“Թուրքական” խորամանկություն․ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի հարցն է, բայց Փաշինյանը խոստացել է

Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։

Ի շարս այլ հարցերի հնչեց հետևյալը․ “Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք”։

“Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու”, ասել է Քըլըչը։

Թուրք դիվանագետը խորամանկություն է անում․ նա ասում է, որ Փաշինյանը ինքն է խոստացել փոխել Սահմանադրությունը, այնպես որ՝ դա Հայաստանի ներքին գործն է։ Мы не при чем.

Արցախցիների շտաբ-վրան են այցելել շվեյցարական ՀԿ-ների ներկայացուցիչներ

Այսօր Ազատության հրապարակում տեղակայված Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբ-վրան են այցելել շվեյցարական ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ հայտարարել, որ սատարում են արցախցիներին։ «Երբ ինչ-որ տեղ գնում ենք, մարդիկ մեզ հարցնում են՝ ինչպե՞ս են արցախցիները, ինչպե՞ս կարող ենք նրանց օգնել»,- ասացին նրանք։

«Մենք ուզում ենք Հայաստանին օգնել, արցախցիները ստիպված են հայտնվել այստեղ։ Շվեյցարայի կառավարությանը դիմում է ներկայացվել, որպեսզի քննարկում ծավալեն արցախցների հարցով, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ ու իրացնել իրենց իրավունքերը։ Մենք դեռ չգիտենք՝ ինչ կլինի, բայց ուզում ենք կառավարության այդ աշխատանքին օժանդակել։ Դրա համար եկել ենք այստեղ, որ հարցեր տանք մարդկանց, որպեսզի իմանանք՝ ինչ կարիքներ ունեն։ Եվ մենք կտեղեկանցնենք Շվեյցարիայի կառավարությանը, թե այստեղ ինչպիսի իրավիճակ է»,- հայտարարեցին շվեյցարացիները։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին եւ վերին պալատներն ընդունել են բանաձև, որով Շվեյցարիայի կառավարությանը կոչ է արվել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։

 

Հնարավոր է ապրիլի վերջին արդեն մարդիկ գան Ազատության հրապարակ ու վրանները շատացնեն

Արցախցիները դժգոհ են կառավարության երեկվա որոշումից, ըստ որի՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական աջակցության ձեւով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին։ Հիշեքնենք, որ այս ծրագրով աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։

Իսկ զուգահեռ «40+10 հազար» ծրագիրն ապրիլի մեկից խիստ սահմանափակումներով է գործում։

Արդեն տեղեկացրել ենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արցախցիների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ կառավարությունը կարող է մեկ ամսով երկարաձգել «40+10» ծրագիրը, բայց պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեն վրանը։ Արցախցիներն այս առաջարկը մերժել են։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արցախցները բավարարված չեն կառավարության առաջարկած այս լուծումներով եւ պայքարը պարունակելու են։

«Եթե նախկինում մտածում էինք՝ մայիսին կհայտնվեք դրսում, հիմա հնարավոր է ապրիլի վերջին արդեն մարդիկ իրենց կամքով գան Ազատության հրապարակ ու վրանները շատացնեն, որովհետեւ դրսում են մնալու։ Սա անընդունելի ծրագիր է, մեկ անապահով ընտանիքը, որը պետք է ստանա, օրինակ, 80 հազար դրամ, չի կարող դրանով եւ տան վարձ վճարել, եւ ապրել։ Կամ էլ մարդկանց ապահովեք արժանապատիվ աշխատանքով։ Կան շատ արցախցիներ, ովքեր դիմում են աշխատանքի համար եւ նշում են, որ 50 տարեկան են կամ ավելի բարձր, իրենց անմիջապես մերժում են։ Այսինքն՝ չես ստեղծել պայմաններ, բայց մարդկանց զրկում ես մյուս իրավունքներից»,- ասաց Սայիդա Պողոսյանը։

Նա հավելեց, որ մինչեւ ապրիլի 15-ը կշարունակեն հանդիպումները քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որից հետո կհայտարարեն մեծ հարահավաքի օրը, որտեղ ավելի հստակ պահանջներ կհնչեցվեն։

