Չենք պատրաստվում ստեղծել երկրորդ իշխանություն Հայաստանում, բայց պետք է պահպանենք մեր ինստիտուտները

Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

-Տիկին Հակոբյան, ասել եք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների օրակարգով առաջիկայում Արցախի խորհրդարանը նիստ կգումարվի։ Այս փոփոխություններն ուղղված են մայիս ամսից հետո Արցախի պետական ինստիտուտների՝  նախագահի ու ԱԺ-ի գործառույթների շարունակականության ապահովմանը։ Մի փոքր կմանրամասնե՞ք գործընթացը։

-Բնական է, որ գործընթացները վաղուց սկաված են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 2025 թվականի մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը։ Ազգային ժողովի հարցը կարգավորում է հենց գործող Սահմանադրությունը, բայց նախագահի լիազորությունների մասով պետք է կարգավորումներ արվեն։ Եվ բնական է, որ այդ գործընթացները նոր չեն սկսվել։ Եվ քանի որ մենք հայտնվել ենք մեզ համար անսովոր ու անհասկանալի մի իրավիճակում, հայրենիքի մյուս հատվածում պետք է կարողանանք պաշտպանվել ու պահպանել այն, ինչը հնարավոր է։ Այդ առումով տարբեր տեսակի կարգավորումներ կան, որպեսզի պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները՝ այն գիտակցումով, որ բնական է՝ այս իշխանությունները հավերժ չեն։ Ի վերջո Հայաստանում հաստատվելու է ազգային իշխանություն, որը չի կարող իր օրակարգում չունենալ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Հետեւաբար, կարեւոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Այդ գործիքներից մեկը օրենքին համապատասխան գործընթացի իրականացումն է ֆորս մաժորային իրավիճակում։ Հայաստանի այլ իշխանությունների պայմաններում նույնիսկ նոր ընտրություններ անցկացնելը հնարավոր կլիներ, բայց հիմա այդ հնարավորությունը չկա։ Հետեւաբար, պետք է սահմանադրությունը հնարավորություն տա պահպանել Արցախի պետական ինստիտուտները։

Նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ նիստում, գնացել է Արցախի գերագույն դատարան, որտեղ ստացել է դրական եզրակացություն, տեղի է ունեցել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը տվել է իր դրական եզրակացությունը։ Պիտի տեղի ունենա ԱԺ նիստ, որի ընթացքում նախագիծը պետք է երկրորդ ընթերցմամբ քննարկվի ու ընդունվի, եւ դրանով այս գործընթացն արդեն կհամարենք ավարտված։

Նախագծի ընդունումից հետո ի՞նչ է տեղի ունենալու, նախագահի ու ԱԺ լիազորությունները ավտոմատ երկարացվելո՞ւ են։

-Տարբեր կարգավորումներ կան։ Պետք է հասկանալ, որ պետական ինստիտուտները չպետք է պայմանավորված լինեն կոնկրետ անձով կամ չպետք է կախված լինեն իր ցանկություններից։ Ինքը ցանկացած իրավիճակում պետք է կարողանա լուծումներ առաջարկել, որպեզի վերոնշյալ ինստիտուտները կարողանան մնալ։ Բացի այդ, պետք է նաեւ խթան լինի, որպեսզի այդ ինստիտուտների կենսունակությունն ապահովվի։ Մենք պետք է ընդունենք ու փաստենք, որ Արցախի թե Ազգային ժողովը, թե կառավարությունն այսօր թերանում են եւ այն պահանջված կենսունակությունը չունեն, որը պետք է լինի։ Հետեւաբար, կարգավորումները տարբեր են։ Ես ուզում եմ նորից հիշեցնել, որ Ազգային ժողովի մասով որեւէ խնդիր չի ծագում, որովհետեւ գործող սահմանադրությունը եւս կարգավորում է այդ խնդիրը։ Այս փոփոխությունների համատեքստում խոսքը հիմնականում վերաբերում է նախագահի ինստիտուտին։

Իսկ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ կա՞ կոնսենսուս այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցում։

