Պարզվում է, արցախցիների բնակապահովման համար փողը բյուջեից չի տրվում․ պետությունը երաշխավորում է բանկերին, որ կվերդարձնի փողը տարիներ հետո

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը Արցախի հանրայինի Նարեկ Սահակյանի հետ խոսել է մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի, ներկայացված պահանջների և դրանց վերաբերյալ ՀՀ կառավարության պատասխանի մասին: Ավանեսյանի գնահատմամբ՝ պետք է շարունակել պայքարը և պաշտպանել բռնի տեղահանված արցախցիների իրավունքները:

Պարզվում է, արցախցիների բնակապահովման համար փողը բյուջեից չի տրվում․ պետությունը երաշխավորում է բանկերին, որ կվերդարձնի փողը տարիներ հետո: Այնսինքն, ստացվում է պետությունը հիպոթեքային վարկ է վերցնում բանկերից եւ տրամադրում տեղահանված արցախցիներին: Ընդ որում, հենց այդ տունն էլ գրավ է դրվում:

 

 

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերի հիշատակին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, հարգանքի տուրք մատուցելով 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած ջարդերի զոհերի հիշատակին, հիշեցրել է, որ նման վայրագությունների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը։

Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է»,-նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

Հայաստանի արտաքին գերատեսչությունն իր գրառման մեջ նաև շեշտել է, որ վերնշյալ վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի  և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։

Հայաստանի ԱԳ նախարարությունը նաև ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ:

«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի ջարդերի զոհերին, մենք հիշեցնում ենք, որ նման վայրագությունների կանխարգելումը և կայուն խաղաղության հասնելը պահանջում է հրաժարվել ատելության խոսքից և խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ:

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայ խաղաղ բնակչության կոտորած։ Մարաղայի հայ բնակչության կոտորածն Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության հերթական դրսևորումն ու էթնիկ զտման հետևողական քաղաքականության շարունակությունն է եղել, որը մինչ այդ (1988-1991 թթ.) իրականացվել է Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում։

Հայաստանի արդարադատության փոխնախարար. Չենք պատրաստվում փոխել Սահմանադրության նախաբանը

Հայաստանի իշխանությունները չեն քննարկում Հայաստանի Սահմանադրության նախաբանը փոխելու հարցը. այս մասին լրագրողներին հայտնեց արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։

Նա նաև մեկնաբանել է իր անմիջական ղեկավարի՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքերը, թե նոր Սահմանադրությունը չպետք է վտանգ ներկայացնի Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագրի համար։

Հիշեցնենք, որ ՀՀ Հիմնական օրենքի նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ կետ կա Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ վերամիավորելու մասին։ Այդ կապակցությամբ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը։

Կոնֆերանս Վատիկանում․ աղվանական են ներկայացվում Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը

Artsakh Monument Watchը գրում է.

Ահազանգ!!!

Հենց հիմա Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։

Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։

Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմ

 

Պուերտոռիկացի նախշուն բաջին կգա Հայաստան

«Օտարերկրյա երկրպագուներիս ասեմ, որ այս ամառ մի քանի համերգ եմ ունենալու: Անհամբեր սպասում եմ տեսնել բոլորիդ: Չափազանց շատ ժամանակ է անցել: Հրաշալի ամառ է սպասվում»,– Ինստագրամում գրել է Զեյ Լոն։

Պուերտոռիկացի նախշուն բաջին հորդորել է տոմսերի եւ համերգների ամսաթվերի մասին տեղեկություններ ստանալու համար հետեւել «On The JLo» ինստագրամյան էջին։

Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Երևանում` Վազգեն Սարգսյան հանրապետական մարզադաշտում, բաց երկնքի տակ, որն արդեն կարող է լավագույն վայրը լինել բռնի տեղահանված արցախցիների համար: Հույս պահենք, որ Սնուփ Դոգը լուսանցքում չի մնա:

Արմեն Գրիգորյանը լղոզված պատասխան տվեց

«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, հանրության հետ կկիսվենք այդ ինֆորմացիայով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատերազմի վտանգ կա՞։

Նշենք, որ վերջին շրջանում կան տեղեկություններ, որ ադրբեջանական կողմից կուտակուներ կան, Բաքուն նաեւ կեղծ լուրեր է տարածքում, թե հայկական կողմից կրակոցներ կան։ Այնինչ, իրականում ադրբեջանական կողմից են կրակոցները, որոնք փաստում են նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները։