«Մենք կարծում ենք, որ մեծ համախմբում կլինի, մարդիկ մտահոգ են, արցախցիներն առանց տուն են, ուզեն-չուզեն, պետք է գնան կտրուկ քայլերի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ արցախցիները մարտի 29-ի հանրահավաքում պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը, կառավարությունում նրանց հետ քննարկել են միայն սոցիալական հարցերը։ Իսկ պահանջագրի կետերի մեծ մասը քաղաքական ու իրավական հարցերն են, այդ թվում՝ առանցքային է վերադարձի իրավունքի հարցը։ Հարցերի այս խմբին ՀՀ կառավարությունը չի պատասխանել։

Ռոզա Հովհաննիսյան

Ապրիլի 14-ին ժամը 11:00-ին՝ ակցիաներ ՀՀ ԱԳՆ և դատախազության շենքերի մոտ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործ նախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։
Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ:
Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

Ալբերտ Առստամյանն արդարացվեց

Ալբերտ Առուստամյանն, որը խնձոր է նետել ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ, այսօր դատարանով արդարացվեց, գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Ինչպես գրել էր Forrights-ը, Ալբերտ Առուստամյանը հանգուցյալ մոր ծննդյան օրն այս տարի նշել էր առանց նրա շիրիմին այցելելու։  Օգոստոսի 23-ին հարազատների հետ հավաքվել էր Երևանում վարձակալած իր բնակարանում, գերեզմանատուն այցելելու հնարավորություն չուներ, քանի որ այն գտնվում է ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտում։

71-ամյա Ալբերտ Առուստամյանը բարեկմաների հետ հիշել էր Արցախում անցկացրած լավ ու վատ օրերը։ Միաժամանակ հեռուստացույցով հեռարձակվել է Փաշինյանի անհոգ կյանքից դրվագներ՝ հեծանիվ է քշում, խաշլամա ուտում, բռնի տեղահանված արցախցու ցավին անհամապատասխան է եղել։

«Ջղայնացած էի, մենք այստեղ չենք կարում երեխոցը պահենք, հեռուստացույցը միացնում ես ինքը հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում։ Այդ պահին, որ դա տեսա, ասացի՝ կանալը փոխեցեք։ Դուրս եկա ծխելու»,-պատշգամբում ցավը մեկ գլանակ ծխախոտի մեր հեղդող արցախցին նկատել է՝ բակում Նիկոլ Փաշինյանն է կանգնած իր բազմաթիվ թիկնապահներով և ավտոմեքենաներով։ Որոշել է բողոքի ակցիա իրականացնել։

«Տեսա Փաշինյանը կանգնած է։ Ես էլ խնձորը վեկալեցի, նետեից իր կողմը։ Բողոքի ակցիա եմ արել, ինքը մեզ լավ չի վերաբերվել։ Գալիս ես տուն տեսնում ես երեխան սոված է, սաղ թողել, եկել ենք։ Ես խնձորը գցել ու մտել եմ տուն, չեն տեսել՝ իրեն կպել է, թե՝ ոչ։ Այստեղ տեսնում ենք Փաշինյանի ու իշխանության վերաբերմունքը արցախցիների նկատմամբ՝ արցախցիներին չի սիրում։ Ինձ համար նա դավաճան է, իմ տունը, մանկությունը, թողել եկել եմ այստեղ։ Ես բողոքի ակցիա եմ արել, խնձոր եմ նետել իր ուղղությամբ, ուրիշ բան չէի կարող անել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտ Առուստամյանը։

Խնձերը նետելու ակցիան ճակատագրական է դարձել Ալբերտ Առուստամյանի համար։ Նա կանգնել է դատարանի առաջ։ Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Մինչ դատարան հասնելը Առուստամյանը երկու օր անազատության մեջ է հայտնվել։

Բավական էր, որ արցախցիները հայտարարեին իրենց իրավունքների մասին, և անխուսափելի կապիտուլյացիայի «հայեցակարգը» փլուզվեց

Մարտի 28-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած արցախցիների հանրահավաքը և Օպերայի մոտ վրան-շտաբի տեղադրումը մի քանի օրում կոտրեցին Արցախի, ազգային շահերի և իրավունքների հանձնման «անխուսափելիության» մասին կառուցված “կոնցեպտը”։ Պարզվեց, որ հասարակության մեջ չկա կոնսենսուս իշխանության կապիտուլյատիվ քաղաքականության վերաբերյալ։