-Մենք առաջին ընթերցմամբ ընդունելու հարցում քվորումի խնդիր չենք ունեցել, ստացվել է։ Ես դեռեւս չեմ ուզում որեւէ խնդրի անդրադառնալ, այո, երբեմն-երբեմն ծագում են խնդիրներ՝ պայմանավորված որոշ մարդկանց վախերով կամ միգուցե նաեւ համագործակցությամբ։ Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում խելամտությունը, այն պահանջները, որոնք դրված են 32 պատգամավորի վրա, պետք է ավելի վեր լինեն, քան մնացած նեղ շահերը կամ վախերը, որոնք կարող են արգելել գնալ այն քայլին, ինչին իրենք ուղղակի պարտավոր են գնալ։ Ոչ թե ուզեն կամ չուզեն, այլ իրենք ուղղակի պարտավոր են։

-Իշխանության ներկայացուցիչներն արդեն անդրադարձել են Արցախի ԱԺ գործունեությանը։ Օրինակ՝ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը գրել է․ «Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Մենք բազմիցս իրենց այդ անիմաստ ու անհեթեթ մտքերին պատասխանել ենք։ Մենք որեւէ կերպ չենք հավակնում երկրորդ պետություն ստեղծել հայրենիքի մեր այս հատվածում։ Այն մեզ համար հավասարազոր թանկ է ու անգին, ինչպես Արցախի Հանրապետությունը։ Հետեւաբար, նաեւ չենք պատրաստվում ստեղծել երկրորդ իշխանություն։ Իրենք կամ չունեն բավարար գիտելիքներ՝ հասկանալու այս ամենը, կամ իրենց տերերի հերթական պատվերն են կատարում։ Հետեւաբար, մենք կարող ենք էլի հայերեն բացատրել, որ մեր ցանկացած քայլ, խոսք, շարժում, միտք հավասարակշռված, չափված, ձեւվված է այնքան, որ որեւէ կերպ հանկարծ չսասանի ՀՀ անվտանգային համակարգը։ Հակառակը, մենք բազմիցս նշել ենք ու շարունակում ենք պնդել, որ իրենց բոլոր գործողությունները, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հերքումն ամբողջովին խարխլում են հենց ՀՀ անվտանգային համակարգը։ Եվ փաստում ենք, որ իրենց «խաղաղության օրակարգը» սին է, դատարկ է, կեղծ ու սուտ։ Չի կարող հաստատվել խաղաղություն մի երկրում, որի բնակիչների մի հատվածը՝ 160 հազար հայեր, ուղղակի բռնի տեղահանվել են, այսօր տնավեր, բնավեր են եւ սփռված են ոչ միայն Հայաստանով մեկ, այլ նաեւ աշխարհով մեկ։ Արցախցիները զենքի ուժի ու ցեղասպանության վտանգի ներքո տեղահանվել են այն պետության անօրեն քայլերի հետեւանքով, որի հետ իրենք պատրաստվում են թղթի վրա ինչ-որ բան խզմզել։ Հասկանալի է, որ ամենաքիչը 160 հազար մարդու, դրան գումարած Հայաստանի հայերի գերաշիռ մասի ու Սփյուռքի հայերի մոտ միանշանակ կա այդ անարդարության զգացումը։ Արդարություն հաստատվելու է այն պարագայում եւ խաղաղություն լինելու է այն դեպքում, երբ մենք բանակցային գործընթացի արդյունքում կկարողանանք իրացնել մեր իրավունքը՝ ապրելու մեր բնօրրանում։

Իրենց «խաղաղության» կեղծ օրակարգի հաջորդ ցայտուն վկայությունը մեր գերեվարված ու պատանդառված հայրենակիցների նկատմամբ կեղծ, անօրեն ու բռնի դատավարություններն են Բաքվում։ Այնպես որ, հասկանալի է, որ իրենք այս կեղծ թեզերը հորինել ու անընդհատ թութակի պես կրկնում են զուտ ներքին լսարանի համար, ինչու չէ, նաեւ արդարանալու իրենց համար բարեկամ, մեզ համար թշնամի երկրի իրենց գործընկերներրի մոտ։

Ռոզա Հովհաննիսյան

Բազեյան․ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու Արցախը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակում են համախմբմանն ուղղված հանդիպուները։ Այսօրվանից խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում հայաստանյան քաղաքական ուժերի ու անհատների հետ։

«Դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, 1921 թվականին Լենին-Աթաթուրք՝ ռուս-թուքրական համաձայնագրով Արցախը թողնվել է Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ։ Այդ նույն ժամանակահատվածում նաեւ Նախիջեւանն է թողնվել ադրբեջանցիներին, բայց Նախիջեւանում հայեր չէին մնացել, դրա համար չէինք կարող բարձրացրել ազգերի ինքնորոշման հարցը Նախիջեւանի տարածքում»,- այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