Անդրադառնալով այս հարցերին, թե ի վերջո ի՞նչ է կատարվում՝ զորքերի կուտակում ու ՀՀ վրա հարձակման հավանականություն կա՞, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե որեւէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար մենք այդ ինֆորմացիան կկիսվենք հանրության հետ։ Ձեզ որտեղի՞ց նման ինֆորմացիա, դուք ունե՞ք հստակ աղբյուր, պետք չէ հետեւել այդպիսի ինֆորմացիոն աղմուկներին, եթե ինչ-որ ինֆորմացիա լինի, միանշանակ է, որ Պաշտպանության նախարարությունն ինֆորմացիա տրամադրելու է։ Սահմանային իրավիճակի հետ կապված ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում է, հերքում է նաեւ կեղծ ինֆորմացիան։ Բայց նաեւ ուզում եմ նշել, որ ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։

 

Հայաստանի իշխանության չորս պահանջը Արցախի ժողովրդին․ այդ օրը կգա

Մարտի 28-ին արցախցիների հանրահավաքը բուլիինգի մեծ ալիք բարձրացրեց, որի ներքո բացահայտ հնչեցվեցին Հայաստանի իշխանությունների հիմնական պահանջները Արցախի ժողովրդին։

Առաջին․ կառավարությունն առաջարկեց Ազատության հրապարակից հանել արցախցիների վրանը՝ նույնիսկ համաձայնելով դրա դիմաց մեկ ամսով երկարաձգել 40+10 ծրագիրը։ Կարծես թե Օպերայի մոտ գտնվող փոքրիկ վրանը մեծ կառավարությանը չպիտի մտահոգի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ վրանը գրավում է միջազգային կազմակերպությունների, դոնորների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը, որոնք սկսում են կասկածել Արցախի ժողովրդի խնդիրները լուծելու Հայաստանի իշխանության կարողությանն ու մտադրությանը։ Հենց այս օրերին էր, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչները հանդիպեցին կառավարությանը՝ ըստ երևույթին փորձելով պարզել, թե արդյոք առկա են կոռուպցիոն կամ այլ ռիսկեր։

Երկրորդ՝ Հայաստանի իշխանությունը բացահայտ պահանջում է, որ Արցախի ժողովուրդը չերկարաձգի իր խորհրդարանի և նախագահի լիազորությունները, որոնք ավարտվում են այս տարվա մայիսի 21-ին։ Ինչպես հաղորդում է Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, դու մի ասա խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Արցախի Սահմանադրության փոփոխությունները, որոնք թույլ կտան կարգավորել խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների հարցը։ Շուտով կլինի երկրորդ ընթերցումը, և Հայաստանի իշխանությունն իր բոլոր խողովակներով փորձում է կանխել այն։

Հենց սա է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարության հիմքում, թե Հայաստանը թույլ չի տա «պետություն պետության մեջ» կամ այլ պետության հետ կապված ինստիտուտների գոյությունը։ Նա նշեց, որ նման գործողությունները պետք է ստանան «իրավական և քաղաքական գնահատական»։ Սա նշանակում է, որ Արցախի Սահմանադրության փոփոխությունների երկրորդ ընթերցումը կարող է սկսվել ՀՀ հատուկ նշանակության ջոկատի «պատժիչ գործողությամբ»։

Երրորդ՝ արցախցիների՝ Հայաստանում գտնվելու սոցիալական պայմանները խստացվում են, այդ թվում՝ նրանց Հայաստանից դուրս մղելու և բողոքական անվերահսկելի զանգվածի ձևավորումը կանխելու նպատակով։ Իշխող շրջանակները, որոնք շահագրգռված են արցախցիներին մարգինալացնելու ու երկրից դուրս հանելու մեջ, իրենց ֆեյքերի միջոցով լուրեր են տարածում, թե իբր հայ հասարակությունը շահագրգռված է արցախցիների արտագաղթով։

Սոցցանցերում մեկ նման սադրիչ գրառման առնչությամբ Արցախի հասարակական կազմակերպություններն ու իրավաբաններն արդեն հանցագործության մասին ծանուցումներ են ներկայացրել։ Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է, որ խտրականության և ահաբեկման համար ՀՀ օրենսդրությունը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում։

ՀՀ կառավարությունը չի դատապարտում նման դեպքերը, մյուս կողմից՝ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն անմիջապես արձագանքեց սադրանքանման մի լուրի, իբր ինքը ծնունդով Աղդամից է։ Սիմոնյանն իր պատասխանում հերքում է այդ փաստը՝ մի քանի անգամ նշելով, որ տեղեկությունը տարածել է «ղարաբաղցի ծերուկ»։ «Նրա նմանները երեկ և վաղը կակտիվանան և կփորձեն Հայաստանը ներսից քանդել, պայթեցնել։ Հայաստանում չի ստացվի այն, ինչ արեցիք Ղարաբաղում»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Սիմոնյանը դատի չտվեց «ղարաբաղցի ծերունուն»՝ նախընտրելով հերթական անգամ նվաստացնել բոլոր արցախցիներին և մատ թափ տալ նրանց վրա, եթե նրանք փորձեն Հայաստանում իշխանություն փոխել։ Իզուր չէ, որ լուրեր են տարածվում, թե իբր Արցախը «հանձնվել է» Ստեփանակերտում «հեղաշրջումից» հետո։