Հանրահավաքից երկու շաբաթ չանցած «խփվեցին» իշխանությունների բոլոր խաղաքարտերն ու փաստարկները, որը փորձում էր միջազգային ասպարեզում կարծիք ձևավորվել, իբր հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի՝ համակերպվելով Արցախի կորստին։

Փաստարկ 1. Արցախցիները մտածում են միայն ստամոքսի մասին. Կառավարությունը, որը փորձում է Արցախի ժողովրդի բոլոր խնդիրները իջեցնել մինչև սոցիալական, չի արձագանքել մարտի 28-ին Արցախի ժողովրդի կողմից կառավարությանը ներկայացրած պահանջագրի իրավական և քաղաքական պահանջներին։ Իշխանությունն այս պարզ պահանջներին պատասխան չունի։

Փոխարենը ԱԳՆ-ն հանեց դիմակը և հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը Բաքվի հետ չի քննարկում։ Ընդ որում, Փաշինյանը կառավարության նիստում խոստովանեց, որ 7 տարի մնացել էր առաջին դասարանում և հասարակությանը բերել միայն տգիտություն։

Արցախի հայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցը պատասղանել է ԱԳՆ-ին. «Դիվանագիտական ​​անբավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անընդունելի է, ինչը նշանակում է Արցախի հայ բնակչության հիմնարար իրավունքների ժխտում և Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունների օրինականացում»:

«Հաջորդ հանրահավաքը ցույց կտա, որ սա միայն արցախահայության խնդիրը չէ, դա համազգային պայքար է, և շարժումն արդեն ակտիվություն է արթնացրել հասարակության մեջ, ժողովուրդը սպասում է պատասխանի, գործող իշխանությունը պատասխանատու է ազգի առաջ։ Նրանք պարտավոր են հիմնավոր պատասխաններ տալ մեր բոլոր հարցերին”, ասել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

Այն, որ Արցախի ժողովրդի և մնացած հայ ժողովրդի իրավական և քաղաքական պահանջները չեն մարվել, փաստեցին նաև այն քաղաքական ուժերը, որոնք եկել էին արցախցիների մոտ՝ նրանց հետ ազգային հարցեր քննարկելու։

«Դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, 1921 թվականին Լենինի և Աթաթուրքի ռուս-թուրքական պայմանագրով Արցախը փոխանցվել է Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ, միաժամանակ Նախիջևանը հանձնվել է ադրբեջանցիներին»,- ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը վրանում։ «Մենք չենք կարող հաշտվել Արցախի կորստի հետ, Արցախը ժամանակավորապես է անցել Ադրբեջանին, մենք Արցախը հետ ենք վերցնելու»,- նշել է նա։

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը հայտարարել է, որ որպեսզի արցախյան խնդիրը մնա միջազգային օրակարգում, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ «Երկրորդ խնդիրն այն է, որ արցախահայությունը իրավունք ունենա վերադառնալու և իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, սա նաև մեզ համար սկզբունքային հարց է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Փաստարկ 2. Հայաստանում չի կարող լինել «պետություն պետության մեջ». Այս «պնդումը» նույնպես գնաց գրողի ծոցը, երբ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրեց՝ իսկ ի՞նչ կասեք Հայաստանում Մոսկվայի և Բաքվի բանակների «պետական ​​ներկայության մասին»։ Այս հիշեցումը վկայում է ՀՀ իշխանության հիմնավորումների կեղծ լինելու մասին, որը քողարկում է ազգային շահերի զիջումը իբր ինքնիշխանությունը պաշտպանելով։

Ազգային դեմոկրատական ​​բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը շտաբ-վրանում հանդիպման ժամանակ հավելեց, որ արցախցիները փաստաթուղթ ունեն Հայաստանի քաղաքացիության մասին, և հայկական ոչ մի օրենքում երկու անձնագիր ունենալու մասին նշում չկա։