Նա հավելեց․ «Մենք պարտվել ենք ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ուժեղ բանակ ուներ, այլ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, մեր դիվանագիտությունը չէր աշխատում»։

Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ այս իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ, փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ արցախցիները ստիպված լքեն Հայաստանը, որպեսզի հետագայում, երբ ընդդիմադիր շարժումներ սկսվեն, արցախցիները չմիանան այդ շարժմանը։  Նա նշեց, որ օր առաջ պետք է համախմբել առողջ ուժերին՝ Մեղրիից մինչեւ Աշոցք ոտքի հանել ժողովրդին՝ այս իշխանությանը հեռացնելու համար։

«Այս իշխանության հեռացումը մենք դիտարկում ենք ընդամենը միջոց մեր պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, նպատակը մեր բանակը հզորացնելն է եւ Արցախն ազատագրելն է։ Մենք չենք կարող համակերպվել Արցախի կորստյան հետ, Արցախը ժամանակավոր անցել է Ադրբեջանին, մենք հետ ենք բերելու Արցախը»,- նշեց նա։

 

«Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն է եւ այն պետք է գոյություն ունենա»

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները Ազատության հրապարակում տեղադրված վրան-շտաբում շարունակում են համախմբմանն ուղղված հանդիպուները։ Այսօրվանից խորհրդի անդամները հանդիպումներ են ունենում հայաստանյան քաղաքական ուժերի հետ։ «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը այսօրվա հանդիպման ժամանակ ասաց՝ որպեսզի Արցախի հարցը դուրս չկա միջազգային օրակարգից, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։

«Մինսկի խումբը միակ միջազգային հարթակն է եւ այն պետք է գոյություն ունենա, որպեսզի մենք կարողանանք խոսել միջազգային հարթակում, այսպես ասած՝ դուռը չփակվի, դա շատ կարեւոր է։ Երկրորդ հարցն այն է, որ արցախահայությունը պետք է ունենա վերադառնալու եւ իր ինքնորոշման իրավունքն իրականացնելու իրավունք։ Սա նույնպես մեզ համար սկզբունքային հարց է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Երրորդ խումբ խնդիրները, նրա խոսքով, արցախցիների սոցիալական հարցերն են։ Որպեսզի արցախցիները չարտագաղթեն Հայաստանից, պետք է լուծում տրվի նրանք սոցիալական խնդիրներին։ «Բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռացվեն, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր հարցերը լուծել»,- ասաց Արամ Սարգսյանը։

 

Խնածախ-Խոզնավար․ 10:20, 12:20, մեկ էլ 4:20․ կրակելու հատուկ ժամեր ունեն

Գորիսից Խոզնավար, Խնածախ գնալիս տպավորություն է, որ անգամ Google Maps-ը չգիտի այս վայրերի մասին: Քառասուն տարվա սովետի ասֆալտ է, ասում է մեզ գյուղեր տանող վարորդը, միգուցե ավելի շատ, ես դեռ երեխա էի, երբ այս ճանապարհը կար: Հիմա, հիսուն տարի անց այս վիճակն է, միայն իմ 06-ն է համարձակվում այս ճանապարհով գնալ, ասում է նա։

 

Ի տարբերություն Խնածախի, որտեղ առաջինն ադրբեջանի դրոշն է ուշադրություն գրավում, Խոզնավարում  մեզ համար հասկանալի Ֆրանսիայի դրոշն էր ծածնվում Հայկ Նահապետյանի անվան պուրակում, որտեղ երեխաները վոլոյբոլ են խաղում ու հեծանիվ քշում: Գյուղում եզրաքուղեր (бордюр) են շարում, ճանապարհներ վերանորոգում: Խոզնավարում մի տեսակ ապահովության զգացում կա, չնայած Խնածախի պես սահմանամերձ է:

Խնածախում մարդիկ շատ բաց չեն լրագրողների հետ խոսելիս: Միեւնույն է, խոսենք, չխոսենք` նույն բանն է, դուք ի՞նչ կարող եք անել, կառավարությանը պետք է այս ամենը մտահոգի, ասում է գյուղամիջին նստած մի խնածախեցի: Ղարաբաղցիներն էլ չցանկացան ապրել այստեղ, այդ դրոշից ենք փախել, նորից գանք դրա տա՞կ ապրենք, ասում էին նրանք:

Խնածախեցին ըմբռնումով է մոտենում․ “զաստավիտի” բան չէ, հիմա ի՞նչ անեն մարդիկ, հարցնում է նա ու շարունակում. սա մեծ խաղ է, որը մենք չենք հասկանում, այսինքն՝ նրանք (ադրբեջանցիները) շատ լավ էլ հասկանում են, այդ մենք չենք հասկանում: 150 հազար մարդկանց հանել են տներից… Գյուղացին իր բացատրությունն ունի. ամեն ինչ փողի պատճառով էր, փողը պետք է վերանա աշխարհի երեսից, հիմա բոլորը միայն մեկ բանի մասին են մտածում` փող, այդպես չպետք է լինի, ասում է նա:

Խնածախեցին Ստեփանակերտն է նկարագրում. ЦОР, փոքր եկեղեցին, Հեքիմյան, Կոլցեվոյ, դեպի Տատիկ-պապիկ ճանապարհը, ի՞նչ լավ քաղաք է, հիշում է նա, ավելացնելով, որ քույրն այնտեղ էր ապրում:

10:20, 12:20, մեկ էլ 4:20․ կրակելու հատուկ ժամեր ունեն, մեկ րոպե անգամ չեն ուշանում: Ամեն գիշեր, ամեն օր կրակում են: Իսկ եթե ուշանում են, “զարմանում ենք”, գուցե քնել են: Տեսել եք, որ արդեն տների վրա են կրակում, տեսել եք, որ գյուղապետի տան վրա կրակել են, ասում է մի ուրիշ խնածախեցի: Նոր դպրոց են կառուցում, բայց տեսնում եք, որ շենքն ամբողջությամբ դիտարկվում է, գոնե մի քողարկված տարածքում կառուցեն։ Մենք կորցնելու բան չունենք, մենք մեր կյանքն ապրել ենք, բայց երեխաներն ինչպե՞ս պետք է ապրեն, դպրոց գնան այստեղ, ավտոմատի կրակոցների տակ, հարցնում է նա:

Վերադարձի ճանապարհին, երբ Քարաշենում կանգնել էինք մեքենան լիցքավորելու համար, տրամաչափն արդեն մեծացել էր. ոնց որ Ши́лка էր, տարակուած ասաց լցակայանի աշխատողը, Սեւ լճի կողմից էր կարծես…

Մարութ Վանյան

Խնածախ-Խոզնավար

Լուսանկարները՝ հեղինակի

Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն

Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:

Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Չես կարողանում լուծել Արցախի խնդիրը, ստիպիր հասարակությանը ատել այն

Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը անսպասելի էր ոչ միայն համաշխարհային հանրության, այլև հայ ժողովրդի համար։ Ինքնորոշման միջազգային հիմնարար սկզբունքի վրա կառուցված այս որոշման դեմ ոչ ոք հրապարակավ չխոսեց, բայց ոչ ոք չհամարձակվեց ճանաչել Արցախը որպես Հայաստանի մաս։

Այս որոշումը իսկական ռումբ էր այն ժամանակվա աշխարհակարգի համար, և այն այդպես էլ թույլ չտվեցին իրականացնել՝ պերմանենտ էֆեկտ չառաջացնելու համար։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է «գլխացավանք» ոչ միայն համաշխարհային դերակատարների, այլեւ առաջին հերթին հայ ժողովրդի համար։

Սկզբում «միացումը» «փոխարինեցին» Արցախի և Հայաստանի առանձին անկախությամբ. Ստեփանակերտը պարսպապատվեց «պետական» սահմաններով, նախագահով, մաքսային և պետության այլ ատրիբուտներով։ Միաժամանակ վերամիավորման մասին որոշումը ներառվել է Հայաստանի Անկախության հռչակագրում, այնուհետև ՀՀ Սահմանադրության մեջ։ Փաստացի «միացումն» իրականացվեց, բայց դե յուրե մնաց թղթի վրա։

Միասնական արժույթի, կենսաթոշակային, ֆինանսական, կրթական և այլ ինտեգրված համակարգերի հետ մեկտեղ Երևանն այս 30 տարիների ընթացքում քաղաքականապես հեռու էր մնում Արցախից, մինչդեռ Ստեփանակերտը ողջ ուժով փորձում էր հանդես գալ որպես անկախ պետություն, և երկուսն էլ հետևել են Մոսկվայի հրահանգներին, որը 10 տարին մեկ պարտաճանաչորեն Թուրքիայի հետ մեկտեղ հավատարմության երդում է տալիս 1921 թվականի Կարսի պայմանագրին։