Չորրորդ՝ իշխանությունները վախենում են Արցախի ժողովրդի շուրջ ազգի համախմբումից և ազգային հաշվեհարդարից։ Ալիևը չի դադարում խոսել այս մասին՝ պահանջելով, որ Հայաստանում խեղդվեն անջատողականության և ռևանշիզմի ծիլերը: Զուր չէ, որ Ալիևը վախենում է ռևանշից. ի վերջո, Արցախի ժողովրդի՝ որպես համայնքի գոյությունը, Ղարաբաղ վերադարձած «կարոտ ադրբեջանցիների» բացակայությունը, Հայաստանի Սահմանադրությունը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը ուղղակիորեն վկայում են այն մասին, որ Ալիևը պարզապես բռնությամբ զավթել է հայկական տարածքը, որի նկատմամբ ոչ մի իրավունք չունի։ Վաղ թե ուշ նրան կհարցնեն, թե ինչ իրավունքով է նա Ղարաբաղում, Նախիջևանում նույնպես։

Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը գիտեն, որ գալու է այս օրը, ուստի փորձում են կանխել հայ հասարակության համախմբումը ազգային իրավունքների և վրեժխնդրության շուրջ։ Դրա համար անհրաժեշտ է Արցախի ժողովրդին կապել Հայաստանին լավը չցանկացող «մութ ուժերի» հետ։

Բացի այդ, արտաքին գործերի նախարարության մակարդակով պետք է հայտարարել, որ «Ղարաբաղից արտաքսումից և լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո» Ղարաբաղի հարցը դադարել է լինել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների առարկա։ Արցախի հարցը չենք բարձրացնի, Անթալիա մեկնելուց առաջ երդվել է Արարատ Միրզոյանը։ Բայց նույնիսկ նա չհասկացավ, որ դրանով թարմացնում է 1989 թվականի որոշումը՝ ըստ էության հայտարարելով, որ Արցախի հարցը ներհայկական խնդիր է, և Բաքուն կապ չունի։

Ինչպես այսօր գրում է BBC-ն, «2023-ին, ավելի քան հազար տարվա մեջ առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել: Բայց վիճելի տարածաշրջանը մնաց 1990-ի անկախության հռչակագրում, որտեղ խոսվում էր Հայաստանի հետ նրա «վերամիավորման» մասին: Հայաստանի գործող Սահմանադրությունը հղում է պարունակում այս հռչակագրին։ Բաքուն դա դիտարկում է որպես իր տարածքի նկատմամբ պաշտոնական պահանջ և պահանջում է այն հեռացնել: Ադրբեջանցի դիվանագետներն ասում են, որ առանց դրա խաղաղությունն անհնար է. եթե անգամ Փաշինյանն ու իր ընտրազանգվածը հիմա պատրաստ են ընդմիշտ հրաժարվել Ղարաբաղից, մի օր իշխանության կարող են գալ ռեւանշիստներ, որոնք կօգտվեն սահմանադրության մեջ այս տարածքի հիշատակումից»։

Ամեն ինչ ասված է։

Նաիրա Հայրումյան

Կառավարությունն ընդունեց արցախցիներին օժանդակության վիճելի ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց վերջերս հանրային քննարկման դրված եւ արցախցիների կողմից բացասական վերաբերմունքի արժանացած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը։

Այս ծրագրով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին՝ ամենամսյա դրամական աջակցության ձեւով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Ըստ կառավարության՝ կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 ՀՀ դրամից: Աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ։

«Նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ»,- նշվում է կառավարության հիմնավորման մեջ։

Այս տարվա ապրիլից կառավարությունը կրճատել է «40+10 հազար» դրամ աջակցության ծրագիրը՝ այն ուղղելով միայն հատուկ խմբերին։ Զուգահեռ սոցանապահովների համար իրականացվելու է այս ծրագիրը։ Այնինչ, արցախցիները պահանջում են, որպեսզի «40+10 հազար» ծրագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիների բնակարանային հարցերը չեն լուծվել։

Վատ եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 14-ը. որտեղի՞ց են ցեխային անձրևները

Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։ Վատ եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 14-ը, լեռնային շրջաններում տեղումները կարող են վերածվել թաց ձյան։
Ապրիլի 9-ից 11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18–22 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-ին կլինի.
– Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ մոտ +14°С,
– Կոտայքում՝ մինչև +16°С,
– Գեղարքունիքում՝ մոտ +12°С,
– Արագածոտնում մինչև +17°С,
– Արարատում և Արմավիրում՝ մինչև +22°С,
– Վայոց ձորում՝ մոտ +21°С,
– Սյունիքում՝ մինչև +23°С։