«Եթե Արցախի ժողովրդին զրկում են ՀՀ անձնագրից և ասում են՝ մեկ այլ անձնագիր վերցրու, ապա ստացվում է, որ Հայաստանում կայուն բնակչություն չկա։ Մոնտեվիդեոյի համաձայնագրով, եթե մի երկիր, թեկուզ չճանաչված, ունի անկայուն բնակչություն, այսինքն՝ եթե հնարավոր չէ հստակ սահմանել բնակչության առավելագույն թիվը, ապա երկիրը չի կարող ինքնիշխան համարվել”։

Ակնհայտ է, որ արցախցիների անձնագրերը փոխելու հետ կապված այս բոլոր անհեթեթությունները իրավական հիմք չունեն։ Ավելին, ՆԳՆ-ն անհեթեթ բացատրություն է տվել, թե ինչու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում Ադրբեջանը, հղում անելով ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) հետ ինչ-որ համաձայնագրին։ Մինչ այս պահը արցախցիների 070 ծածկագրով ՀՀ անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում էր «Հայաստանի Հանրապետություն», և դա ԻԿԱՕ-ի կողմից որևէ բողոք չի հարուցել։ Սա նշանակում է, որ «Ադրբեջանը» որպես ծննդավայր նշելը Հայաստանի իշխանությունների «բարի կամքն» է՝ ուղղված Արցախի ժողովրդին մեկուսացնելուն։

Փաստարկ 3. Հայաստանը լուծում է արցախցի քույրերի և եղբայրների սոցիալական խնդիրները, և միջազգային միջամտության կարիք չունի։ Հանրահավաքից հետո պարզվեց, որ քաղաքացիություն է ստացել և բնակարանի գնման վկայական է ստացել 900 ընտանիք, որոնցից կարողացել է օգտվել միայն 93 ընտանիք։ Ընդ որում, միայն 57 ընտանիք է տուն գնել, մնացածները մարել են իրենց հիփոթեքը։

Կառավարությունը ևս մեկ անգամ կոչ արեց արցախցիներին աշխատել, թեև ընդունեց, որ արդեն աշխատում է 26000 մարդ։

Այս տվյալները գրողի ծոց ուղարկեցին իշխանությունների «հիմնավորումները», թե արցախցիները չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ, չեն ցանկանում աշխատել, և որ Հայաստանը իզուր է «կերակրում» արցախցի պարազիտներին։ Օպերայի մոտ արցախցիները վրանը ցույց տվեց, այդ թվում՝ միջազգային դոնորներին, որ կառավարությունը միտումնավոր չի լուծում արցախցիների սոցիալական խնդիրները։

Փաստարկ 4. Արցախցիները իրենք հանձնեցին Արցախը, թեև Հայաստանն առաջարկել էր «խաղաղ ինտեգրում» Ադրբեջանին։ Այս փաստարկը կտոր-կտոր արվեց, երբ ապացուցվեց, որ Հայաստանի 2023-ի ամռանը ԱԳՆ-ն չի կատարել պարտավորությունների իր մասը և միջազգային միջնորդություն չի ապահովել Բաքու-Ստեփանակերտ հանդիպումների համար։ Ավելին, Հայաստանի իշխանությունը քաջատեղյակ էր, թե ինչ հանգամանքներում է ստորագրվել ԼՂՀ «լուծարման» իրավականորեն անվավեր հրամանագիրը։

Հանրահավաքում և դրանից հետո հնչած «հակափաստարկներից» ոչ մեկը իշխանության կողմից չհերքվեց. ավելին, չնայած կառավարական կոյուղուց դուրս թափվող կեղտի հոսքերին, արցախցիների ակտիվությունը հայ հասարակության մեջ արթնացրեց համակրանք, կարեկցանք և իրավագիտակցություն։

«Բորոտների գաղութը», որտեղ ուզում էին արցախցիներին տեղավորել որպես տոքսիկ զանգված, չկայացավ. մառախուղը մաքրվել է, և այժմ բոլորը հանդես են գալիս առանց շպարի և դիմակների։

Նաիրա Հայրումյան

Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում Մոսկվայի, Բաքվի “պետական ներկայության” մասին

Suren Sahakyan-ը գրում է․

ՔՊ տխրահռչակ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել ա․ «Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Վերջակետ»։