Երևանի և Ստեփանակերտի քաղաքական և իրավական հարաբերությունները հասել են այնպիսի խառնաշփոթ վիճակի, որ երկար ժամանակ կպահանջվի պարզելու համար, թե ով ում քաղաքացին է և ինչ իրավունքներ ունեն հայկական անձնագրեր ունեցող արցախցիները։ Բայց 1989 թվականի որոշումը մնաց ուժի մեջ, և Ալիևն այժմ պահանջում է չեղարկել հենց այդ որոշումն, որը հիմքերի հիմքն է։

Մինչև 2018 թվականը Հայաստանը փորձում էր անհեթեթ, անօրինական որոշումներով թաղել Արցախի հարցը՝ փորձելով կասեցնել թարախային ֆուռունկուլը։ 2018 թվականից հետո թարախը դուրս եկավ, բայց ապաքինելու փոխարեն որոշվեց անդամահատել ողջ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող օրգանը։

Ո՛չ 2018-ից առաջ, ո՛չ դրանից հետո Հայաստանի իշխանությունները չկարողացան իրականացնել 1989-ի որոշումը՝ նրանք դրա համար բավարար քաշային կարգ չունեն։ Չկարողանալով լուծել այս հարցը՝ 2020 թվականից հետո Հայաստանի կառավարությունը Արցախի հարցում կիրառեց նոր քաղտեխնոլոգիա կամ թունավոր զենք՝ ատելություն Արցախի ժողովրդի նկատմամբ, որը նպատակ ունի թունավորել հայ ժողովրդի ուղեղը՝ մինչև նրանք պատրաստ լինեն 1989 թվականի որոշումը և հայոց պետականության հիմքերը մերժելու։

Ժամանակ առ ժամանակ կառավարական կոյուղիներից գարշահոտ է հորդում, որը ոչ միայն պետք է քողարկի բաց վերքից թարախի հոտը, այլեւ վերջնականապես սպանի հայի մարմինը։ Այս թունավոր, գարշահոտ գոլորշին թունավորում է ողջ հայ հասարակությանը՝ մահացու անդամահատումից առաջ անզգայացման պես։

Նաիրա Հայրումյան

 

Ո՞ւմ դրած ականի պայթյունից է վիրավորվել հայ զինվորը

Ականի պայթյունից Գեղարքունիքի մարզում զինծառայող է վիրավորվել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:

Ո՞ւմ ականի վրա է պայթել հայ զինվորը։

Բաքուն վերջին շաբաթներին կրկին բարձրացրել է Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների «անճշտության» հարցը՝ նշելով, որ վերջին շրջանում եղել են ականների պայթյունների դեպքեր։ Փաստորեն, ականի պայթյուն է տեղի ունեցել նաև հայկական կողմից, և դա հարցեր է առաջացնում։

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ  Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:

«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին` հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով հավաքագրել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- գրել է Բադալյանը։

Նա շեշտել է՝ Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Ուստի Հայաստանը նախկինի պես հիմա էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել դրանց ճշգրտությունը։

Բադալյանը հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը ապրիլի 9-ին աճել են մինչև 104 տոկոս

Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 9-ին՝ Արևելյան ժամանակով կեսգիշերին (Մոսկվայի ժամանակով առավոտյան 7:00-ին): ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հետաձգել այդ քայլը, ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Պեկինը վրեժխնդիր լինելով սխալվեց,- ասում է Լևիթը,- որովհետև երբ Ամերիկայի վրա ​​հարձակվում են, նա ավելի ուժեղ է պատասխան հարվածում»:

Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը և Պեկինը ցանկանում են համաձայնության գալ, բայց չգիտեն, թե ինչպես դա անել, նաև նշել է Լևիտը։ Միևնույն ժամանակ, Թրամփը խոստանում է «հավանություն ցուցաբերել, երբ Չինաստանը ձեռք մեկնի իրեն» և սպասում է Պեկինից զանգի, հավելել է նա։

