընդլայնվում են հայաթափված բնակավայրերի և թաղամասերի լիակատար ավերման ծավալները։ Այս քաղաքականության հիմնական նպատակն է՝ ոչ թե պարզապես վերացնել հայ բնակչության ֆիզիկական ներկայությունը, այլ ամբողջությամբ ջնջել նրա նյութական, մշակութային և պատմական ժառանգության հետքերը՝ Արցախը վերաձևելով որպես «ազատագրված» տարածք ադրբեջանական նարատիվի համաձայն։

Սույն քաղաքականության հերթական զոհն է դարձել Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղը։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ գյուղը, որը բռնազավթվել էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից 2020 թ․ սանձազերծած պատերազմի ընթացքում, 2021 և 2024 թվականների տվյալներով կրում էր լայնածավալ ավերածություններ, իսկ 2025 թ․ արբանյակային պատկերները վկայում են ամբողջական և համակարգված ավերման մասին։ Սարգսաշենը՝ իր տներով, փողոցներով, պատմական շերտերով, գրեթե հիմնովին ոչնչացվել է։

Սա մեկ օրինակ է Արցախի տարածքում իրականացվող պետական վանդալիզմի ընդհանուր ռազմավարությունից։ Տասնյակ գյուղեր և քաղաքներ կամ ամբողջությամբ, կամ` մասնակիորեն վերացվել են՝ նպատակ ունենալով մշակութային, պատմական և քաղաքակրթական ժառանգության լիակատար ջնջում։ Այդ վայրերի թվում են՝ Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր, Թաղուտ-Թաղոտ, Առաքել համայնքն իր Ձորագյուղով։ Այս բոլոր բնակավայրերը ոչ միայն ֆիզիկապես են ոչնչացվում, այլ ջնջվում են նաև որպես մշակութային հիշողության կրողներ։

Այստեղ այլևս կասկածի տեղիք, որևէ եզր չկա. Արցախում կատարվում է ոչ միայն 21-րդ դարի, այլև մարդկության պատմության ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։ Խոսքը զուտ մարդկային զոհերի կամ պատերազմի ավերածությունների մասին չէ։ Խոսքը համակարգված, ծրագրավորված մշակութային ու քաղաքակրթական վերացման մասին է, որը պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում և արժանանա համաշխարհային հանրության կոշտ արձագանքին։

Նարե Սիմոնյան․ Երբ 2021-ին նրանց ժողովրդի քվեն էր պետք, խոստանում էին դեօկուպացնել Շուշին և Հադրութը

Այսօր ՀՀ Արտգործնախարարության դիմաց կայացած ցույցի ժամանակ իր ելույթի խոսքում հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը նշել է.

«2021թ. երբ այս իշխանությունը գնում էր արտահերթ ընտրությունների, կարիք կար ժողովրդի քվեն խնդրել, աղաչել։ Իրենց նախընտրական ծրագրում ոչ միայն ժողովրդին ազնվորեն չէին ասել, որ պատրաստվում են հանձնել Արցախից մնացած մասը, այլ ներկայացնում էին, որ փորձում են պահանջատեր լինել եւ դեօկուպացնել Շուշին ու Հադրութը։ Հայկական դիվանագիտությունը ոչ թե ծառայում է հայկական շահին, այլ հայկական դիվանագիտությունը խաղալիք են դարձրել, որը օգտագործում են իրենց ներխմբային, ներկուսակցական քմահաճույքները բավարարելու համար» ,- նշել է նա։

https://www.facebook.com/step1.am/videos/1234034845392028

Արցախցիները պահանջագիր են ներկայացրել ՀՀ ԱԳՆ

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից

 Մենք պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ի դեմս արտգործ նախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների ու հնարավորությունների՝ մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները՝

  1. Դիմել ՄԱԿի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի Խորհրդին՝ նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում՝ ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։
  2. Դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորմանն ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք:
  3. Դիմել ՄԱԿի, ԵԱՀԿի, ԵԽի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին՝ հայերի շինծու «դատավարությունների» ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։
  4. Դիմել որևէ չեզոք ու պատրաստակամ երկրի (օրինակ՝ Շվեյցարիային)՝ խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել «Հայկական շահերի բաժին» և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը:
  5. Գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը՝ Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։
  6. Հայ գերիների լիարժեք ու ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։
  7. Թարմացնել ՄԻԵԴում և ՄԱԿի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները՝ ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման նոր փաստերը:
  8. Դիմել ՅՈՒՆԵՍԿՕին և Եվրոպայի Խորհրդին՝ Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն՝ ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։
  9. Դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով՝ հայերի դեմ կատարած միջազգային հանցագործությունների հիման վրա:
  10. Ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով:
  11. Դիմել համապատասխան պետություններին՝ կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ՝ միջազգային հանցագործությունների կատարման հիմքով։

 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

14 ապրիլի, 2025թ.