Խրոխտ ա, չէ՞։ Վերջակետ, գրողը տանի։ Ուժեղ ա, էլի, հո զոռով չի։ Ուղղակի, չգիտես ինչի, ես կարդալիս «Ադամանդե ձեռքը» ֆիլմից մնացած մի թևավոր խոսք հիշեցի՝ «եթե մարդը հիմար ա, ապա դա շուտ չի անցնի»։

Ուրեմն, ՀՀ ինքնիշխան սահմաններում կա՛ն ու տարածքում գոյություն ունեն մի քանի պետությունների հետ կապված ինստիտուտներ։ Առաջինը՝ Ռուսաստանի պետական, ՊՆ ինստիտուտի ռազմաբազան ա Գյումրիում։ Բայց, չգիտես՝ ինչու, ՀՀ սահամանային կետերից ռուս սահմանապահների հեռացման մասին զրույցի ժամանակ հայկական կողմը չի շտապել էդ ինստիտուցիոնալ ներկայությունը նույնպես վերացնել ՀՀ ինքիշխան տարածքից։ Ավելին, պայմանագիր կա, որ մի 20+ տարի էլ դեռ էստեղ կլինեն։ Բայց կա նաև երրորդ պետության ներկայությունը։ ՀՀ ինքնիշխան տարածքում ա նաև ադրբեջանական պետության մի ինիստիտուտ՝ բանակը։ Ընդ որում, էդ ներկայությունը ՀՀ ամբողջ պատմության ընթացքում ա։ Տավուշի մարզի մի պատկառելի ու կարևոր հատված տասնամյակներով օկուպացված ա էդ ինստիտուտի կողմից։ Ուղղակի, էլի չգիտես՝ ինչու, էդ տարածքում «սահմանազատումից» հետո տարածքի օտարածին տարրերը չշտապեցին հեռանալ։ Փոխարենը «սահմանազատման» անվան տակ թշնամուն հանձնվեց հայրենիքի ամենապաշտպանված կտորներից հատվածներ՝ հարվածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանության մի մեծ կտոր ևս։ Ադրբեջանական կողմը կռվով-դավով իր ներկայությունն ա ապահովել նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Ըստ ՔՊ-ի, նրանք էդ ներկայությունը նույնպես չեն շտապում վերացնել՝ հայտարարելով, թե դա բանակցությունների միջոցով կանեն․ կհամոզեն՝ թուրքերն էլ խելոք կգնան, իբրև թե։

Այ սենց «տուզիկ» մոտեցումներ ՀՀ ինքնիշխան տարածքի վերաբերյալ։ Բայց երբ խոսքը վերաբերվում ա ներքին խնդիրներին, ասենք՝ 15 հոգի ոստիկանով մի հոգու քացու տակ տալուն, կամ 30 ցուցարարի դեմ մի 300 ոստիկան ուղղորդելուն, կամ ՀՀ ողջ իրավապահ համակարգը արցախցի գաղթականների ինստիտուտների անունների դեմ պայքարին, խնդրեմ՝ առյուծ են կտրում։ Է՛լ ստորակետ, է՛լ միջակետ, է՛լ վերջակետ․ Թորոսյան մի ասա, մե վայրի գազա՛ն ասա։ Էնքան ուղեղ էլ չունեն, որ էդ թեմաներով ուղղակի լռեն՝ նապաստակի անփույթ ականջները տակները կոխած թաքնվելով։

Մնում է պարզել, թե ինչպես է ինքը՝ Պուտինը “խիստ պահպանում” Ալվա-Աթայի հռչակագիրը Ուկրաինայում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ըստ ռուսական շրջանակներից մեզ փոխանցված տեղեկության՝ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ: Ղազախստանը՝ Ալմա-Աթան՝ որպես ստորագրության վայր, պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ կերպ արձագանքել»։ 
Մնում է պարզել, թե ինչպես է ինքը՝ Պուտինը “խիստ պահպանում” Ալվա-Աթայի հռչակագիրը Ուկրաինայում։ 

«Աջակցության սրճարանը հույսի փարոս է Արցախից տեղահանված մեր ավագ սերնդի հայրենակիցների համար»