Մեկ օր առաջ Թրամփը բացառեց Չինաստանի հետ հետագա բանակցությունները մաքսատուրքերի վերաբերյալ և սպառնաց Չինաստանին նոր կոշտ առևտրային տուրքերով: Եթե ​​Պեկինը մինչև ապրիլի 8-ը չչեղարկի ամերիկյան ապրանքների 34 տոկոս մաքսատուրքերը, ապրիլի 9-ից ուժի մեջ կմտնեն չինական ապրանքների համար 50 տոկոս մաքսատուրքերը, զգուշացրել է նա։ Բացի այդ, ապրիլի 9-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ չինական ապրանքների 34 տոկոսի չափով հատուկ տուրքերը, որոնց մասին Թրամփը հայտարարել էր մի քանի օր առաջ։ Մինչ այս ԱՄՆ-ն արդեն իսկ ուներ 20 տոկոս մաքսատուրք չինական ապրանքների վրա։

Այսպիսով, դրանց ընդհանուր չափը կազմել է 104 տոկոս։

Արցախի Սահմանադրությունը կփոխվի․ ԱԺ նիստ կգումարվի

Արցախի հանրապետության սահմանադրական փոփոխությունների օրակարգով առաջիկայում Արցախի ԱԺ նիստ կգումարվի։ Այն ուղղված կլինի ապահովել Արցախի պետական ինստիտուտների՝ նախագահի ու ԱԺ-ի գործառույթների շարունակականությունը՝ մայիսի 21-ից հետո։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, ապա՝ ուղարկվել Արցախի Գերագույն դարարան, որը Արցախի պետական կառույցում ունի Սահմանադրական դատարանի գործառույթ։
«Գերագույն դատարանն օրենսդրական նախաձեռնությունը համարել է Արցախի սահմանադրությանը համապատասխան», – այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս օրենսդրական բարեփոխումը թույլ կտա խուսափել ֆորսմաժորային իրավիճակից ու պահպանել Արցախի Հանրապետության ԱԺ և նախագահի լիազորությունները։

Լիլիթ Բլեյան․ Ես չեմ անցել Հակարիի կամրջով։ Իմ ամբողջ կյանքը չի մնացել կամրջի այն կողմում