Երեւանում ապրիլի 10-ին սպասվում է կարճատեւ անձրեւ, մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը կհասնի +18°C։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:

Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

Թրամփը «հարվածի տակ է դնում» Իսրայելին. Իրանը պետք է համոզվի, որ Հայաստանը «չի աջակցի» Բաքվին և Անկարային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների ծրագրված հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի նրա վերջնագիրը: Այս մասին Թրամփը հայտարարել է չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին լրագրողների հետ զրույցում, հայտնում է Associated Press-ը։

Թրամփն ասել է, որ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և «հիանալի երկիր լինի», բայց թույլ չի տա, որ երկիրը միջուկային զենք ունենա։ Թեհրանն իբր հասկանում է դա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև կրկնել է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառելու իր խոստումը և ասել, որ Իսրայելը կմասնակցի հնարավոր հարձակմանը:

Իրանը «կոշտ պատասխան» է խոստացել ԱՄՆ-ին ուղղված Թրամփի բազմիցս սպառնալիքներին։ Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև երկար ժամանակ անց առաջին պաշտոնական հանդիպումը։

Իսրայելի ղեկավարության մասին Թրամփի հայտարարությունը կարծես «հարվածի տակ է դնում»  Իսրայելին. եթե Իրանը կոշտ պատասխան տա, ապա պետք է հարվածի Իսրայելին, ոչ թե ԱՄՆ-ին: Վերջերս Իրանը ցուցադրեց ստորգետնյա հրթիռային քաղաքներ՝ ակնարկելով, որ Իսրայելը հրթիռներով ռմբակոծելու համար ամեն ինչ ունի:

Միջազգային վերլուծաբաններն ուղղակիորեն ասում են, որ եթե Իսրայելի և Իրանի միջև զինված առճակատում սկսվի, Թուրքիան և Ադրբեջանը կօգտագործեն հնարավորությունը՝ բռնակցելու հյուսիսային Իրանը և հարավային Հայաստանը։

Նախօրեին Ալիեւը մեկնաբանել է Սիրիայում Թուրքիայի եւ Իսրայելի հակասությունները՝ երկու պետություններին էլ անվանելով Ադրբեջանի դաշնակիցներ, որոնց շնորհիվ էլ իրականացվել է Արցախում գործողությունը։ Միևնույն ժամանակ Ալիևը հրաժարվում է Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելուց՝ առաջ քաշելով անհեթեթ պայմաններ և միաժամանակ սաստկացնելով տեղեկատվական էսկալացիան։

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է սահմանին հայ-իրանական երկօրյա զորավարժությունների անցկացման մասին, որոնց ընթացքում իրականացվում է սահմանի դեմ հնարավոր ահաբեկչական հարձակումների պատասխանները։

Թրամփը Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը հասցրեց 125%-ի։ Մնացած երկրների համար 90 օրով տուրքերի բարձրացումը դադարեցվել են

Միացյալ Նահանգները բարձրացնում է Չինաստանից ապրանքների առևտրային մաքսատուրքերը 104-ից մինչև 125%, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մյուս երկրների համար երեք ամսով ներմուծման 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի։

«Համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի անհարգալից վերաբերմունքին ի պատասխան՝ ես բարձրացնում եմ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը մինչև 125%, ինչը ուժի մեջ են մտնում անմիջապես: Ինչ-որ պահի, հուսով եմ, մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ը և այլ երկրները բզկտելն այլևս ընդունելի չէ», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:

Նա նաև ասաց, որ ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ-ին մաքսատուրքերի շուրջ բանակցելու խնդրանքով, և որ այդ երկրների համար հետաձգում է սահմանվել. Միջոցառումը նույնպես ուժի մեջ է մտնում անմիջապես և ուժի մեջ կմնա 90 օր։

Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ–ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման մասին լուրերը։
Վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին:
«Արտաքին հետախուզության ծառայության կողմից հավաքվող տեղեկությունները գաղտնագրված են, և, ըստ այդմ, իրավունք չունենք Ձեզ դրանք տրամադրել»,- նշված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման` ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանի տրամադրած պատասխանում։
ԱՀԾ-ում առաջարկել են հետևել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններին։
Գրավոր հարցմամբ նաև հետաքրքրվել էինք, թե ինչպես է ծառայությունը գնահատում Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների հավանականությունը այս և մոտակա ամիսների ընթացքում։ ԱՀԾ-ում այս հարցին ևս չեն պատասխանել։