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» կազմակերպությունը հիմնադրել է 2017 թվականին ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկության մակարդակը և զարգացնել կայուն ծրագրեր և ծառայություններ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար։ Կազմակերպությունը գործում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Կլեմենտե քաղաքում, շահույթ չի հետապնդում։

Դոկտոր Ջ․ Մահաքյանը Հայաստանում տարեցների խնամքի ծրագրերի իրագործման և Ալցհայմերի հիվանդության մասին իրազեկության բարձրացման առաջամարտիկն է։

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կողմից, Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, փետրվարին Երևանում ու Գյումրիում մեկնարկեց  ,,Աջակցության սրճարան՚՚ ծրագիրը:

«Աջակցության սրճարանը հույսի փարոս է Արցախից տեղահանված մեր ավագ սերնդի հայրենակիցների համար, քանի որ ծրագրի շրջանակում նրանց տրամադրվում է խիստ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն։ Մենք շնորհակալ ենք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը (AGBU) այս ծրագրին օժանդակելու համար»,- ասում է կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահակյանը:

Ծրագրի նպատակն է 60 և ավելի տարեկան արցախցիների համար ստեղծել աջակցող միջավայր և տրամադրել հոգեսոցիալական օգնություն, ներառյալ՝ արվեստաթերապիան: Այս ամենը նախատեսվում է, որ կխթանի նրանց սոցիալականացմանը, կբարելավի կյանքի որակը, որ կարողանան հարմարվել նոր պայմաններում և հաղթահարել դժվարին իրողություններին: Բացի դրանից, հանդիպումները կխթանեն Արցախի տարեցների միջև հաղորդակցությունը, կձևավորեն նոր կապեր՝ ստեղծելով փոխօգնության նոր ցանց։

Երաժշտությունը, ձեռքի աշխատանքներն ու կոգնիտիվ գործառույթների խթանմանը միտված վարժությունները հոգատար խմբային միջավայրում կօգնեն պահպանել հոգեկան առողջությունը, բարձրացնել ինքնավստահությունը, նպաստել սոցիալական ներառմանը, ակտիվացնել զգայարանները, հեշտացնել հույզերի արտահայտումը, խթանել ճանաչողական ունակությունները և խրախուսել ֆիզիկական ակտիվությունը:

Փորձնական ծրագիրն իրականացնում է բազմամասնագիտական թիմը՝ բաղկացած հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, արտթերապիստներից: Հոգետրավմայի ուղղությամբ մասնագիտացած կլինիկական հոգեբանի կողմից մասնագիտական թիմը զուգահեռաբար ամեն շաբաթ անցնում է վերապատրաստում:

Սրճարանները գործում են Երևանում և Գյումրիում՝ համապատասխանաբար Զաքարիա Քանաքեռցի 1 և Շիրակցի 8 հասցեներում: Ամեն խմբում ընդգրկված է մինչև 30 անձ:

Փորձնական փուլի ավարտից հետո նպատակ կա շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով այն այլ համայնքներում, որտեղ կենտրոնացած են Արցախից բռնի տեղահանված հայերը: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար փորձ կարվի ներգրավել մասնավոր նվիրատվություններ, դրամաշնորհներ և այլ աջակցություն:

“Մեկնարկից առաջ ծրագրի մասնակիցները անցել են համապատասխան գնահատում և ավարտից հետո նույնպես կանցնեն, որպեզի համոզվենք, որ մեր աշխատանքը տվել է իր արդյունքները: Ծրագիրը սկսելուց առաջ մտավախություն կար, որ մարդիկ ցանկություն չեն հայտնի մասնակցելու, սակայն արդյունքում մասնակցների թիվը մեզ հաճելիորեն զարմացրեց: Անչափ շնորհակալ ենք  բոլոր մասնակիցներից վստահության և մեր մեկնած ձեռքը սեղմելու համար”։

Այս մասին Step1.am հետ զրույցում ասաց “Ալցհայմերի խնամք Հայաստան” կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանը:

Արսեն Աղաջանյան

Արցախցիները Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ ունեն, երկու անձնագրի մասին օրենքում որեւէ նշում չկա

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն անդրադարձավ արցախցիների քաղաքացիության հարցին։