Lilit Bleyan-ը գրում է․

Ես չեմ անցել Հակարիի կամրջով։ Իմ մանկությունը, պատանեկությունը, իմ ամբողջ կյանքը չի մնացել կամրջի այն կողմում։ Ես չեմ փորել-հանել թանկ մարմինները քաղաքի կամ գյուղի գերեզմանոցից, որպեսզի հետո գոնե Հայաստանում կարողանամ այցելել նրանց։ Իմ տղան, իմ եղբայրը, իմ հայրը, իմ սիրելին ամբողջ կյանքում դիրքապահ չեն եղել` պաշտպանելով իմ գյուղի ու քաղաքի բարձունքը, ու չեն զոհվել այնտեղ ո’չ 2020-ի սեպտեմբերին, ո’չ էլ 2023-ի սեպտեմբերի երկօրյա կռվի ընթացքում։
Իմ ձեռքերով ու իմ երազանքով կառուցած, փայփայած, ամեն անկյունը հարդարած ու միակ իմ տանը ես վերջին հայացքով չեմ նայել` ընտրելով իմ երեխեքի խաղալիքներից միակն ու ամենասիրելին, որ կարողանամ սակավաթիվ իրերի հետ անցկացնել Հակարիի կամրջով ու փրկվել։
Ես մազապուրծ չեմ փախել իմ գյուղից` երեխաներիս հետ թաքնվելով նկուղներում, փորձելով հասկանալ, թե ինչպես գտնեմ ապահով ճանապարհ, որտեղից կկարողանամ գոնե Ստեփանակերտ հասնել։ Իմ ամբողջ կյանքի իմաստը, հայրական տունը, իմ ամեն օրվա հայացքը զարդարող իմ կանաչ սարն ու Գանձասարը ես ստիպված չեմ եղել թողնել ընդամենը մի քանի րոպեում, որ հասցնեմ փրկել պստիկ աղջկաս, երբ նույն րոպեներին մեր գյուղի դիրքերում զոհվում էին իմ եղբայրները։
Մի կերպ փրկված, բայց աշխարհի ամենաթանկ ու միակ սիրելի անկյունը` իմ գյուղը թողած` ես չեմ ապաստանել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում` անորոշության ու վախի մեջ, չիմանալով, թե ինչ է լինելու մի քանի ժամից։ Եվ իմ եղբայրն ու ամուսինը չեն նետվել բենզինի գոնե մի քանի լիտր ձեռք բերելու, որ հետո երեք օր շարունակ անցնենք սարսափների ճանապարհը դեպի Հակարի։
Իմ եղբայրն ու ամուսինը, իմ հայրն ու տղան չեն զոհվել մեկ վայրկյանում կամ ավելի ուշ` տանջվելով բենզակայանի պայթյունից ստացած սարսափելի այրվածքներից։
2020-ից սկսված դժոխքը, որ շարունակվեց ու խորացավ շրջափակման 9 ամիսների ընթացքում, հետո իր արյունոտ կուլմինացիային հասավ սեպտեմբերի 19-ին, պսակվեց այդ դժոխային կաթսայի պայթյունով` վերացնելով հույսը։ Ու այդ բոլոր տարիների ու սարսափների ցավը գրկած` ես հետո չեմ անցել դեպի Հակարի այդ սարսափի ճանապարհը` երեք օրվա ընթացքում ճանապարհին տեսնելով նոր մահեր, ահաբեկված երեխեքի, դեպի անորոշություն գնացող մարդկանց։
Ես չեմ հիմա ամեն օր` առավոտյան աչքերս բացելիս, ցերեկը աշխատանքի ճանապարհին, երեխեքին դպրոց ու պարտեզ տանելիս, իմ տասնապատիկ դժվարացած կյանքի հոգսը հոգալիս բոլոր անկյուններում տեսնում իմ հեռու, սիրելի աշխարհի, իմ ամենաթանկ քաղաքի կամ գյուղի պատկերները, իմ տան լուսամուտի տեսարանը, իմ երեխեքի սենյակի խաղաղությունը, իմ տան ջերմությունը` իմ տան, որի բանալիները մինչև հիմա պայուսակիս մեջ են։
Ես չեմ ստիպված ամեն օր ինձ ուշքի բերում, որ կարողանամ շարունակել ապրել, ստիպված ինչ-որ բաներ թխել, գործել, վաճառել, որ կարողանամ տարրական կյանք ապահովել, մտքումս շարունակելով ապրել էնտեղ, որտեղ մնացել է իմ ամենաթանկ մասը։
Ես էդ ամեն ինչը չեմ արել, էդ ամենն ինձ հետ չի կատարվել։
Բայց ես էդ ամեն ինչը զգում եմ։ Ես ամեն օր իմ արցախցի ընկերների հետ խոսելիս, նրանց հետ կատակներ փոխանակելիս ու կենցաղային հարցեր քննարկելիս, ամեն րոպե զգում եմ ամեն դետալը, ամեն չլավացած վերքը, ինչքան էլ նրանք փորձեն ինձ խնայել ու չխոսել։ Իրենց վերքը փակելով` ուզում են ինձ խնայել, պատկերացնո՞ւմ եք։
Էդ վերքը թաց է, ու դեռ երկար չի լավանալու։ Ու դա մեր բոլորի մեծ վերքն է։ Արցախի կորուստը մեր բոլորի մեծ, անպատկերացնելի մեծ վերքն է։ Բոլորինս։
Ու մենք, փոխանակ բուժքրոջ, բուժեղբոր պես էդ վերքը խնամելու, բուժելու, հույս արթնացնելու, վերցնում ենք դանակներն ու խրում ավելի՞։
Ու՞ր։ Մեր սեփական սրտի մեջ։
Ովքե՞ր են մեզ դրդում էս խելագար ինքնասպանությանը։

Հայաստան հիմնադրամ․ արցախցի Հայկազ Օրդյանի տան վերակառուցումն ավարտված է

Նոր տուն Օրդյանների համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և նրա դոնորների աջակցությամբ ավարտվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Հայկազ Օրդյանի տան վերակառուցման աշխատանքները:

Արդյո՞ք այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարցեր է ուղղել ՀՀ ԱԳՆ–ին։

«1. Ինչու՞ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին:

  1. Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ եք տալիս Ադրբեջանին անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները:
  2. Արդյո՞ք դուք երբևէ հղում եք արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի:
  3. Արդյո՞ք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարար հիմք է անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը:
  4. Արդյո՞ք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացել է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ:
  5. Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչու՞ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչու՞ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:
  6. Արդյո՞ք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:
  7. Ինչու՞ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ կերպով մղելով մեր ժողովրդին սովամահության:
  8. Ինչու՞ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը:
  9. Ինչու՞ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն ‘վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից:
  10. Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու:
  11. Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ու՞մ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները…»։