«Ասում են՝ եթե անձագիրդ փոխես, քեզ այստեղ կտանք բնակարան։ Ի՞նչ անձնագիրը փոխելու մասին է խոսքը, այստեղ ճիշտ հակառակ գործընթացը պետք է լինի, որովհետեւ սոցիալական իրավունքների հարցը հենվում է քաղաքացի լինելու իրավունքների վրա»,- ասաց նա։

Չուգասզյանը նշեց, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ ունեն։ Սա միակ փաստաթուղթն է, երկու անձնագրի մասին Հայաստանի որեւէ օրենքում որեւէ նշում չկա։ Միայն մեկ տեսակի միասնական փաստաթուղթ ու միասնական ստատուս է գործում։

«Եթե մարդկանց իրավունքները բռնի տեղհանության հետեւանքով խախտվել են, մեր ամբողջ ժողովուրդը եւ պետությունը պարտականություններ ունեն իրենց մի մասի նկատմամբ, քանի որ այս մարդիկ ՀՀ քաղաքացիների անձնագիր ունեն։ Եթե այդ անձնագիրն իրենցից վերցնում են, ասում են՝ տուր այդ անձնագիրը, ուրիշ անձնագիր ստացիր, ստացվում է, որ Հայաստանը կայուն բնակչություն չունի։ Ըստ Մոնտեվիդեոի համաձայնագրի՝ եթե որեւիցե երկիր, թեկուզ չճանաչված, կայուն բնակչություն չունի, այսինքն՝ միասնական չես կարող որոշել, թե որն է քո բնակչության սահմանը, դու ինքնիշխան երկիր չես։

Այսինքն՝ ստացվում է, որ այս սոցիալական հարցը, որը հենվում է այդ անձնագրերի վրա, դրանով ամբողջ Հայաստանի ինքնիշխանության հարցն է վտանգված դառնում։ Եվ ամբողջ աշխարհը միջազգային իրավունքի տեսանկյունից կարող է ասել՝ դուք վասալ երկիր եք։ Սա ոչ թե արցախցիների հարցն է, սրանով ամբողջ ՀՀ ինքնիշխանության հարցն է լուծվում։

Եթե մեր ժողովուրդն իրենից օտարում է իր քաղաքացիներին, վաղը-մյուս օրը կասեն՝ Սյունիքի կոդով քաղաքացիները պետք է անձնագրերը փոխեն, հետո Երեւանի կոդով քաղաքացիները պետք է փոխեն։ Ստացվում է, որ քանդվում է Հայաստանում ապրող ժողովրդի՝ միասնական պետություն ունենալու գաղափարը։ Այդպես է քանդվում երկիրը, դու հայտնվում ես լրիվ բանկրոտ վիճակում, որպես պետություն վերանում ես, լուծարվում է ՀՀ-ն։ Մենք պետք է հասկանանք, որ սա լուծարման արատավոր ու կործանարար ճանապարհ է, որը եթե չկանգնեցվի, վատ կլինի»,- ասաց նա։

Չուգասզյանը նշեց, որ արցախցիներին հակասահմանադրական ձեւով պարտադրվում է, որ այդ թրի տակով անցնեն, փոխեն անձնագրերն ու ասեն, որ մինչեւ հիմա եղել են «Ադրբեջանի բնակիչ», քանի որ դա այն է, ինչ պահանջում է Ալիեւը։

33 տարի Մարաղայի ողբերգությունից. «Ժամանակակից Գողգոթա, բայց շատ ավելի սարսափելի»

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում հայ բնակչության ջարդ են իրականացրել։

Մարաղայում ադրբեջանցիների կողմից կատարված հանցագործությունների փաստերն արձանագրվել են տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Human Rights Watch-ի և Amnesty International-ի։

Քաղաքագետ, լրագրող Լևոն Մելիք-Շահնազարյանը ժամանակին հրապարակել է 57 տանջամահ արած բնակիչների ցուցակը, այդ թվում՝ 30 կնոջ։ Պատանդ է վերցվել 45 մարդ, այդ թվում՝ 9 երեխա, 29 կին։

Ապրիլի 13-ին բարոնուհի Քերոլայն Քոքսի և Christian Solidarity Worldwide կազմակերպության մի խումբ անդամների ներկայությամբ արտաշիրիմվել են սպանվածների մարմինները։ Տեսանյութերը, լուսանկարները և այլ նյութերը վկայում են այն մասին, որ սպանվածների մարմինները մասնատվել են, անդամահատվել, պղծվել և այրվել։ Բարոնուհին իր տեսածն անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն շատ ավելի սարսափելի»։

Երկու շաբաթ անց Մարաղան կրկին հարձակման ենթարկվեց։ 13 բնակիչ պատանդ է վերցվել, մնացածն ընդմիշտ հեռացել են հայրենի գյուղից. Մարտակերտի շրջանում բնակիչները նոր գյուղ են ստեղծել՝ Նոր Մարաղա։

Նոր Մարաղում ամեն տարի հարգել են զոհվածների հիշատակը։ 44-օրյա պատերազմի արդյունքում գյուղը օկուպացվել է, իսկ Մարաղայի բնակիչները երկրորդ անգամ ստիպված են եղել լքել իրենց տները։

1992 թվականի ջարդերի զոհերի հուշարձանը բնակիչները տեղափոխել են Ստեփանակերտ։ Այն տեղադրվել է Սումգայիթի ողբերգության, Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանների, անհայտ կորածների անուններով խաչքարի, Ղարաբաղյան պատերազմներում զոհված զինվորների գերեզմանների կողքին։

Հուշարձանը հնարավոր չի եղել տեղափոխել Հայաստան 2023 թվականի աշնանը՝ արցախցիների բռնի տեղահանության ժամանակ։

Մարաղա համայնքի բնակիչներից մեկը խոստովանեց, որ հուշաքարը վերցնելու միտք կար, բայց այն հեռու մղեցին, քանի որ չէին հավատում, որ «ռուսները կզիջեն Արցախը, և մտածում էինք, որ ժամանակավոր են դուրս գալիս»։

Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյանը գրում է. «Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից դրանց համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ պայմաններ են ստեղծել ադրբեջանցիների համար պետական ​​մակարդակով հայերի նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն իրականացնելու համար”։

Բայց արդյո՞ք հայկական կողմը բավարա՞ր քայլեր է անում միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար։ Ավելի քան 30 տարի հայ բնակչությունն ու ժառանգությունը ենթարկվել են ջարդերի, ցեղասպանության, հայրենի վայրերից բազմիցս բռնի տեղահանությունների։ Պետական ​​քաղաքականությունը երբեք պատշաճ ուշադրություն չի դարձրել հայերի դեմ հանցագործությունների մասին տեղեկատվության ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ տարածմանը։

Ալվարդ Գրիգորյան

Քննարկումներն ներկայացրած 12 կետանոց պահանջների շրջանակներում են

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակում են հանդիպումներն ու քննարկումները հայաստանյան քաղաքական ուժերի հետ։ Այսօր հանդիպումներ են անցկացվել ՀՀԿ, «Հայաստան» դաշինքի եւ Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչների հետ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը լրագրողներին ասաց, որ քննարկումներն իրենց ներկայացրած 12 կետանոց պահանջների շրջանակներում են։ Նա ասաց, որ սպասում են, որպեսզի ՀՀ իշխանությունները պատասխանեն իրենց պահանջագրում բարձրացրած բոլոր հարցերին։ Հիշեցնենք, որ իշխանություններն արցախցիների քաղաքական եւ իրավական հարցերին չեն պատասխանել։

«Հաջորդ հանրահավաքը ցույց է տալու, որ այստեղ միայն արցախահայության հարցը չէ, սա ազգովի պայքար է, եւ այս շարժումն արդեն վերածնունդ է արթնացրել հանրության մեջ։ Ժողովուրդն սպասում է պատասխանի, մեր հանրությունը պահանջատեր է, ներկա իշխանությունը պատասխանատու է ազգի ներկայացուցիչների առաջ։ Իրենք պարտավոր են մեր բոլոր հարցերի պատասխանները տան՝ հիմնավորված։ Մինչեւ օրս խաբել են, խաբվել ենք, դրա համար սպասում ենք հիմնավորված պատասխանների, չենք նահանջելու»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ մինչեւ ապրիլի 15-ը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնելու, որից հետո հայտարարելու են հաջորդ հանրահավաքի անցկացման մասին։